Բաժիններ՝

Աշխարհում Apple-ի համակարգիչների վաճառքները նվազել են 11 տոկոսով. IDC

Apple ընկերության արտադրության iMac սեղանի համակարգիչների եւ MacBook նոութբուքերի համաշխարհային վաճառքները 2018 թվականի երրորդ եռամսյակում 11 տոկոսով կրճատվել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները: «Apple-ը երրորդ եռամսյակն ավարտել է հինգերորդ տեղում:

Ընկերության վաճառքներն ավելի քան 11 տոկոսով նվազել են նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ»,-նշվում է IDC-ի հաշվետվության մեջ: Ընդամենը նշված ժամանակաշրջանում ամերիկյան հսկային հաջողվել է ամբողջ աշխարհում իրացնել 4,7 մլն iMac եւ MacBook:

Ընդ որում, ինչպես հետեւում է հետազոտությունից, Apple-ը միակ ընկերությունն է անձնական համակարգիչ արտադրողների համաշխարհային հնգյակում, որի վաճառքների ծավալներն անցած եռամսյակի ընթացքում նվազել են 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

Apple-ի վերաբերյալ նորությունների բնագավառում մասնագիտացած 9to5mac.com պորտալն այս անկումը բացատրում է նրանով, որ ամբողջ աշխարհում սպառողներն սպասում են ամերիկյան ընկերության անձնական համակարգիչների եւ նոութբուքերի նոր մոդելների ավանդական շնորհանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս