1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Դեռ 24 տարեկան...» համերգային ծրագրում կհնչեն տարաբնույթ ստեղծագործություններ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Դեռ 24 տարեկան...» համերգային 
ծրագրում կհնչեն տարաբնույթ ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: 
Մինչ հոբելյանը տոնելը, երգչախումբը հանդես կգա «Դեռ 24 տարեկան...» խորագրով համերգային ծրագրով: Կհնչեն ինչպես բարդ, այնպես էլ` թեթև, կատակ ստեղծագործություններ: Համերգային ծրագիրը տեղի կունենա
դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երգչախմբի գործունեության և սպասվող համերգի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ:

-Պարոն Հեքեքյան, ի՞նչը խթան դարձավ, որ դուք 1992 թվականին`Հայաստանի համար բավականին ծանր տարիներին, հիմնադրեցիք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

-Ես բարդություններից չեմ վախենում, հակառակը` ընդվզում եմ դրանց դեմ: Այդպես եղավ արցախյան շարժման ժամանակ, մութ ու ցուրտ տարիներին, մեր անկախացման սկզբնական շրջանում: Ես որոշեցի մի բան անել բոլոր նրանց համար, ովքեր մնում են երկրում: Ինձ համար դժվար չէր գնալ Հայաստանից. հրավերներ  ունեի, գայթակղիչ առաջարկներ շատ կային, բայց մնացի: Իմ սաներին անգամ ասում էի՝ երբ մայրդ հիվանդ է, դու չես կարող նրան թողնել, գնալ ապրել մի բարեկեցիկ կնոջ մոտ, մինչև մայրդ կլավանա կամ ոչ: Պետք է մնալ հայրենիքում և բարձրացնել նրա վարկանիշը: Այդ տարիներին ադրբեջանական քարոզչության շնորհիվ Հայաստանը Եվրոպայում դիտարկվում էր որպես ագրեսոր:

Կարևոր էր, որ հայ տաղանդավոր երեխաները շրջեին աշխարհով մեկ: Երգչախումբը մասնակցում էր միջազգային փառատոնների, մրցույթների, արժանանում ոսկե մեդալների և, ամենակարևորը, խոսում էր Հայաստանի մասին: Կատարում էինք Մաշտոցից սկսած մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր, համաշխարհային երաժշտության նմուշներ էինք ներկայացնում: Ապացուցում էինք, որ այսպիսի մշակույթ ունեցող երկիրը չի կարող ագրեսոր լինել:

- Ըստ ձեզ՝ ո՞րն է երգչախմբի հաջողությունների գրավականը:

-Աշխատանքը: Մի անգամ երեխաներից մեկը կրկնեց մեծերից մեկի խոսքը, որ տաղանդը 0 է, աշխատասիրությունը՝ 1 : Եթե 1-ը դնես 0-ից առաջ, կդառնա 10:

- Տարիների ընթացքում երգչախմբի փոքրիկ կատարողները փոխվում են: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նոր երգիչներին: Նոր ձայներից երգչախմբի հնչողությունը չի՞ փոխվում:

-Սկզբում ընտրում էի երեխաներին՝ հաշվի առնելով նրանց ձայնը, լսողությունը, արտաքին տվյալները: Ես երկիր եմ ներկայացնում, և երգիչները պետք է նաև գեղեցիկ լինեն: Անցան տարիներ: 2001-ին մեզ շնորհվեց «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսը, մեկ տարի անց դարձանք աշխարհի լավագույն մանկական երգչախումբը:

Նվաճումները շատ էին, ավելին չէր կարող լինել: Որոշեցի երգչախմբի դռները բացել բոլոր երգել ցանկացողների առաջ: Եթե կան փոքրիկներ, որոնք ուզում են երգել, ես չեմ կարող նրանց մերժել, և եթե այս հանրապետությունում կան ծնողներ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխան կրթվի, ապա ես իրավունք չունեմ ասել՝ ոչ: Սկսվեց սարսափելի մի բան. գալիս էին երեխաներ, որոնք լսողություն չունեին, նոտաներ չգիտեին և այլն: Դժվար էր, սակայն վաղուց երգող երգիչները կարողանում էին  դաստիարակել նորերին և, խառնարանի միջով անցկացնելով, դարձնում ավելի լավը:

Մենք ունենք ձայնասկավառակ, որը թողարկել ենք 2009-ին: Դրանում զետեղված են տասը տարվա ընթացքում ձայնագրված ստեղծագործություններ: Երգչախմբի հնչողության  տարբերությունը մեծ չէ:

-Ինչպես նշեցիք, համերգային ծրագրերով ելույթներ եք ունեցել բազմաթիվ երկրներում: Եթե հետադարձ հայացք նետեք ձեր արած աշխատանքին,  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Առանց մտածելու կասեմ՝ Երգչախմբային արվեստի վեցերորդ համաշխարհային գիտաժողովը: Երեխաներին ասում էի, որ, գիտաժողովին ելույթ ունենալով, կամ տապալվելու են, և նրանց երկար տարիներ ոչ ոք չի ցանկանա լսել, կամ կարող են տիեզերք թռչել: Գիտաժողովին ներկա են լինում աշխարհի ամենահայտնի խմբավարները, երաժշտագետները, կոմպոզիտորները, մենեջերները, և լավագույնս հանդես եկած երգչախմբերի մասին լուրերը ելույթների հաջորդ օրը տարածվում են աշխարհով մեկ:

Փոքրիկներին զգուշացրել էի` իրենց լսելու են երգչախմբային արվեստի մեծերը, որոնք իրենց կյանքի ընթացքում հազարավոր լավ երգչախմբերի են ունկնդրել, և եթե ծափահարեն, դա արդեն լավ է: Ելույթին տրամադրված էր 20 րոպե, այնինչ 17-րդ րոպեին ողջ դահլիճը ոտքի կանգնեց ու սկսեց ծափահարել, երեխաներն արտասվեցին:

-Իսկ ո՞րն է երգչախմբի անմոռանալի շրջագայությունը:

-Ամենահիշարժանը երգչախմբի առաջին ուղևորությունն էր: Խենթություն էր, որը երևի հիմա չեմ անի: Երկու ամսվա ընթացքում երգչախմբով շրջեցինք Եվրոպայի յոթ երկրներում, ԱՄՆ-ի 15 նահանգներում: Հրաշալի համերգների, մրցույթների մասնակցեցինք, ոսկե և արծաթե մեդալների արժանացանք: Տպավորիչ էր ուղևորությունը Ճապոնիա: Ճապոնացիները շատ զուսպ են, բայց մեր ելույթները հոտնկայս ընդունեցին:

-Վերջերս վերադարձաք Իսրայելից

-Հաճելի է, երբ Իսրայելի պես հզոր երկրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին բուռն ծափողջյուններով են ընդունում: Տեղի երաժիշտները շեշտում էին, որ իրենք մեր երգչախմբի նմանը երբևէ չեն տեսել: Մենք հրաշալի պահեր ապրեցինք այնտեղ և մեծ գոհունակությամբ վերադարձանք Հայաստան:

-Առաջիկայում երգչախմբային արվեստի սիրահարներին մեծ տոն է սպասվում: Կպատմե՞ք «Դեռ 24 տարեկան…»  համերգային ծրագրի մասին:

-Երգացանկն ընտրել են երեխաները: Սովորաբար հարցնում եմ, թե ի՞նչ են ցանկանում կատարել, բայց այս անգամ ամբողջ ծրագիրը նրանք են կազմել: Մի քանի բարդագույն ստեղծագործությունների կողքին կհնչեն հանրահայտ և կատակային բազմաթիվ գործեր: 

Հյուրեր ենք ունենալու` ակորդեոնահար, սաքսոֆոնահար: Երկրորդ բաժնում ջազային, փոփ երաժշտություն կներկայացվի, վերջում երգչախմբի մեծերի խմբին կմիանան նաև փոքրերը` հանդես գալով երկու-երեք համարով:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]