Իսպանիան ցրել է Կատալոնիայի վարչակազմն ու խորհրդարանը

Իսպանիան ցրել է Կատալոնիայի վարչակազմն ու խորհրդարանը

PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել Կատալոնիայի վարչակազմը և խորհրդարանը ցրելու, ինչպես նաև տարածաշրջանում ուղիղ կառավարում հաստատելու մասին: Որոշումը կայացվել է կառավարության արտահերթ նիստում հոկտեմբերի 27-ին:

Բացի այդ, որոշվել է 2017-ի դեկտեմբերի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Կատալոնիայում, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել երկրի վարչապետ Մարիո Ռախոյին Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությանը իշխանությունից հեռացնելու հարցում: Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման օգտին է քվեարկել 214 սենատոր, դեն՝ 47-ը, 1-ը ձեռնպահ է մնացել: Քվեարկության արդյունքը կանխորոշված էր, քանի որ Ժողովրդական կուսակցությունը, որին պատկանում է նաև վարչապետ Ռախոյը, մեծամասնություն ունի Սենատում:

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախակողմյան կուսակցության և «Միասին՝ այո» կոալիցիայի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ևս 2-ը չի մասնակցել քվեարկությանը:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---