211652_close_icon
views-count5585 դիտում article-date 12:28 25-05-2018

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/934892.html]Արմենպրես[/url]»-ը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնում է, որ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության մեջ: Ազատ Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին: Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին և ում ընկերության շուրջ էլ ծավալվել է կոռուպցիոն սկանդալը: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, թե Մարտիրոսյանն ու Լեսկովն աշխատում են էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերությունում: Նրանք կասկածվում են փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու գործողությունների մեջ՝ ի շահ ԱՄՆ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության: Ենթադրյալ ապօրինի գործողություններով նրանք նպատակ են ունեցել պայմանագիր կնքել, որով ընկերությունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու ծառայություններով ապահովեր Ղազախստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցման գործընթացը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Gravitas ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Կոնտոգուրիսը, Rolls-Royce-ի նախկին աշխատակիցներ ու ղեկավարներ ենթադրաբար ապօրինի կերպով կաշառք են վճարել օտարերկրյա պաշտոնյաներին Rolls-Royce Energy Systems Inc.-ի հետ ուղղակի գործարքի մեջ մտնելու դիմաց: Rolls-Royce Energy Systems Inc.-ը Միացյալ Թագավորությունում գործող և ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, ծովային, էներգետիկ սեկտորների համար էներգետիկ համակարգերի համաշխարհային արտադրող և մատակարարող ընկերության դուստր ձեռնարկությունն է: Մեղադրական եզրակացությունում ասվում է, թե Կոնտոգուրիսը, համագործակցելով էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերության աշխատակիցների, այդ թվում և Մարտիրոսյանի ու Լեսկովի հետ, Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce-ը «ատկատներ» է վճարել խորհրդատվական ընկերությանը ու կաշառել առնվազն մեկ օտարերկրյա պաշտոնյայի Ղազախստանում: Այնուհետև այդ վճարումները թաքցվել են որպես Կոնտոգուրիսի ընկերության՝ Gravitas-ի կոմիսիոն վճարներ, ինչի դիմաց Gravitas-ը օգնել է Rolls-Royce-ին շահել Asia Gas Pipeline LLP ընկերության հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող գազատար կառուցելու նպատակով, ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, պետք է անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցեին Asia Gas Pipeline-ին: Մեղադրական եզրակացությունում նշվում է, թե Asia Gas Pipeline-ը 2009 թվականի նոյեմբերին շուրջ 145 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Rolls-Royce-ի հետ: Rolls-Royce-ը կոմիսիոն վճարումներ է արել Gravitas-ին, ինչից հետո Կոնտոգուրիսը համապատասխան վճարումներ է արել խորհրդատվական ընկերության աշխատակիցներին, այդ թվում և Մարտիրոսյանին ու Լեսկովին, ում տրամադրված գումարի մի մասն էլ բաժին է հասել ենթադրյալ կոռումպացված համաձայնագրի կնքմանը նպաստած պաշտոնյային:

Նմանատիպ նյութեր