Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» համերգաշարը


Այս տարի լրանում է Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանը, որի առիթով էլ մի շատ ուշագրավ ուխտագնացություն է կազմակերպել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». այսպես է կոչվում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությունը, որի շրջանակում ողջ տարվա ընթացքում Ֆիլհարմոնիկ նվագախումբը կհնչեցի բեթհովենյան լավագույն ստեղծագործությունները։

Ուխտագնացության անդրանիկ համերգը տեղի կունենա այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կղեկավարի աշխարհահռչակ ամերիկացի դիրիժոր, Գրեմմիի մրցանակակիր Ջոն Նելսոնը։ Որպես մենակատար հանդես կգա անվանի գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը։ Կհնչեն Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան և Մոցարտի դաշնամուրի 17-րդ կոնցերտը։

Համերգին ընդառաջ հրավիրած ասուլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար էդուարդ Թոփչյանն ասաց. - «Իհարկե մենք պետք է կատարենք Բեթհովենի բոլոր սիմֆոնիկ գործերը, բոլոր սիմֆոնիաները, բոլոր կոնցերտները, ուվերտյուրաները և այլն։ Դրանից բացի, մեր ծրագրի մեջ, իհարկե, կլինի Բեթհովենի կամերային երաժշտությունը, որը հսկայական կարևորություն ունեցող մաս է հենց Բեթհովենի ստեղծագործական կյանքում՝ դաշնամուրի սոնատները, թավջութակի սոնատները, ջութակի սոնատները, կվարտետները։ Իսկապես ծավալուն և բազմակողմանի ծրագիր է լինելու։ Ներգրավված են լինելու շատ փայլուն երաժիշտներ»։

Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը նշեց. - «Մենք հաճախ ենք խոսում, որ մենք եվրոպական արժեքների կրող, եվրոպական արժեքները պահպանող երկիր ենք, բայց շատ հաճախ մեր այս ձևակերպումները խորքային մեկնաբանություն չեն ստանում և խորքային ձևակերպումներ չեն ստանում։ Եվ կարծում եմ, որ սա փայլուն առիթ է, որպեսզի մենք՝ մեր երաժշտասեր հասարակությունը, մեր պրոֆեսիոնալ երաժշտական հանրությունը հերթական անգամ ընդգծի, որ մենք ոչ միայն ունենք բուն ազգային արժեքներ, այլև մենք միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային և ձուլում մեր ազգային մշակույթին այնպես, որ այլևս որևէ տարբերակում արժեվորման, գնահատման և ընկալման տեսակետից չենք դնում, ասենք, Արամ Խաչատրյանի և Բեթհովենի միջև»։

Արտասահմանից ժամանած անվանի երաժիշտներն ասացին, որ հաճույքով են ընդունել բեթհովենյան ուխտագնացության առաջին համերգին մասնակցելու հրավերը։

Համերգի դիրիժոր Ջոն Նելսոնը շեշտեց, որ 12 տարի առաջ է հանդես եկել Հայաստանում, և այս օրերի փորձերի ընթացքում հասկացել է թե այս ժամանակահատվածում ինչ առաջընթաց է ապրել նվագախումբը։

Էդուարդ Թոփչյանը հավելեց, որ նախաձեռնության շրջանակներում համերգները կլինեն առնվազն ամիսը մեկ-երկու անգամ. - «Մարտի 20-ին ունենք հաջորդ համերգը՝ Բեթհովեն 1-ին սիմֆոնիա և Շոստակովիչ 13-րդ սիմֆոնիա։ Մարտի 26-ին ունենք ամբողջությամբ Բեթհովենի ծրագիր, որովհետև Բեթհովենի մահվան օրն է դա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG