Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show միջազգային ցուցահանդեսում միանգամից երկու ընկերություններ՝ Samsung-ը և ոչ հայտնի չինական Royole-ը, ներկայացրել են ճկուն էկրաններով ծալովի սմարթֆոնների սերիական մոդելները, հաղորդում են Engadget-ը և The Investor-ը:
Royole-ի FlexPai սմարթֆոնը, որի նախատիպը առաջին անգամ ցուցադրվել է 2018-ի վերջին, ունի 1920×1440 պիքսել թույլատրությամբ 7.8 դյույմանոց AMOLED էկրան: Այն հնարավոր է կիսով չափ ծալել:
Սարքը համալրված է Snapdragon 855 չիպով, ունի 6 կամ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 128 կամ 256 ԳԲ ներքին հիշողություն և երկու տեսախցիկ՝ 20 և 16 մեգապիքսել թույլատրությամբ: Սմարթֆոնը հնարավոր է գնել 1300 դոլարով:
Engadget-ի լրագրողի խոսքերով, սարքը որպես պլանշետ լավ է աշխատում, սակայն սմարթֆոնի ռեժիմի համար ընկերությունը դեռ չի կարգավորել ինտերֆեյսը. էկրանի կեսը երբեմն չի աշխատում:
Samsung-ն իր սարքի շնորհանդեսը փակ է կազմակերպել: Ներկա գտնվող լրագրողները նշել են, որ նախատիպը դեռ լիովին պատրաստ չի եղել: Korea Herald-ի գործադիր տնօրենն ասել է, որ բացված վիճակում էկրանը բացարձակապես հարթ է և աշխատում է առանց խնդիրների, սակայն այն ամբողջությամբ ծալել դեռևս հնարավոր չէ, կարող է կոտրվածք առաջանա: Այժմ ընկերությունն աշխատում է այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Սմարթֆոնը պետք է վաճառքում հայտնվի 2019-ի առաջին կեսին դեռևս միայն Հարավային Կորեայում և կարժենա մոտ 1850 դոլար: