Մինչև 2019-ը պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասով. փորձագետ
Թուրքիան այսօր արտաքին աշխարհի հետ խնդիրներ ունի, նաև ներքաղաքական խնդիրներ կան այդ երկրում, և այդ ֆոնին միամիտ կլինի մտածել, որ Թուրքիան կզբաղվի հայ-թուրքական հարաբերություններով: «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«Անիմաստ է ինչ-որ բան սպասել Թուրքիայից: Այստեղ է, որ պետք է Հայաստանն ու Սփյուռքը սկսեն միակողմանի քայլեր անել: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ԱՄՆ-ում: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լրջագույն փչացում է գնում: Վերջին քայլերն են, երբ սկսում են վիզաներ չտալ, դիվանագետներին հետ ուղարկել, ձերբակալել: Մենք կարող ենք դա օգտագործել»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի խոսքով, ակնհայտ է՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի:
«Ես սպասում եմ, որ չեղարկվի ստորագրությունը: Իհարկե, այդ արձանագրություններն իրենց իսկ գոյությամբ արդեն իսկ բացասական հետևանք թողել են, որովհետև մենք չգիտենք, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ճանաչումների ինչպիսի ալիք կլիներ, այսինքն՝ իրենց ինչ-որ չափով հաջողվեց և օգնեց: Ես ինքս տարբեր խոսակցությունների մեջ եմ եղել, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթաց կա, մի փորձեք նման քայլեր անել, որովհետև փակուղի կմտնի գործընթացը: Թուրքերն այս փաստաթուղթն օգտագործեցին առավելագույնը»,-ասաց Ա. Պապյանը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն ասաց, որ Անկարայում հայ-թուրքական խնդիրը ոչ բոլորն են կապում ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ոմանք կապում են ռուսական ազդեցության հետ, ոմանք՝ Գյուլ-Էրդողան անձնական շփման մակարդակում հարաբերությունների հետ:
«Այսօր Անկարան զբաղված է ներքաղաքական հարցերով, ներքին մոբիլիզացիայի խնդիր կա: Անկարան պատրաստվում է 2019 թվականի ընտրություններին՝ տեղական, խորհրդարանական, նախագահական: Մինչև այդ պետք չէ ակնկալել, որ Թուրքիայում որևէ բան կլինի կապված հայ-թուրքական հարաբերությունների մասով: Այսօրվա անգամ առաջին քսանյակում չկա հայկական խնդիրը կամ արձանագրությունները, առավել ևս Ցեղասպանության հետ կապված հարցեր, եթե ղարաբաղյան հարցում որևէ լուրջ առաջընթաց կամ գործընթաց չլինի, որովհետև իսկապես դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված են»,- ասաց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Կ. Մանոյան
- Թուրքիայի դատախազությունն ԱՄՆ հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացրել
- Թուրք նախարարը հրաժարվել է հանդիպել ամերիկացի դեսպանի հետ
- Դավիթ Հովհաննիսյան. Հայ-թուրքական արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին
- ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը
- ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները