«Ադրբեջանը կարգավորման ապագա բանակցությունների նախաձեռնությունը փորձում է վերցնել իր վրա». Լուկիանով

«Հաջորդ տարի ակտիվ բանակցություններ կլինեն, բայց վստահ չեմ, որ կողմերը կգան համաձայնության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են մեծ հույսեր կապել 2019թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին «համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

«Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին՝ տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, թե մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք, «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»:

Իր հերթին՝ Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ 2019թ. ղարաբաղյան բանակցությունների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի:

Ռուս դիվանագետը նշել է՝ ինքը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում կարգավորման գործընթացում նկատվող վերջին միտումները: «Անցնող տարին անարդյունավետ չես որակի, կարգավորման համար հիմք է դրվել, հակամարտության կողմերը հանդիպել են, հունվարին էլ ևս մեկ հանդիպում է նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև,- փաստել է Ռուսաստանի դեսպանը: -Ռուսաստանը ողջունում է բանակցություններում նկատվող դրական միտումը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել այդօրինակ մթնոլորտի կայացմանը»:

Միևնույն ժամանակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այդ հայտարարություններին՝ ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որևէ նորություն չկա: «Ինձ, անկեղծ ասած, զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա, և այլն։ Երբ որ նրանք խոսում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ… Իսկ ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չի այնպիսի կանխավարկած, առնվազն Հայաստանի կառավարության տեսակետից, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը»,- ասել էր Փաշինյանը։

Լուկիանովն արձանագրեց, որ ադրբեջանական կողմը կարգավորման  ապագա բանակցությունների նախաձեռնությունը փորձում է վերցնել իր վրա՝ թելադրելով առաջիկա բանակցությունների օրակարգը:

Ըստ նրա՝ այս հայտարարություններով պարզ է դառնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել կարգավորման այն սկզբունքների շուրջ, որոնց իրենք կողմ են եղել և որոնց դեմ են եղել:

«ՀՀ վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի դիրքորոշումը ևս չի փոխվել, բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հասկանալի է, քանի որ հայկական կողմը՝ ինչպես ամիսներ առաջ, չի շարունակում պնդել իր դիրքորոշումը բանակցություններին Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ՝ երևի թե հասկանալով, որ դա փակուղի կմտցնի բանակցային գործընթացը: Բայց, ըստ էության, եթե կողմերի դիրքորշումները չեն փոխվել, ի՞նչ առաջընթաց է ակնկալում ադրբեջանական կողմը և ինչո՞ւ, ինչպե՞ս: Նույն սպասումները կան նաև Ռուսաստանում, արդեն մի քանի հայտարարություններով նման ակնկալիքներ է արտահայտել ռուսական կողմը՝ իր հավանությունն ըստ էության տալով ադրբեջանական կողմի քայլերին: Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ ակտիվորեն առաջ մղել սեփական օրակարգը, եթե այն տարբերվում է ադրբեջանական օրակարգից, այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը դեմ չէ նույնիսկ որոշ հարցերում ադրբեջանական մոտեցումներին: Սակայն հարկ է ընդգծել, որ վերջին շրջանի ողջ առաջընթացը հիմնված է եղել այս ակնկալիքների վրա, այն հանգամանքի, որ դեռևս լուրջ հարցերի շուրջ բանակցություններ չեն եղել, այլապես դժվար է ենթադրել, թե ինչու է փոխվել կողմերի հռետորաբանությունը, եթե ոչինչ չի փոխվել: Ուրեմն կան սին ակնկալիքներ»,- ասաց Լուկիանովը:

Խոսելով Ռուսաստանի մոտեցումներից` Լուկիանովն ասաց` Միացյալ Նահանգների ակտիվությունը նկատելով հակամարտության գոտում՝ Ռուսաստանը պետք է փորձի ինքը նպաստել առաջընթացին հակամարտությունում հնարավորինս պակասեցնելու համար ամերիկյան ակտիվության անհրաժեշտությունն ու հնարավորությունը:

«Ռուսաստանը եղել է ամենաազդեցիկ միջնորդներից մեկը, սակայն ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կան ակնկալիքներ նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի հետ հարաբերությունների և արտաքին ավելի լայն քաղաքականության տեսանկյունից, որը ներառում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Ռուսաստանը պահպանելու է իր ավանդական քաղաքականությունն այստեղ՝ համագործակցելով այն կողմի հետ, որը կցանկանա, և չպարտադրելով համագործակցություն այն կողմին, որը դա չի ցանկանա»,- ասաց Լուկիանովը:

Նրա խոսքով՝ 2019թ. ընթացքում ակտիվ բանակցություններին այլընտրանք չկա: «Ակտիվ բանակցություններ կլինեն, բայց վստահ չեմ, որ կողմերը կգան համաձայնության, քանի որ ադրբեջանական այդ մոտեցումները շեշտակի տարբերվում են Արցախում ապրող բնակչության տեսակետներից, և մոտ ապագայում ևս ինձ համար կոնսենսուսը քիչ հավանական է թվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս