211652_close_icon
views-count1515 դիտում article-date 19:45 13-02-2019

«Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու». ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց նաև անցումային արդարդատության թեման: Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, գիտական խորհրդի անդամները և ուսանողներ: Քննարկման սկզբում զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը: Վերջինս՝ որպես փորձագետ, անդրադարձավ անցումային արդարդատությանը վերաբերող մի շարք հարցերի: «Նախ պետք է նշեմ, որ անցումային արդարադատություն եզրույթը պետք է ավելի լայն իմաստով հասկանալ,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը,- վերջինիս խնդիրը ոչ թե պատժելն է, այլ հաշտության եզրեր գտնելը: Պետք է այնպես անել, որ պետությունն ինքը վրեժխնդրության գործիք չդառնա»: Ըստ բանախոսի՝ շատ ավելի տեղին կլինի, եթե այստեղ օգտագործվի «անցումային փուլի արդարադատություն» եզրույթը: «Անցումային փուլի արդարադատությունը կիրառվել է մի շարք երկրներում, որոնք նույնպես անցել են հեղափոխական ցնցումների միջով: Մենք այստեղ կարող ենք քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Ալբանիայի օրինակները և մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն կրկնի այս երկրների սխալները:» Խոսելով անցումային արդարադատության իրականացման գործիքակազմի մասին՝ բանախոսը առանձնացրեց ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական մեխանիզմներ: «Այստեղ մենք անպայման պետք է խոսենք ոչ միայն խնդրի հետևանքների՝ ապօրինի կապիտալի կամ կոռուպցիայի չափերի մասին,- նշեց բանախոսը,- այլ պետք է պարզաբանենք դատական համակարգի նկատմամբ առկա ցածր վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովների անարդյունավետության և այլ խնդիրների առաջացման պատճառները»: Աննա Վարդանյանը զեկույցում շեշտեց նաև, որ անցումային արդարադատության իրականացման բոլոր փուլերում պետությունը չի կարող հակասել միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններին: Քննարկմանը ներկա Գագիկ Հարությունյանի խոսքով հենց այստեղ է, որ մենք գործ ունենք անցումային արդարադատությանը վերաբերող մի շարք հակասությունների հետ: «Բազմիցս շեշտվել է, որ անցումային արդարադատությունն իրականացնելիս պետությունը չի կարող խախտել միջազգային ատյանների հանդեպ ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից հարց է առաջանում՝արդյո՞ք անցումային արդարադատությունն իրականացնելիս հաշվի է առնվելու սահմանադրությունն ու նրանում ամրագրված օրենքները, թե՞ այն իրեն սահմանդրությունից վեր է դասելու»: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ պետք է ճիշտ գնահատել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են անցումային արդարադատության գործընթացում: «Այն, ինչը որպես շատ լավ համակարգ աշխատում է մի երկրում, մեզ մոտ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ և ձախողվել: Այդ պատճառով իմ մոտեցումն այն է, որ պետք է հստակ հասկանալ, թե ինչ ունենք մենք այսօր, ինչ թերություններ ունի մեր ունեցածը, և ինչպես կարող ենք դա շտկել»: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ քննարկմանը ակտիվ մասնակցելու և տարաբնույթ կարծիքներ հնչեցնելու համար և նշեց, որ անցումային արդարադատության և վերջինիս իրականացման ռիսկերի և վտանգների մասին ինքը խոսել է դեռևս իր կառավարման հարյուր օրը ամփոփելու ժամանակ: «Ես այդ ժամանակ իմ ելույթում առանձնահատուկ շեշտել եմ, որ ոչ մի անցումային արդարադատություն չի հակասելու մեր սահմանադրությանը: Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու: Մեր երկրի իրավական անվտանգությունն ամենակարևորն է այս հարցում»: Պարոն Զեյնալյանը կարևորեց նմանատիպ քննարկումների նախաձեռնումը հատկապես ակադեմիական դաշտում և հույս հայտնեց, որ այդ քննարկումների և դրսևորված ակադեմիական մոտեցումների շնորհիվ կհաջողվի հարցին պատշաճ լուծում տալ՝ պետության համար որևէ վտանգ կամ ձախողում չարձանագրելով: Վերջում արդարադատության նախարարը ներկաներին առաջարկեց ակադեմիական հոդվածներով հանդես գալ և հանրությանը մատչելիորեն ներկայացնել անցումային արդարադատությանը վերաբերող, իրավաբանորեն հիմնավորված թե դրական, թե բացասական կարծիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր