Բաժիններ՝

Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկվող տարածքները կմաքրվեն հատուկ տեխնիկական միջոցներով կամ բնակիչների օգնությամբ

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը խոսեց Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկված կամ ջրածածկման ենթակա անտառների մաքրման աշխատանքների կազմակերպման նախնական հայեցակարգի եւ «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում անասունների արածեցումները կանխելու հարցերի մասին՝ հայցելով մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների համագործակցությունը:

«Մենք ունենք արդեն ջրածածկված անտառային տարածքներ, որոնց մաքրումը պետք է իրականացվի պետբյուջեի միջոցներով, հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ, եւ ունենք տարածքներ, որոնք դեռ ջրածածկված չեն ու պետք է մաքրվեն Սեւանի ափամերձ համայնքների բնակիչների օգնությամբ, ովքեր իրենց կատարած աշխատանքի դիմաց կարող են անհատույց օգտագործել շինափայտը կամ վառելափայտը: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար մենք պետք է համատեղ քննարկումներ կազմակերպենք, արդյունավետ կարգ մշակենք, որպեսզի անտառային տարածքների մաքրումը կատարվի անթերի, ծառայի իր հիմնական նպատակին: Ինչ վերաբերում է մեր պարկի տարածքում անասունների արածեցման դեպքերին, ապա պետք է դրանք բացառել, քանի որ օրենքը դա խստիվ արգելում է: Հարցի կարգավորման համար կրկին ակնկալում եմ մարզպետարանի եւ համայնքապետարանների աջակցությունն ու համագործակցությունը»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրեց Վահե Գուլանյանը:

Նիստի աշխատանքների ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, անասնահամաճարակների դեմ պայքարի եւ աղբահանության կազմակերպման միջոցառումներին: «Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղում անասնահամաճարակի դեպք է գրանցվել, որի օջախը մարելու ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել: Հարկավոր է սեղմ ժամկետում պատկան մարմինների հետ համագործակցությամբ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հետագա բռնկումները կանխելու համար: Հարկավոր է նաեւ հետեւողականորեն բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, որը դեռ գոհացուցիչ չէ»,-հանձնարարեց մարզպետը: Գնել Սանոսյանը մի քանի լավ լուր հաղորդեց մարզխորհրդի նիստի մասնակիցներին: «Ընթացքում է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» հերթական փուլը, որտեղ այսօր մեր ներկայացուցիչները եւս մասնակցում են ծրագրի տնօրենի ընտրությանը: Հույս ունեմ, որ այն գործողության մեջ կդրվի 2020 թվականի գարնանից, սակայն մինչ այդ մենք պետք է շարունակենք պատշաճ աղբահանություն իրականացնել՝ շարունակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտվածությանը: Երկրորդ լավ լուրն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզի 15 համայնքներում այս տարի կառուցվելու են ֆուտբոլի փոքր խաղադաշտեր»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ, մարզային խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս