211652_close_icon
views-count17255 դիտում article-date 14:39 27-10-2017

«Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է Սկանդինավյան կինոփառատոնի 2 անվանակարգերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան - Ալեքսանդր Խաչատրյան»։ Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոն-ը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստի գործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։ Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաև ֆինլանդահայ համայնքի անդամներ, ֆինլանդացի գործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաև՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝ թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ով շնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։ «Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝ Ալեքսանդր Խաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։ «Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից և կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեց երկու անվանակարգում։ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնի փակման օրը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։ Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաև օգնում են մեր թիմին համագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմք կդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում և Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»: *** «Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս.թ. հունիսին ցուցադրվել է նաև Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրում: Դրան հաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնից հետո, այն կուղևորվի Կանադա, որտեղ նոյեմբերի 15-19-ը կայանալիք Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում կցուցադրվի որպես բացման ֆիլմ։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր