1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի արտատարածքային միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել․ Օվերչուկ

Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի արտատարածքային 
միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը գրեթե երկու տարվա ընթացքում մեծ քրտնաջան աշխատանք է կատարել։ Բանակցությունների արդյունքում կողմերը ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Սակայն, ըստ Օվերչուկի, ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջև սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկության կարգը։

«Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է» ։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով ՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը եւ հստակ հետևում է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին։

Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել»,- ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի խոսքով՝ գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Հայաստան մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսին, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողությունը կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։

«Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան ճանապարհների օգտագործման վճարունակության, ինչպես նաև մեկ երկրի տարածքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը:

Թվում է, թե բոլոր կողմերն այսօր ունեն այդ հարցերի գործնական իրականացման հնարավորության ըմբռնումն առանց որևէ կողմի ինքնիշխանության ոտնահարման։ Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն առաջանա, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ բաց չի թողնվել, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանելու որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը»,- նշել է Օվերչուկը։

Հարցին, թե եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման ռեժիմը լինի այնպիսի՞ն, ինչպիսին բոլորը սովոր են սովորաբար տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև, Օվերչուկը պատասխանեց․

« Միանգամայն ճիշտ եք։ Մենք դրան ենք գնում»,- եզրափակեց Օվերչուկը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]