Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱլԳ-ն ու ԵՄ-ին անդամակցության հեռանկարները 2020-ականներին. Անի Եղիազարյան

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

• ԱլԳ-ը ԵՀՔ-ի արևելյան ուղղությունն է, իսկ ԵՀՔ-ը չի ենթադրում ԵՄ-ին անդամակցում։

• ԱլԳ-ի ընթացքի և հեռանկարների վրա բավական մեծ ազդեցություն են ունենում Ռուսաստանի գործողությունները։

• ԵՄ-ի ներսում միասնականություն չկա ԱլԳ հեռանկարների վերաբերյալ։

• ԵՄ-ը կշարունակի ԱլԳ երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման իր քաղաքականությունը։

ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ

 Հայտնի է, որ ԱլԳ-ը սերում է ԵՀՔ-ից և է ԵՀՔ-ի արևելյան ուղղությունն է: «Եվրոպական հարևանություն» հասկացությունը սկսեց բյուրեղանալ 2002թ. սկզբին: ԵՀՔ-ն ավելի իրական դառնալու հայտ ներկայացրեց 2003թ. մարտին, ինչը նախորդում էր 2004թ. ԵՄ-ի՝ 10 նոր անդամներով համալրմանը, որը պատմության ընթացքում ԵՄ-ի մեկանգամյա խոշորագույն ընդլայնումն է տարածքային և բնակչության, բայց ոչ ՀՆԱ-ի տեսանկյունից։ Խոսքը Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Լեհաստանի, Սլովակիայի ու Սլովենիայի մասին է (ուշագրավ է, որ նրանց մեծ մասը նախկինում Արևելյան բլոկի մասնակիցներ են)։ ԵՀՔ-ն աջակցում է Եվրոպայի հարևան 16 երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացմանը՝ որպես խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման խթանման միջոց ողջ տարածաշրջանում:

ԵՀՔ-ի ռազմավարական նպատակն է ամրապնդել և հարևան երկրների հետ կիսել ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա ընդլայնման օգուտները՝ բարեկեցություն, կայունություն և անվտանգություն: ԵՀՔ-ը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առանցքային մասն է: Այն ԵՄ-ի ուղղակի հարևաններին կապվում է ցամաքով և ծովով: Դրանք են՝ Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան, Թունիսը, Իսրայելը, Հորդանանը, Մարոկկոն, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան (10 երկրներ ծովով), Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան (6 երկրներ ցամաքով): Չնայած ՌԴ-ը ևս ԵՄ հարևան է, սակայն նրանց հարաբերությունները զարգացել են Ռազմավարական գործընկերության միջոցով (2003թ. մայիս):

ԱլԳ-ը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում նրա գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որը ԵՄ-ի արևելյան հարևաններին մերձեցնում է ԵՄ-ին և ներկայացնում է ԵՀՔ Արևելյան ընդլայնումը։ ԱլԳ-ը կառուցվել է ԵՄ-ի և նրա արևելյան գործընկեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիման վրա: ԱլԳ-ն աջակցում և խրախուսում է մասնակից երկրներում բարեփոխումների անցկացումը և ներառում է 6 անդամ երկիր՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան: Ինչպես գիտենք, ԱլԳ-ը մեկնարկել է 2009թ. մայիսին Պրահայում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ՝ Պրահայի համատեղ հռչակագրով: Ի դեմս ԱլԳ-ի՝ ԵՄ-ը կենսական հետաքրքրվածություն ունի՝ իր արևելյան սահմաններին տեսնելու կայունություն, ավելի լավ կառավարում և տնտեսական զարգացում: Ուշագրավ է, որ ԱլԳ-ը կյանքի է կոչվել ռուս-վրացական պատերազմից հետո (2008թ.) ԵՀՔ-ի զարգացումը և հետխորհրդային տիրույթում ԵՄ-ի էլ ավելի լայն ներգրավվածությունն ապահովելու համար:

2009թ. մայիսի 7-ին ԵՀՔ հովանու ներքո գործարկվեց ԱլԳ-ը։ ԱլԳ-ի հիմնական գաղափարն այն էր, որ ավելի լավ տարբերակում ապահովվի հարավային հարևանների (ներառյալ հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի երկրները) և արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև։ ԵՀՔ-ի ու ԱլԳ-ի նպատակները բխում են ԵՄ-ին մերձենալու գործընթացից․ գործընկեր-հարևան երկրների քաղաքական ասոցացման արագացում (օրինակ, ասոցացման համաձայնագրերի կնքման ճանապարհով), տնտեսական ինտեգրման աջակցություն և սոցիալ-տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումներ։ Այդպիսով, ԵՄ-ը ձգտում է իր ներդրումն ունենալ իր սահմանների շուրջ բարգավաճ, կայուն և ժողովրդավարական «ընկերների օղակի» ստեղծման շուրջ։ Սակայն ԱլԳ գործարկումից 10 տարի անց մի շարք գործընկեր երկրներ ունեն անհաջողություններ ժողովրդավարական մեխանիզմների ներդրման տեսանկյունից, տառապում են բարեփոխումների ձգձգվող գործընթացից ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ագրեսիվ միջամտությունից։ Եվ, այնուամենայնիվ, ԱլԳ-ն անցած 10 տարիների ընթացքում թեև որոշակի դանդաղորեն, սակայն հաստատուն քայլերով առաջ է ընթացել։ Ինչպես մեր ««Արևելյան գործընկերություն» ծրագրի գործունեության 10 տարին» խորագրով հոդվածում ենք նշել, այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով ԱլԳ իրագործման ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներն ու բարդությունները։ Դրանք են՝

• ՌԴ-ի հակազդեցություն,

• տարբեր հարցերի շուրջ ԵՄ անդամ երկրների միջև տարաձայնություններ և դրա հետ կապված՝ ԵՄ-ում որոշումների ընդունման արագագործության անկում,

• ԵՄ-ից ԱլԳ անդամ երկրների տարբեր ակնկալիքներ,

• ԵՄ-ի ներքաղաքական իրադարձություններ,

• ԱլԳ անդամ երկրների ներքաղաքական զարգացումներ,

• Տարածաշրջանային/աշխարհաքաղաքական զարգացումներ։

Սակայն սրան զուգահեռ չպետք է անտեսել, որ ԱլԳ առաջատարներ դիտարկվող Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար ԵՄ-ն առաջ է քաշել ավելի խոր ինտեգրմանը միտված, առավել մեծ հեռանկար առաջարկող մի ծրագիր՝ «ԱլԳ պլյուս», որն ԱլԳ-ի տրամաբանական շարունակությունն է։ Այդ ծրագրով նշված երկրներին հնարավորություն կտրվի երկարաժամկետ հեռանկարում միանալ ԵՄ-ի Մաքսային միությանը, ԵՄ-ի Էներգետիկ միությանը, ԵՄ-ի Թվային տեխնոլոգիաների միությանը, Շենգենյան գոտուն, մուտք գործել ԵՄ-ի ներքին շուկա ու չեղարկել ԵՄ-ի երկրների հետ բջջային ռոումինգի սակագները։ Բացի այդ «ԱլԳ պլյուսը» կնպաստի մասնակից 3 երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրմանը, ինդուստրիալ ոլորտում գործընկերությանը, ԵՄ-ի ծրագրերին մասնակցելու աճին։

ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ

ԱլԳ-ի գործարկումից 10 տարի անց ԵՄ-ը բախվում է ռազմավարական երկընտրանքի․ մի կողմից արևելյան բազում գործընկերների «եվրոպական ձգտումները» նրանց ներքին, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժն են, մյուս կողմից էլ այդ երկրների եվրոպամետ կուրսը ստեղծում է աշխարհաքաղաքական անկայունության մթնոլորտ, որում ժողովրդավարական վերափոխումները և հետևաբար ԵՄ-ին ինտեգրվելը, հազիվ թե, հնարավոր է։ Ակնհայտ է դարձել, որ Կրեմլի պատասխան միջոցները կարևոր գործոն են, որոնք վճռում են ԱլԳ-ի ելքը։ Ավելին, ԵՄ-ը ներքին պլանում բաժանված է երկու մասի՝ ԱլԳ-ի ապագա կուրսի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթի հանդեպ։

Ինչպես գիտենք, ԱլԳ-ը զարգանում է երկկողմ ու բազմակողմ հենքով։ Երկկողմ հենքով յուրաքանչյուր երկիր ընտրում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման տարբեր աստիճան։ Առաջատարներն են Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը, որոնք 2014թ․ ԵՄ-ի հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ ԽՀԱԱԳ-ը։ Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կանոնակարգվում են առավել պակաս հավակնոտ համաձայնագրերով։ Ադրբեջանի հետ գործում է 1999թ․ Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագիրը։ Մինչդեռ Հայաստանը նախընտրել է 2017թ․ կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)։

Բազմակողմ համագործակցությունն ուղղված է ԵՄ-ի անդամ ու գործընկեր երկրների միջև, ինչպես նաև գործընկեր երկրների ներսում կապերի ամրապնդմանն ու տարածաշրջանային համագործակցությանը։ Ի տարբերություն երկկողմ ուղղության՝ բազմակողմ ուղղությունն առավել քաղաքականացված է և սովորաբար տալիս է ավելի շուտ մտադրությունների մասին հռչակագիր, քան գործողությունների պլան՝ հենված խթանների վրա։ Հիմնական ֆորումները երկու տարին մեկ գումարվող ԱլԳ գագաթնաժողովներն են, որոնցում ԵՄ անդամ և գործընկեր երկրների կառավարությունների ղեկավարները հավաքվում են։

2015-2016թթ. ԵՄ-ում ԱլԳ-ի հանդեպ ձևավորվեց ավելի պրագմատիկ մոտեցում, ինչը, մեր կարծիքով, կապված է Ղրիմի և Դոնբասի հայտնի դեպքերի հետ։ Եվ հատկապես Գերմանիան ու Նիդերլանդները սկսեցին թերահավատորեն վերաբերել ԵՄ-ին շարունակվող ինտեգրմանը։ ԵՄ-ի անդամ մյուս երկրները, ինչպիսիք են՝ Ռումինիան, Լեհաստանը, Շվեդիան ու Բալթյան երկրները, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը հանդես են գալիս ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին առավել ակտիվ մասնակցության օգտին։ ԵՄ-ի անդամ երկրները, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան, քիչ թե շատ երկիմաստ դիրքորոշում ունեն ԱլԳ-ի հանդեպ, քանի որ նրանց ուշադրությունը կենտրոնացված է ԵՀՔ հարավային ուղղվածության վրա։ Դա հասկանալի է՝ հաշվի առնելով, որ նրանք համարվում են նաև միջերկրածովյան երկրներ. Ֆրանսիայի պարագայում հարկ է հաշվի առնել նաև պատմական գործոնը, որ ԵՀՔ հարավային երկրների մի մասը նախկինում եղել են Ֆրանսիայի գաղութներ։

Ինչպես նկատում է միջազգայնագետ Յ․Շվենգերը, ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումներն ԱլԳ երկրներում նույնպես վայրիվերումներ ունեն վերջին 10 տարում․ «Մոլդովան, որը մինչև 2014թ․ հռչակված էր որպես ԵՄ-ին ինտեգրվելու լիդեր, ըստ ամենայնի, վերապրել է ամենալուրջ անկումը ժողովրդավարական չափորոշիչների տեսանկյունից․ 2014թ․ եվրոպամետ ռեֆորմիստական կոալիցիան ներքաշված է եղել մասշտաբային կոռուպցիոն սկանդալում, որի ժամանակ ավելի քան 3 մլրդ $ (Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ 15%-ը) յուրացվել էր մոլդովական երեք խոշորագույն բանկերի կողմից։ Նույն կերպ Վրաստանում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու բարեփոխումների ինտենսիվ ժամանակաշրջանից հետո միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին թելերով իր հետևից տանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ուկրաինան (2014թ.) ու Հայաստանը (2018թ.) վերապրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանգեցրել են կառավարական փոփոխությունների։ Սակայն Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի ժամանակ գերակայեցին աշխարհաքաղաքական խնդիրները և ոչ թե օլիգարխիայի դեմ լուրջ պայքարը։ 2019թ․ Ուկրաինայի նախագահական ընտրություններում քաղաքական «նորույթ»

Վլադիմիր Զելենսկու հաղթանակը ժողովրդի գերակայության ցուցիչն է օլիգարխիկ իսթեբիլիշմենթի հանդեպ։ Պաշտոնատար անձանց ավելի խոստումնալից (սակայն ոչ եվրոպամետ) փոփոխություն Հայաստանում տեղի ունեցավ 2018թ․, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի ակցիաները հանգեցրեցին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և վերջինիս իշխանության տապալմանը։

Դեմոկրատական անցման առումով ԵՄ ինստիտուտների ստեղծման գործիքները, որոնք հիմնված են կարողությունների զարգացման և ձեռքբերումների վրա, ապացուցել են, որ անարդյունավետ են գործընկեր պետություններում օլիգարխիկ քաղաքական պրակտիկայի դեմ: Կոնկրետ դեպքերի հիման վրա ԵՄ-ի օգնության գնահատականը ցույց է տալիս, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործընկեր երկրների կողմից կլանման կարողության բացակայությունը, աջակցության ծրագրերի կոշտ կառուցվածքը, որը թույլ չի տալիս ճշգրտել տեղական պայմաններին հարմարվելը, կամ էլ պարզապես դոնորի մոտ ինստիտուցիոնալ անարդյունավետությունը նպաստում են ԵՄ-ի գործիքների անարդյունավետությանը։ Բացի այդ մի շարք դեպքերում (օրինակ, Մոլդովա) ԱլԳ-ը ոչ կանխամտածված ձևով լիազորություններով է օժտել ոչ լիբերալ էլիտաներին, քանի որ նրանք կարողացել են օգտագործել ԵՄ-ի աջակցությունը և այն ծառայեցնել շահույթ ստանալուն միտված իրենց քաղաքական մեթոդներին ծխածածկույթ ապահովելուն։

Միևնույն ժամանակ շատ երկրներում քաղաքացիական հասարակության սեկտորը, որը գրեթե ամբողջովին ֆինանսավորվում է արևմտյան դոնորներից, հետագա ավտոկրատական միտումների դեմ կանգնած հիմնական պատվարն է։ Ընդգծելով իր անարդյունավետությունը և չկանխատեսած պոտենցիալ հետևանքները՝ ԵՄ-ն անարդյունավետության պատճառով էականորեն կրճատել է աջակցման բյուջեն (օրինակ, Ուկրաինայում) կամ ժողովրդավարության նահանջի պատճառով կասեցրել է դրանք (օրինակ, Մոլդովայում)։ ԵՄ-ը դրա հետ մեկտեղ ավելի մեծ ուշադրություն է հատկացնում քաղաքացիական հասարակությանը, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտի նախագծերին»։

Նրա կարծիքով՝ վերջին 10 տարում ԵՄ-ին ինտեգրվելու ծրագիրը սպառնալիքի տակ է Ռուսաստանի անտագոնիստական ինտեգրացիոն նախագծի պատճառով։ Դա ունի 3 հետևանք․ 1) հայտնի է դարձել, որ Կրեմլի քաղաքականությունը կարևոր է տեղերում ԵՄ-ի քաղաքականության արդյունքների որոշակիացման համար։ Ռուսաստանն ունակ է անկայունություն խթանել ԱլԳ երկրներում՝ տարածելով ապատեղեկատվություն կամ առաջ մղելով ռուսական աշխարհայացքը կամ էլ առևտրային պատժամիջոցներով «պատժել» գործընկեր երկրներին՝ արտաքին քաղաքական ընտրության համար։ 2) Բազում տարիներ ԵՄ-ը վարել է քաղաքականություն՝ ուղղված իր կառավարման համակարգերը տարածաշրջան արտահանելուն, որը Կրեմլը համարել է իր հետնամուտք։ Ընդ որում՝ ԱլԳ-ը նպաստել է ԵՄ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների վատթարացմանը, քանի որ ռուսական տեսանկյունից այն խաթարել է ԵՄ-ի հեղինակությունը որպես ռազմավարական գործընկեր։ 3) ՌԴ-ի ուղիղ պատասխանի հետ մեկտեղ աշխարհաքաղաքականությունը գործընկեր բազում երկրներում ներառել է ներքաղաքական դիսկուրսներ։

Ներքին մակարդակում «ԵՄ-ի բարեփոխման կողմնակիցները» հանդես են գալիս ԵՄ-ի թերահավատների ճամբարի դեմ, որոնք աջակցում են Արևմուտքի ու Արևելքի միջև աշխարհաքաղաքական հավասարակշիռ կողմնորոշմանը (օրինակ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կամ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը)։ Դրանով պայմանավորված ներքին դիսկուրսների բևեռացումը կարող է ոչ միայն թուլացնել համախմբվածությունը գործընկեր երկրներում, այլև՝ շահավետ է օլիգարխների համար, քանի որ դրանք կարող են շեղել իրենց կոռուպցիոն պրակտիկայից (ստաբիլոկրատիայի հայեցակարգ, որը հստակեցնում է Բալկաններում քաղաքականության խորհրդատվական խումբը)։

Այնուամենայնիվ, ԱլԳ ինստիտուցիոնալ դիզայնը ժառանգվել է ԵՄ-ի ընդլայնման գործընթացից, որում աշխարհաքաղաքականությունը չէր խաղում որևէ դեր։ Այդ պատճառով էլ այն վատ է նախապատրաստված եղել աշխարհաքաղաքական համատեքստում։ Եվ, չնայած ԵՄ-ի ոչ կանխամտածվածությանը՝ ԱլԳ-ը ձեռք բերեց աշխարհաքաղաքական վիթխարի նշանակություն այնպիսի երկրների արտաքին քաղաքականության ձևավորման մեջ, ինչպիսիք են գործընկեր երկրները, երրորդ երկրները, ինչպիսին որ Ռուսաստանը և առաջին հերթին հենց ԵՄ-ն են։ Գործընկեր երկրներում օգուտների ու ծախսերի հարաբերակցության տրամաբանությունը որակվում է անհեթեթ, եթե գործընկեր երկրների արտաքին քաղաքական որոշումները (ԱՀ, ԽՀԱԱԳ) հենված են աշխարհաքաղաքական մտածելակերպի վրա։ Ավելին, ԵՄ-ի ռազմավարական փաստաթղթերը կապված չեն ՌԴ-ի արձագանքի պոտենցիալ հետևանքների հետ և հաշվի չեն առնում ԵՄ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների հնարավոր հետևանքները։ Հետևաբար ամբողջական տեսանկյունից այն ենթադրությունները, որ ԱլԳ-ը ԵՄ-ի ու գործընկեր երկրների միջև երկկողմ հարց է, դարձավ ԱլԳ-ի արդյունավետության հիմնական խոչընդոտ և խոչընդոտում է ԵՄ-ի՝ իր արևելյան հարևանությամբ քաղաքական կայունության և ժողովրդավարության ամրապնդման հիմնական նպատակը։

Հեղինակն ընդգծում է, որ ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական վերափոխումների պլանում սահմանափակ ցուցանիշները հակասում են ԱլԳ աշխարհաքաղաքական չափմանը, որը վերջին 10 տարում ձեռք է բերել վիթխարի նշանակություն։ Դրա հետևանքով ԵՄ-ը ռազմավարական երկընտրանքի համատեքստում մանևրել է իր և իր արևելյան գործընկերների միջև․ մի կողմից ԱլԳ երկրների «եվրոպական ձգտումները» ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժն են, մյուս կողմից էլ եվրոպական այդ ձգտումները հանգեցրեցին քաղաքական անկայունության ու աշխարհաքաղաքական լարվածության, որում բարեփոխումների գործընթացը հազիվ թե տեղի կունենա։ Ռազմավարական այդ երկընտրանքն իր բոլոր թելերով ու իր ողջ բարդությամբ հասկանալն ԱլԳ ապագա քաղաքականության ձևավորման առաջադրանքն է։

2020Թ. ՎԵՐԱԳՐՎՈՂ Ու ԱԿՆԿԱԼՎՈՂ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ

Այս համատեքստում բավականին հետաքրքրական է դառնում Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումը։ 2020թ․ հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան չի ցանկանում՝ ԱլԳ-ը նպաստի ԵՄ-ին անդամակցելուն։ Այդ համատեքստում Ֆրանսիան Եվրոպական հանձնաժողովին ուղարկել է երկու համապատասխան փաստաթուղթ, որոնք թվագրված են 2019թ․ հոկտեմբերին ու 2020թ․ հունվարին։  Դա արվել է ԱլԳ ապագայի մասին զեկույցի հրապարակման նախօրեին արված խորհրդակցությունների շրջանակներում։

Հոկտեմբերյան փաստաթղթում ընդգծվում է, որ տնտեսական ու քաղաքական համագործակցության վրա հենված գործընկերությունը պետք է բացառի ԵՄ-ին անդամակցելու կամ ինտեգրվելու բոլոր մեխանիզմները կամ հեռանկարները։ Դրանում ընդգծվում է, որ ծրագրի նպատակը ԵՄ-ի գործընկերների կայունության մեծացումն է օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության արդիականացման ոլորտներում։ Ֆրանսիան չի ցանկանում գնալ այնպիսի քայլերի, որոնք կարող են մտահոգել Մոսկվային։ Հունվարյան փաստաթղթում էլ Ֆրանսիան առաջարկում է ԱլԳ ծրագրի բյուջեի 50%-ն ուղղել շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Դա արվում է «Կանաչ համաձայնագրերին» համապատասխան։ Խոսքը Բրյուսելի պլանի մասին է՝ բարելավել Եվրոպայում կլիմայի իրավիճակը մինչև 2050թ․։

Նախորդ տարի Ֆրանսիան եղել է ԵՄ-ի կողմից այն որոշման ընդունման շարժիչ ուժը, որն առնչվում էր Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի անդամակցության մասին բանակցությունների մեկնարկը կասեցնելուն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդել է, որ ԵՄ-ի ընդլայնմանը պետք է նախորդի ԵՄ-ի բարեփոխումը՝ իր իսկ ընթացիկ սահմաններում։ Նա նաև կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել՝ կապված Ուկրաինայում նրա գործողությունների հետ։ ԵՄ-ի արևելյան անդամ երկրներից մի դիվանագետ գաղտնիության պայմաններում նշել է, որ Ֆրանսիան չի ցանկանում որևէ բան ձեռնարկել հարևան երկրներում, ինչը պոտենցիալ առումով կարող է մտահոգել Մոսկվային։

Գերմանիայի համար հետխորհրդային տիրույթի երկրները և հատկապես եվրոպական մայրցամաքում ընկած երկրները ներկայացնում են յուրահատուկ կարևորություն։ Բեռլինյան պատի անկումից և Վարշավյան պայմանագրի կազմակերպությունից ու Տնտեսական փոխօգնության խորհրդի փլուզումից հետո ԳՖՀ-ի արևելյան բնագծերը դադարեցին գերմանական կառավարության կողմից դիտարկվել որպես ռազմական սպառնալիքի աղբյուր։ Ժամանակին տվյալ տարածքում գոյություն ունեցած և սարսափ ներշնչած ռազմաքաղաքական բլոկի փոխարեն գոյացավ աշխարհաքաղաքական վակուում, որը պետք է լցնեին ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։

Աշխարհագրական մոտիկությունն ու Վիլլի Բրանդտի «արևելյան նոր քաղաքականության» ժամանակաշրջանում արևելաեվրոպական երկրների հետ ստեղծված առևտրա-տնտեսական կապերը Գերմանիան վերածեցին ձգողական կենտրոնի հետխորհրդային երկրների համար։ Բեռլինն աջակցեց դեպի արևելք արևմտյան ինտեգրացիոն կառույցների (ՆԱՏՕ և ԵՄ) ընդլայնման գործընթացին։ Դրա շնորհիվ գերմանական կառավարությանը հաջողվեց հիմնականում իր վրայից հանել տարածքային անվտանգության հարցը և Գերմանիայի համար ֆիքսել կենտրոնական դիրքը միասնական Եվրոպայում։

Գործերն այլ կերպ դասավորվեցին հետխորհրդային հանրապետությունների հետ։ Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի իշխանությունները նույնպես պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու Արևմուտքի երկրների հետ հարաբերությունները։ Սակայն ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ կապերը, ինչպես նաև բազային արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ներէլիտար կոնսենսուսի բացակայությունը  անհնար դարձրեցին Լեհաստանի կամ Չեխիայի Հանրապետության մոդելի կրկնությունը։

Բեռլինն իր հերթին չէր ցանկանում հարաբերությունները բարդացնել Ռուսաստանի հետ, որի հետ նա նույնպես ինտենսիվորեն զարգացնում էր համագործակցությունը և նախընտրում էր փոխգործակցել իր հարևանների հետ։ Միևնույն ժամանակ գերմանական բիզնեսի շահերի ու ԵՄ-ի տարածքային զարգացման տրամաբանության համակցումը և ԳՖՀ-ի կառավարության «արժեքների քաղաքականությունը» պահանջել են եվրոպական մայրցամաքի կողմից հետխորհրդային երկրների հանդեպ հետևողական քաղաքականություն։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2020թ․ մարտին ԵՀ-ը մտադիր է ներկայացնել իր առաջարկները, որոնց հիման վրա կձևավորվի ԱլԳ վեց երկրների նկատմամբ ԵՄ-ի նոր քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է ակնկալել։

ԵՄ-ն ԱլԳ անդամ երկրների համար չի բացում լիիրավ անդամակցության հեռանկար։ Ի սկզբանե այս ծրագիրը նախատեսել է միայն «քաղաքական ասոցիացիա» ու «տնտեսական ինտեգրում» և որպես այդ նպատակներին հասնելու գործիք՝ առաջարկվել են ասոցացման, ազատ առևտրի գոտուն մասնակցելուն, ինչպես նաև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրերը։ Երեք երկրներն օգտվել են դրանից, երեքը՝ ոչ։

Այժմ հարց է ծագել, թե արդյոք ԱլԳ երկրների հավակնոտ նպատակները կհանգեցնեն ԵՄ-ի հետ հետագա մերձեցման գաղափարին։ Արդյոք ԵՄ-ը այսպիսի իրավիճակում կգնա՞ այդ ծրագրի շրջանակներում Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, այսինքն այն երկրներին, որոնք ստորագրել են ԱՀ-ը։ Ներկա փուլում պատասխանը միանշանակ է, ո՛չ։ Բանն այն է, որ ԱլԳ-ը ԵՀՔ-ի մասնիկն է, և նրանում անդամակցություն նախատեսված չէ անգամ հեռավոր հեռանկարի համար։ Կառույց մուտք գործելու համար անհրաժեշտ է մեկ այլ գործիք՝ ընդլայնման քաղաքականություն։ Շատերին այս տարանջատումը կթվա բյուրոկրատական ձևականություն, սակայն ԵՄ-ի դիվանագետների ու պաշտոնյաների համար տարբերությունն այնքան սկզբունքային է, որ ԵՄ-ի ոչ մի երկիր էլ ԱլԳ երկրների համար չի առաջարկում հեռանկարային անդամակցություն։

Այս ամենին հավելվում է նաև ԵՄ-ի ընդհանուր թերահավատությունը նոր անդամների ընդունման նկատմամբ։ Այստեղ առանցքային դերը Ֆրանսիայինն է, որը, ինչպես արդեն նշվեց, նախորդ տարի արգելափակել է Հյուսիսային Մակեդոնիայի ու Ալբանիայի անդամակցության մասին բանակցությունների մեկնարկը։ Ինչպես հայտնի է, Արևմտյան Բալկանների երկրներն ընդգրկված են ընդլայնման քաղաքականությունում։ Հատկանշական է, որ Ֆրանսիան անդամակցության այդ թեման բարձրացրել է ԱլԳ համատեքստում։ 2019թ․ հոկտեմբերին Բրյուսելում անցկացված խորհրդակցությունների ժամանակ ֆրանսիական կողմն ընդգծել է, որ պատասխանատվության զգացողությունը պետք է ԵՄ-ին զերծ պահի ԱլԳ վերջնական նպատակի վերաբերյալ պատրանքներ առաջացնելուց։ Ֆրանսիական կողմի այս դիրքորոշումը կապված է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նոր կուրսի հետ, որը միտված է ՌԴ-ի հետ մերձեցմանը։

Սակայն Փարիզի կոշտ դիրքորոշումը լայն աջակցություն չի գտնում ԵՄ-ի ներսում։ Ֆրանսիան հայտնվեց մենության մեջ՝ կապված Հյուսիսային Մակեդոնիայի միացման մասին բանակցություններն արգելափակելու հետ։ ԱլԳ-ի հարցում, սակայն, Ֆրանսիային կարող են միանալ Հունաստանն ու Իտալիան։ Սակայն կա նաև խանդավառների խումբ՝ Բալթյան, Սկանդինավյան, Վիշեգրադյան երկրներ, Ռումինիա։ Նրանք հանդես են գալիս «շատը շատի դիմաց» սկզբունքով, այսինքն այն երկրները, որոնք ձգտում են առավել խորը եվրաինտեգրման ու մեծ հաջողություններ են արձանագրում բարեփոխումների գործընթացում, ստանում են ԵՄ-ին մերձենալու ավելի մեծ հնարավորություններ։ Այդպիսի հնարավորությունը կարող է մասնավորապես լինել սեկտորալ ինտեգրումը։

Ընդգծվում է, որ Գերմանիան, ինչպես նաև Նիդերլանդներն ու Ավստրիան ունեն միջանկյալ դիրքեր, նրանք ո՛չ թերահավատներ են, ո՛չ խանդավառներ, նրանք ունեն այլ առաջնահերթություններ։ Նրանց համար ամենակարևորն այն է, որ ԱլԳ երկրներն առաջ ընթանան իրավական պետականության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին։ Վերջապես, երրորդ խմբում ընդգրկված են այն երկրները, որոնց համար ԱլԳ-ը չի խաղում մեծ դեր։ Նրանց թվում են, ասենք, Պորտուգալիան կամ Մալթան:

Արդյոք այն, որ ԵՄ-ը չի ցանկանում տրամադրել անդամակցության հեռանկար, նշանակո՞ւմ է, որ ԱլԳ-ը փակուղի է դեպի ԵՄ հետխորհրդային երկրների ճանապարհին։ Ո՛չ, չի նշանակում։ Այդ ծրագիրը ԵՄ-ին մերձենալու գործիք է, նրա չափորոշիչներին անցում կատարելու մեխանիզմ։ Ճիշտ է, անգամ ԵՄ-ի հետ մերձեցման շատ բարձր մակարդակը երաշխիք չի դառնա, որ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ընդգրկվեն ընդլայնման քաղաքականությունում լիիրավ անդամակցության հեռանկարով։ Այնուամենայնիվ, մեր կարծիքով՝ կա այդպիսի հեռանկար։

Ներկա փուլում անհրաժեշտ է ԱլԳ գործընկեր երկրների հետ մշակել հարևանության նոր տեսլական, որում արևելյան հարևանները ո՛չ դառնում են ԵՄ-ի անդամ, ո՛չ էլ միայնակ են թողնվում ՌԴ-ի ագրեսիվ գործողությունների առջև։ Փոխարենն այն միտված պետք է լինի տարածաշրջանն աշխարհաքաղաքական ազդեցությունից ազատելուն։ Դա շատ բարդ է, քանի որ ԵՄ-ն ինքը սկզբունքորեն միակարծիք չէ այն հարցում, թե ինչ է պետք անել ՌԴ-ի հետ (Պուտինի քաղաքականության դեմ կոշտ գծի կողմնակիցներ), քանի որ ԵՄ-ն ինքն է վերապրում «կոնսոլիդացիայի» փուլ (Brexit և ԵՄ-ի ներսում եվրաթերահավատների թվաքանակի աճ)։

ԵՄ-ը պետք է դադարի չնկատել այն, որ ԱլԳ-ի վրա ՌԴ-ի արձագանքը նրա արդյունքների վճռորոշ գործոնն է։ Դրա փոխարեն՝

• ԵՄ-ը պետք է ամբողջական տեսանկյունից գնահատական տա ԱլԳ-ին՝ սկսած տարածաշրջանային անվտանգության անկայուն ճարտարապետության դերից։ Որպես առաջին քայլ՝ համապատասխան ձևակերպումը պետք է տեղ զբաղեցնի ԵՄ-ի ռազմավարական փաստաթղթերում (օրինակ, ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրերում)։ Որպես բազմակողմ ուղղվածության ճարտարապետության պոտենցիալ երկրորդ քայլ՝ ԱլԳ-ը կարող է ընդլայնվել անվտանգության կոմպոնենտի հաշվին, որը ծառայում է որպես ֆորում՝ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում կատարելու համար։

• Պայմանականությունը, բյուջեի օժանդակության ծրագրերը և խստացնող կանոնների փոխանցման պայմանագրերը (այսինքն ՝ ԱՀ-ն և ԽՀԱԱԳ) ոչ հագեցած գործիքներ են` ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները խթանելու համար` քաղաքական անկայունության համատեքստում: Փոխարենը ԵՄ-ը պետք է կենտրոնանա զարգացման աջակցության վրա և շարունակի վերաուղղել ֆինանսավորումը կոնկրետ նախագծերում ժողովրդավարացման, ենթակառուցվածքների և սոցիալական նախագծերի վրա։

• Իր գործարկումից 10 տարի անց ԱլԳ-ը պետք է վերջին հաշվով ձերբազատվի ընդլայնման ժառանգությունից և միանաշանակ վերածվի արտաքին քաղաքական գործիքի։ Հասարակական լայն մակարդակում ԵՄ-ն ու գործընկեր երկրները պետք է մշակեն հարևանության նոր ռազմավարական տեսլական։ Ավստրիայի չեզոքության քարոզչությունը որպես մոդել գործընկեր երկրների համար իր նշանակալից ներդրումն ունի այդպիսի քննարկումներում։ Ավստրիան ու համակիր երկրները պետք է ԵՄ-ի մակարդակով ու ԱլԳ երկրների հետ երկկողմ հենքով այն վերածեն ռազմավարական դիրքորոշման։

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ 

Այսպիսով, 2020-ականներին ԵՄ-ը, ըստ ամենայնի, շահագրգռված չի լինի ԱլԳ անդամ երկրներին անդամակցություն ապահովելու հարցում։ Կարծում ենք, որ այս փուլում ԵՄ-ը կշարունակի իր տարբերակված մոտեցումն ԱլԳ անդամների հանդեպ՝ առաջնային պլանում պահելով Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը։ Դա նշանակում է, որ ներկա փուլում նախապատվությունը կտրվի ԱլԳ+ ծրագրի զարգացմանը։

Մյուս կողմից էլ, ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, ԱլԳ առաջատար համարվող այս եռյակը նույնպես զերծ չէ ցնցումներից՝ իշխանության տարբեր ճյուղերում ռուսամետ անձանց կամ ուժերի հայտնվելուց, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում այդ երկրների համար։ Այստեղ նորից գործ ունենք ռուսական կողմի ունեցած ազդեցության հետ, որը տարբեր կերպ է դրսևորվում տվյալ երկրներում։ Ներկա պահին կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև «խաղի հաշիվը» 3,5:2,5 է՝ հօգուտ ԵՄ-ի։ Նկատի ունենք այն, որ Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ստորագրել են ԱՀ-ն ու ԽՀԱԱԳ-ը, իսկ Հայաստանը՝ ՀԸԳՀ-ը (մինչ Հայաստանի կողմից դա ստորագրելը հաշիվը 3։3 էր)։

Ակնկալում ենք, որ 2020-ականներին ԱլԳ անդամ երկրներում, թերևս, իշխանության կգան նոր սերնդի գործիչներ, որոնք ավելի հակված կլինեն դեպի ԵՄ, քան դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ գրավչության տեսանկյունից (բարձր կենսամակարդակ, խոսքի ազատություն և այլն) ԵՄ-ն ունի մեծ առավելություն Ռուսաստանի նկատմամբ, որն էլ փորձում է դա «փոխհատուցել» իր ուժն ի ցույց դնելով։ Իր հակաքայլերով Պուտինն ԱլԳ երկրներին ստիպում էր (է) ընտրություն կատարել Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև («կշեռքի նժարների» տակտիկան), և բոլորն արդեն կատարել են իրենց ներկայիս ընտրությունը։ Բայց այդ ընտրությունը հետագայում կարող է արմատական փոփոխության ենթարկվել, եթե հետագայում Ռուսաստանում լուրջ տեղաշարժեր գրանցվեն ժողովրդավարական ուղղությամբ։ Իսկ դրանց կարող են նպաստել ապագայում ոչ միայն ժողովրդավարական խնդիրների վատթարացումը, այլև տնտեսական խնդիրների մեծացումը։ Նավթի կտրուկ գնանկումը լուրջ խնդիրներ է առաջացնում և կշարունակի առաջացնել Ռուսաստանի համար։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին ՌԴ-ում կսպառվեն նաև (հեշտ հասանելի) նավթի պաշարները, և ՌԴ-ը ստիպված կլինի արդեն նավթ արտահանել ավելի բարդ և հեռավոր վայրերից, ինչը նավթի ցածր գնի դեպքում կարող է լինել ոչ շահութաբեր։ Հարկ է հաշվի առնել նաև այն, որ ՌԴ-ն արևմտյան պատժամիջոցների ներքո է, որոնք կարող են խստացվել հետագայում։ Այս ամենը կարող է պարարտ հող ստեղծել բողոքի զանգվածային ակցիաների մեկնարկի համար, որոնք էլ իրենց հերթին կարող են հանգեցնել իշխանափոխության՝ ի դեմս ժողովրդավարական ուժերի։ Այդ դեպքում ԱլԳ երկրները կստանան թե՛ ավելի մեծ ազատություն, թե՛ ստիպված չեն լինի ընտրություն կատարելու ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև։ Որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, մենք ԱլԳ ապագայի բանալին առաջին հերթին տեսնում ենք ո՛չ ԱլԳ-ում, ո՛չ էլ ԵՄ-ում, այլ հենց Ռուսաստանում։ Մեր կարծիքով՝ առաջիկայում Պուտինի դիրքորոշումը, նրա կողմից ցուցաբերված հակազդեցության աստիճանը կշարունակի մնալ վճռորոշ գործոն (քանի դեռ Պուտինը կլինի իշխանության ղեկին Ռուսաստանում)։ Այնպես որ ԱլԳ ապագայի համար թիվ մեկ խնդիր ենք համարում Պուտինի վարչակարգի ներկայիս հակազդեցությունը և հետո նոր ԵՄ-ի ներսում ուժերի ապագա դասավորությունը (տարբեր երկրների առաջնորդներն իրենց աշխարհայացքներով մեծապես պայմանավորելու են ԱլԳ ապագան)։ Ամեն դեպքում այս երկու խնդիրները որոշակի փոխկապակցված են միմյանց, և առաջին խնդրի լուծումը (Պուտինի վարչակարգի հեռացումը) լրջորեն ազդելու է երկրորդ խնդրի լուծման (ԱլԳ անդամակցության հանդեպ ԵՄ-ի մի շարք երկրների բացասական դիրքորոշման մեղմացման) վրա։

Ռուսաստանի կողմից թույլ հակազդեցությունը կամ էլ դրա ընդհանրապես բացակայությունը («Նոր Ռուսաստանը», թերևս, իրեն կհամարի եվրոպական ընտանիքի մաս) էապես կմեղմի ԵՄ-ի մի շարք երկրների ներկայիս խիստ դիրքորոշումն ԱլԳ-ի ապագայի հանդեպ և մեծ հեռանկարներ կբացի ԱլԳ անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան տեղ զբաղեցնել ԵՄ-ի շարքերում։ Չենք բացառում, որ «Նոր Ռուսաստանն» ինքը շահագրգռված կլինի դառնալու ԵՄ-ի անդամ, և որ այդպիսի իրավիճակում դեպի ԵՄ, թերևս անխոս, կձգտեն ԱլԳ մասնակից բոլոր երկրները։ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ԱլԳ երկրները կկարողանան ոչ միայն մեծացնել իրենց տնտեսական բարեկեցությունը (տարբեր բարեփոխումների միջոցով), այլև լուծել «խորհրդային ժառանգություն» համարվող սեփական տարածքային ձգձգվող կոնֆլիկտները (ինչպես որ դա տեղի ունեցավ Բալկաններում), ինչը լրացուցիչ խթան կդառնա ԱլԳ անդամ երկրների եվրոպական ձգտումների համար:

Անի Եղիազարյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

Քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում