Տարկետում ստանալու չափանիշները կարող են մեղմացվել

Տարկետում ստանալու չափանիշները կարող են մեղմացվել

PanARMENIAN.Net - Գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշները, որոնց բավարարման դեպքում տրվում է տարկետման իրավունք, կարող են մեղմացվել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ. դրանց սահմանային արժեքների բավարարման դեպքում ՀՀ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք:

Նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր:

Նշվում է, որ օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով:

«Առաջինը՝ հաշվի առնելով որակյալ մասնագիտական կադրերի անհրաժեշտությունը Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպես նաև որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը, օտարերկրյա հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրումը կարող է հսկայական նշանակություն ունենալ երկիրը որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից: Երկրորդ՝ հայրենադարձությունը հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն: Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը», - նշվում է նախագծի մեջ:

Ավելի վաղ, ՀՀ նախկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ տարկետման իրավունք կստանան առանձնակի տաղանդ ունեցող այն ուսանողները, որոնց առաջադիմության ցուցանիշը կկազմի 100 բալ: Դեռևս գորոծող որոշմամբ, ուսանողները պետք է դիմում ներկայացնեն հանձնաժողովին, եթե համարում են, որ իրենք արժանի են տարկետումից օգտվելու: Հանձնաժողովը սահմանում է 100 բալանոց սանդղակ։ Եթե ուսանողի միավորները 80 կամ բարձր են, նա ստանում է տարկետում։

2017-ին ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է տարկետման իրավունքը: Օրենքով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---