×


gorgeouz beats. hայկական երաժշտության նկատմամբ սիրուց ծնված նախագիծը

gorgeouz beats-ի անսովոր երաժշտական գործերը վաղուց տարածվել են ու մեծ հետաքրքրություն առաջացրել համացանցում, սակայն այն ստեղծողների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Դրա համար էլ BRAVO.am-ը հանդիպեց նախագծի հիմնադիր Գոռ Ղուկասյանի եւ պրոդյուսեր Արարատ Դիլոյանի հետ: Նրանք պատմել են իրենց երաժշտական լաբորատորիայի ու այնտեղ կատարվող փորձարկումների, հայկական երգերի ուժի եւ իրենց ուղերձների մասին:

- Սկսենք գաղափարից, թե ինչպես որոշեցիք ստեղծագործել ու երաժշտական նոր գործեր ստանալ:

Գոռ. Վաղ մանկությունից է սկսվել, քանի որ սովորել եմ երաժշտական դպրոցի երգչախմբային բաժնում: Բայց հենց ստեղծագործել սկսել եմ այն բանից հետո, երբ 11 տարեկանում լսել եմ Թուփաքին ու ծանոթացել ռեփին եւ հիփ-հոփին. այդ ամենը նորություն էր ինձ համար, հասկացա, որ նման երաժշտություն էլ գոյություն ունի: Սկզբում ստեղծագործելը զուտ հետաքրքրություն ու զբաղմունք էր. ծրագիր գտանք ու սկսեցինք ռեփերների բիթեր սարքել: Բայց եղավ ժամանակ, որ այդ ամենը մի կողմ դրեցի ու ընդունվեցի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին: Չմոռացա այդ նախասիրությանս մասին, թեեւ ակտիվորեն չէի էլ զբաղվում:

Արարատ. Այդ ժամանակ դեռ մեզ համար էինք ստեղծում, համացանցն այդքան էլ  զարգացած չէր, որ տարածեինք: Ընկերական ու բարեկամական շրջանակներն էին միայն լսում:

Գոռ. Ինստիտուտում ենք ընկերացել Արարատի հետ: Այս գործում մենակ չեմ. 3-4 հոգի է եղել, որ ակտիվ մասնակցություն է ունեցել:

Գոռ Ղուկասյանը


- Ինչո՞ւ հենց gorgeouz beats, գիտեմ, որի բառի ընտրության հետ կապված հետաքրքիր պատմություն կա:

Գոռ. Երբ դպրոցական տարիքում 4-5 բիթ էի վաճառել ռեփերներին, որոշեցի, որ ինձ բեմական անուն է պետք: Բիթ բառը շատ տարածված է, ու պրիմիտիվ կլիներ համադրել Գոռի հետ: Քանի որ ռեփի մայրենի լեզուն անգլերենն է, դրա համար բացեցի անգլերեն-հայերեն բառարանն ու սկսեցի փնտրել բառ, որի մեջ կլիներ Գոռ: Եվ ամենահարմարը gorgeous-ն էր՝ հիասքանչ իմաստով, մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ (ծիծաղում ենք, -հեղ.):

Արարատ. Բայց մեր տարբերակում z-ով է գրվում:

Գոռ. Ամերիկյան ժարգոնով է բառն այդպես օգտագործվում:

- Իսկ ինչո՞ւ եք նախընտրում Ձեր դեմքը ցույց չտալ, լուսանկարվել էլ չցանկացաք զրույցի ընթացքում, համաձայնեցիք բացառության կարգով միայն մի քանի լուսանկար BRAVO.am-ին տրամադրել: Խորհրդավորությո՞ւն եք պահում:

Արարատ. Այսօր փուչ գործ անելիս էլ ամեն ինչ շատ է հանրայնացվում, իսկ մենք նախընտրում ենք, որ առաջին պլանում լինի արտադրանքը, ոչ թե այն ստեղծողը: Շատ քչերը գիտեն, որ Գոռը լեյբլում միակ բիթ ստեղծողն է, նա է հիմնադիրը, բայց ընկերների ու համախոհների թիմ ունի, որոնք ամեն կերպ աջակցում են: Ազգային երաժշտության գաղափարն է բոլորին միավորում ու համախմբում, ուզում ենք, որ այն չմոռացվի: Միտքն այն է, որ մեր ազգայինը երիտասարդ սերնդին ավելի մատչելի լինի ու ականջին հաճելի: Ստեղծում ենք հնի ու նորի սինթեզ՝ ինքնատիպ մատուցմամբ:



- Գոռ, պատմեք մի քիչ Ձեր գործերի նպատակի ու ստեղծագործական փուլի մասին, ինչպե՞ս են գաղափարները ծնվում Ձեր գլխում:

Գոռ. Գաղափարներն անվերջ են, բայց ամեն ինչ մեր հայկական երաժշտության նկատմամբ պարզ սիրուց է ծնվում: Ես այդկերպ եմ ժամանակը զգում ու ներկայացնում երգերը: Իսկ նպատակը մեր երաժշտությունը կենդանի պահելն ու հասկանալի դարձնելն է: Իմ սերունդն ու ավելի փոքրերը քիչ են տեղյակ մեզ դարերով ժառանգված երաժշտությունից: Ես կարողանում եմ այնպես մատուցել, որ այն հասկանալի լինի ամենափոքրերից մինչեւ մեծերը. մեր նախագծի առաջնային անելիքն ու նպատակը հենց դա է: Օրեցօր այս ամենն ինձ ավելի ու ավելի է հետաքրքրում եւ կապում հայկական մաքուր, իսկական երաժշտության հետ: Արխիվներում ահռելի քանակությամբ երաժշտություն ու երգեր կան, որոնք, չգիտես ինչու, մեզ հասանելի չեն ու տաքուկ պահվում են: Ճիշտ է՝ armenian radio archive հավելված կա, որի մեջ որոշ նյութեր տեղադրել են (Հանրային ռադիոյի թվայնացված արխիվը, -հեղ.), բայց կարծում եմ, որ վինիլներում եղածներն էլ կարելի է որակյալ թարմացնել ու ներկայացնել:

Արարատ. Այնպիսի գոհարներ ունենք, որոնք հասանելի չեն ո՛չ անվճար ու ո՛չ էլ վճարովի հարթակներում: Եթե այն չպիտի մատուցվի, էլ ինչի՞ համար է: Մենք, որպես ստեղծագործող մարդիկ, միշտ նորի կարիքն ունենք, անընդհատ նույն արտիստներին անդրադառնալն էլ ճիշտ չէ: Այդ նորության պակասը հենց դրանով է պայմանավորված: gorgeouz beats-ին հաճախ են գրում ու խնդրում անդրադառնալ տարբեր գործերի, բայց կարեւոր է, որ դրանք դիպչեն մարդկանց սրտերին:



- Դուք ներկայանում եք որպես երաժշտական փորձարարական լաբորատորիա, ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, որ համադրվում են անհամատեղելի թվացող Բաբաջանյանն ու Թուփաքը:

Գոռ. Միշտ փորձել եմ ստանալ այն երաժշտությունը, որն ուզում եմ լսել, եւ որը մշտապես հնչում է գլխումս: Ինձ հետ այդպես հաճախ է լինում, բացի այդ, նաեւ իմ հեղինակային երաժշտությունն էլ ունեմ, ուղղակի այնքան շատ եմ միքսել, որ երբեմն դրա մասին մոռանում եմ: «Այրիվանը» սարքելուց հետո 3-4 ամիս էր անցել, ու երբ հարցրին, թե ում գործն է, չհիշեցի: Որոշ ժամանակ անցավ, նորից նույն հարցը տվեցին, նախագծերը բացելուց հետո միայն հասկացա, որ այն որեւէ տեղից չեմ վերցրել, ինքս եմ նվագել, պարզապես մտքիցս թռել էր (ծիծաղում է,-հեղ.):



- Իսկ ամենաանհավանականը Ձեր պատկերացմամբ ո՞րն է ստացվել, որը նաեւ Ձեզ է զարմացրել ու անսպասելի արձագանքներ ունեցել:

- Հենց ամենաառաջին գործն էր՝ «Շուշիկի»-ն:  2019-ի նոյեմբերին հրապարակեցի ու մտածում էի՝ ընկերներս էլ ներառյալ հազիվ 100 հոգի կլսի (ծիծաղում է,-հեղ.): Բայց զգացի, թե «Շուշիկի»-ն ինչպիսի դռներ ու ճանապարհներ է բացում մեր առաջ: Պատրաստվում էի այն Ֆեյսբուքում հրապարակել, երբ ընկերս զանգահարեց ու հարցրեց, թե ինչո՞վ եմ զբաղված: Նրան պատմեցի, որ «Շուշիկի»-ն միքսել եմ, բայց Կոմիտասին համապատասխան նկար չեմ գտնում, բոլորում մռայլ է ու տխուր, մինչդեռ իրականում նա բնավ էլ այդպիսին չի եղել: Քիչ անց ուղարկեց իլյուստրացիան: Մեկ այլ ծրագրով մոխրագույն ֆոնը դեղին սարքեցի ու հրապարակեցի:



Մեկնաբանություններում մի տղա գրեց, որ ուզում է բիթը վերցնել ու ռեփ անելու համար փոխել, չառարկեցի: Հետո ինձ ուղարկեց իր տարբերակն ու հետն էլ որպես նվեր լոգո էր տեղադրել: Այն մի քիչ փոխեցինք ու հիմա մեր տարբերանշանն է. դռներ բացվել ասելով՝ սա նկատի ունեի: Ապա մեկնաբանություն եղավ Մոս Ատյանից. «Ուրախալի է, որ Կոմիտաս սիրում եք, բայց լավ չի, որ իմ սարքած իլյուստրացիան օգտագործել եք՝ առանց անունս նշելու»: Հետագայում նրա հետ ընկերացանք, եւ մեզ համար Առնո Բաբաջանյանի ու Հայրիկ Մուրադյանի իլյուստրացիաները սարքեց: Ուրախալի էին նաեւ «Լեբլեբիջի»-ի արձագանքները, բայց պատկերացնում էի, որ այն պիտի հաջողություն ունենա:



-Ինչի՞ արդյունքում եք կանխազգում՝ մարդկանց պահանջները լա՞վ գիտեք, թե՞ ազգայինի կարիքը հիմա շատ ունեն:

- Ցանկացած ոլորտում ստեղծագործող մարդ սեփական երեւակայությունից ու մտքերից բացի, ունենում է նաեւ հավաքական մտածելակերպ: Մենք ապրում ենք այս երկրում ու քաղաքում, կարող ենք զգալ, թե այս պահին ինչն է անհանգստացնում մեր հայրենակիցներին կամ ինչն է ոգեւորում: Երբ ամբողջ մոլորակի հետ մի օրգանի պես ես, զգում ես, թե ինչ է կատարվում:

- Իսկ ինչի՞ շնորհիվ եք կարողանում այդ ամենը զգալ:

- Ունեմ ընկերներ, որոնք առանց իրենց կյանքը խնայելու պատրաստ են ամենավտանգավոր ու դաժան տեղերը գնալ ու անել այն ամենը, ինչ պետք է մեր ազգին:

- Պատերազմը նկատի ունեք, պատրաստ են գնա՞լ, թե՞ արդեն գնացել են:

- Այո, գնացել էլ են ու կգնան էլ, ես էլ եմ իրենց հետ եղել, խոսքն իմ մարտական ընկերների մասին է, որոնք «Ազատազենն» են հիմնել: Վերջերս հաճախ են ասում. «Բա մերօրյա իսկական հայերը, Մոնթեներն ու մյուս հերոսները որտե՞ղ են», իմացեք՝ նման մարդիկ կան, ուղղակի իրենք էլ պետք է զարգանան, աճեն ու հենց պահը գա, կերեւան:

Գոռ Ղուկասյանը


- Ազգային երաժշտության ու պարի իմաստը նաեւ դրանում է, որ մարդկանց պայքարի ու չհանձնվելու ոգի փոխանցեն, մինչդեռ մենք հաճախ այդ մասին մոռանում ենք: Երբ Ձեր գործերում եք ադրադառնում ազգայինին, ի՞նչ ուղերձ եք փորձում տալ:  

- Իզուր չէր, որ առաջինը ռազմահայրենասիրական երգերից սարքեցի «Զարթնիր, լաո»-ն: Բավական տարածվեց, որովհետեւ մարդիկ դրա կարիքն ունեին: Հասկացան, որ փաստորեն իրենք միակը չեն, որ մտածում են այդ մասին ու ուզում, որ լաոն զարթնի: Թեման կարեւոր էր ու շատերին հուզող: Ճիշտ է՝ պատերազմից առաջ եմ հրապարակել, բայց հատկապես այդ օրերին սկսեցին շատ լսել ու տարածել: Ընկերներիցս մեկն էր զանգել ու ասաց. «Այնքան լավ կլինի, որ չմեռնես ու գաս տեսնես, թե ինչ է կատարվում» (ծիծաղում ենք,-հեղ.): Պատասխանեցի. «Կփորձեմ»:



- Բոլոր առումներով շատ լավ է, որ ողջ մնացիք ու վերադարձաք:

- Սեպտեմբերի դեպքերի ժամանակ էլ զգացի, որ էլի խուճապ է տարածվում: 20 րոպեանոց միքս սարքեցի, «Արծիվ, սլացիր» երգի մեջ էլ Մոնթեի բառերն ավելացրի ու տեղադրեցի YouТube-ում: Կապ չուներ՝ այն 1 մարդ կլսի, թե հազարները, կարեւորը ծանր վիճակում հայտնված գոնե մեկին օգնելն էր: Ուզում էի վերջապես սկսենք հասկանալ, որ այն, ինչ հիմա մեզ հետ կատարվում է, մեր իսկ թույլ տվածն է: Կարծիքներից հասկացա, որ նպատակին հասել եմ՝ «Սա ինձ ուժ է տալիս», «Այն է, ինչ պետք է», վատ բաներ էլ եղան, թե «Փչացրեք ամեն ինչ», լսել եմ անգամ, որ որոշ մարդիկ մեր երաժշտությունը դիվական են համարում:

Արարատ. Նորմալ է, որ ոչ բոլորն են հավանում մեր բիթերը ու տարատեսակ կարծիքներ ունեն: Բազմաթիվ են մարդիկ, որոնք սիրում են փնովել ու ասել. «Փչացրիք այն ամենն, ինչը ստեղծվել է միչ օրս»:

Գոռ. Ինստագրամում հարցում արեցինք, թե ինչպիսին էր նոր ալբոմն, ու ինձ շատ գոհացրեց պատասխաններից մեկը, որ մեզ լսում են վիրահատարանում:

- Մեկնաբանություններից հասկացել եմ, որ առանձնահատուկ շատ են սպասում Ձեր կինոերաժշտությանը:

- Մանավանդ «Տղամարդիկ»-ն են շատ լսում, հավանում են հատկապես 40-55 տարեկան տղամարդիկ՝ մեր հայրիկների սերունդը. յուրահատուկ վերաբերմունք ունեն: Դե, «Տղամարդիկն» ինձ համար 2-րդ ամենալավ հայկական կինոն է:



- Իսկ որի՞ց հետո:

- «Մենք ենք, մեր սարեր»-ից:

- Առաջիկայում ի՞նչ սպասեն ձեզնից ու ինչի՞ վրա եք հիմա աշխատում, եթե, իհարկե, նախապես խոսում եք պլաններից:

Արարատ. Արի մոտավոր ասենք, որ ստեղծագործական բուռն ընթացքի մեջ ենք ու շուտով նոր ալբոմ է սպասվում:

Գոռ. Վերջին՝ «Տարբեր» ալբոմը բավական արագ հրապարակեցինք, հիմա սկսել եմ ավելի մանրամասն աշխատել: Արարատի նշած նոր ալբոմը դեռ քննարկման փուլում է, լրիվ նոր ձեւաչափ է լինելու, բայց թեմաները նույնը կմնան՝ էլի հին երեւանյան ու հայկական: Առայժմ այդքանը կարող եմ ասել: Հայաստանի համար նոր բան կլինի, թեեւ աշխարհում արվել է ու արվում է:

- Իսկ ո՞ւմ հետ եք համագործակցում, թե՞ անուններ էլ չեք կարող հրապարակել:

Արարատ. Ցավոք, այդ տեղեկությունն էլ դեռ փակ է, բայց երբ իմանաք, կզարմանաք:

Գոռ. Մինչ ալբոմը թողարկելը համագործակցություններ ենք նախատեսում այլ արտիստների հետ, հնարավոր է նաեւ՝ գիշերը մի բան սարքեմ ու առավոտյան հրապարակեմ: Նախորդ ալբոմում Միշոյի հետ ենք աշխատել, արդյունքը մի կողմ դրած՝ ստացված համագործակցություն եմ համարում, ստեղծագործական ընթացքը հիանալի էր, իրար մտքեր էինք տալիս ու զարգացնում դրանք:



- Ու վերջում՝ ի՞նչ կուզեք ասել այն մարդկանց, որոնք լսում են ձեզ ու սպասում նոր գործերի:

Գոռ. Շնորհակալ եմ մեր լսարանին: Ինձ համար միշտ կարեւոր ու հետաքրքիր են մեկնաբանությունները եւ առողջ քննադատությունը: Ուզում եմ իմանալ, թե մեր գործերն իրենց նպատակին հասնո՞ւմ են, թե՞ ոչ: Լավ արդյունքի մասին է խոսում այն, երբ երիտասարդ մայրերն իրենց երեխաների համար են երգերը միացնում կամ բժիշկները՝ վիրահատարանում, շատերից եմ լսել, որ գործ անելիս են նախընտրում լսել: Ուրախ եմ, որ կարողանում եմ այնպիսի երաժշտություն ստանալ, որը մարդկանց հետ է կյանքի լուրջ ու կարեւոր պահերին:

Մի բան էլ ուզում եմ ասել ստեղծագործող մարդկանց՝ այսպիսի խնդիր եմ նկատել, տպավորություն է, որ մեծ մասը փակվել է տներում՝ համարելով, թե անորակն այնքան շատ է, որ իր արածը չեն գնահատի: Ուզում եմ հասկանան, որ տաղանդն իրենց իզուր չի տրվել ու նաեւ պատասխանատվություն ունեն դրա համար, կարող են շատ օգտակար ու նշանակալի գործեր անել մեր երկրի համար:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարներն՝  gorgeouz beats-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին