Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
IMG_tt7427

«Իմ քայլը»ակցիայի մասնակիցները մտան Ռադիոտան շենք, անվտանգության աշխատակիցը սպառնաց ատրճանակը հանելով։ Սակայն քաղաքացիները  կարողացան բարձրանալ վերեւ՝  ձեռքերը վեր բարձրացրած։  Նիկոլ Փաշինյանը ռադիոտանը եթեր էր խնդրում՝ բողոքելով, որ մեդիա դաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը։  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ՝ պահանջելով ուղիղ եթեր, այնուհետև ընդդիմադիր պատգամավորին մոտեցավ հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը։ Հանրային ռադիոյի ղեկավարությունը համաձայն է ուղիղ եթեր տրամադրել, սակայն երեկոյան յոթին, ինչպես նաև առաջարկում են, որ հաղորդավարը վարի եթերը, ինչին Նիկոլ Փաշինյանը դեմ էր. «Այստեղ եմ ուղերձով դիմելու համար»։ Ներկաները վանկարկում են՝ հիմա, հիմա։  Ի դեպ, այս ընթացքում մի քանի րոպեով Կենտրոնը հոսանքազրկվեց, այդ թվում Հանրային ռադիոյի շենքը; Նիկոլ Փաշինյանը  ներկաներին խնդրեց իրեն 5-10 րոպե իրեն ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը պատրաստի իր ուղերձը եւ հնարավոր տարբերակով ներկայացնի հանրությանը։ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ ուղիղ եթեր չտրամադրեցին Հանրային ռադիոյում, և վերջինս հանդես եկավ ներկա լրագրողների առջեւ։ ««Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները մտել են Հանրային ռադիոյի շենք՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը խորհրդի ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը և ընդհանրապես հեռուստատեսությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին։ Հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումը և Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը։ Ստահոդ քարոզչության ֆոնին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս ՀՀ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորության, պատրաստվում է վերստին զավթել իշխանությունը»։ Ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից։  Ի դեպ, հոսանքազրկումից հետո FM ցանցով  ՀՌ ռադիոհաղորդումները չեն հեռարձակվում։