Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոթքում նկատելիորեն աճել է բնակչության եւ ծնունդների թիվը

Սոթքում նկատելիորեն աճել է բնակչության եւ ծնունդների թիվը

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է 12 ծնունդ, որը, ըստ Սոթքի գյուղապետարանից ներկայացված վիճակագրության, 8-10 տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3-4 անգամ:

«Եթե 10 տարի առաջ Սոթքում տարվա ընթացքում ծնվում էր ընդամենը 4-5 երեխա, հիմա այդ թիվը մոտենում է 18-20-ին: Վերջին տարիներին Սոթքում ավելացել են ոչ միայն ծնունդները, այլ նաեւ տնտեսությունների եւ բնակչության քանակը: Այսպես, 2008 թվականին Սոթքն ուներ 860 բնակիչ, հիմա արդեն այդ թիվը 975 է, եւ շատ մոտ է ժամանակը, որ մեր բնակչությունը պետք է հատի հազարի սահմանը: Եթե նույն տարում մենք ունեինք 260 տնտեսություն, հիմա արդեն այդ թիվը հասել է 275-ի եւ հետագա աճի միտումներ է դրսեւորում:Եթե 10 տարվա հեռավորությամբ տարեկան գյուղից մինչեւ 6-7 ընտանիք հեռանում էր, հիմա այդ թիվը հասնում է 1-2-ի, իսկ փոխարենը այդ տարիների ընթացքում մեզ մոտ ավելի քան 15 ընտանիք է վերաբնակություն հաստատել»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ գոհացուցիչ հանգամանքն այն է, որ գյուղի երիտասարդների հիմնական մասը, ավելի քան 80 տոկոսը, իրենց ապագան կապում են գյուղի հետ եւ ապրում ու աշխատում են տեղում:«Գյուղից հիմնականում դուրս են գալիս աղջիկների մի մասը՝ ամուսնանալով այլ բնակավայրերում, սակայն մենք էլ դրսից հարսներ ենք բերում, եւ երիտասարդ տարիքի մարդկանց թվաքանակը հիմնականում հավասարակշռվում է:Մեր համայնքը քայլ առ քայլ զարգանում է:Առավել լուրջ զարգացում է ապրել հողագործությունը, հատկապես՝ կարտոֆիլագործությունը: Անասնապահությունը, թեև հետ է մնում հողագործությունից, սակայն այն նույնպես գտնվում է հետագա զարգացման ճանապարհին: Միջոցներ ենք փնտրում՝ ոռոգման համակարգի զարգացման ու արդիականացման ուղղությամբ, որով հարյուրավոր հեկտար տարածքներ կփորձենք դարձնել ոռոգելի:Ձեռք ենք բերել հացահատիկահավաք կոմբայն, նորագույն տրակտոր՝ իրեն ամրացվող գյուղգործիքներով:Գյուղում ապրող 275 ընտանիքներից մոտ 200-ի ունեն մարդատար կամ բեռնատար ավտոմեքենաներ: Տարեկան 20-20 ավտոմեքենա են ձեռք բերում տնտեսությունները:Գյուղում կարգավորվում են խմելու ջրի շուրջօրյա մատակարարման, ճանապարհների նորոգման, հանդիսությունների սրահի բացման հետ կապված խնդիրները, աստիճանաբար բարելավվում են մարդկանց կենսապայմանները այն աստիճան, որպեսզի ընտանիքները հիմնավորապես ամրանան տեղում »,-տեղեկացրեց Կոլիկ Շահսուվարյանը :

Օրեր առաջ Սոթքում բացվել է 200 տեղանոց հանդիսությունների սրահը, ուր արդեն կատարվել են արարողություններ, իսկ ահա նորակառույց մանկապարտեզը եկող ամսվա ընթացքում իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների առաջ:«Նախապես կբացվի 1 խումբ՝ 25 սաներով, այնուհետ եւս մեկ խումբ կունենանք, որի համար նույնպես ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մանկապարտեզի բացումը Սոթքի համար կլինի իրադարձություն, քանի որ համայնքի ձեւավորումից ի վեր՝ 1988 թվականի վերջերից, մարդիկ այդ խնդրով միշտ մտահոգ են եղել»-ամփոփեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]