News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակ է տրվելու, որպեսզի բուհերն անցնեն միջազգային ընդունելի համակարգերի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԿԳՆ-ում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում, ՀՀ ռեկտորների խորհրդի նիստում նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային մի քանի քննարկումների միջոցով մանրազննին անդրադառնալ նախագծի բոլոր հոդվածներին: Բացի այդ, քննարկում է տեղի ունեցել նաեւ ոչ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ, որը վարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ով նշել է, որ օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման՝ հորդորելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներկայացնել իրենց առաջարկությունները եւ դիտողությունները նախագծի վերաբերյալ: 

«Նախագիծն անցել է մի քանի փուլերով եւ բավականին սկզբունքային փոփոխությունների ենթարկվել, որի ընթացքում հաշվի են առնվել նաեւ ձեր կողմից ներկայացված դիտողությունները: Ներկա բուհական համակարգը, մեր միջազգային գործընկերների գնահատականով եւս, կարիք ունի նոր կառուցվածքային փոփոխությունների, հետեւաբար ժամանակ է տրվելու, որպեսզի բուհերն անցնեն միջազգային ընդունելի համակարգերի: Ոչ պետական համակարգի առումով պետք է նշել հետեւյալը՝ ՀՀ բուհերի շուրջ 89 հազար ուսանողից ոչ պետական սեկտորում սովորում է շուրջ 12 հազարը: Եթե այդ թվից հանենք 6-7 հիմնական ոչ պետական բուհերի սովորողներին, ապա կարելի է փաստել, որ մնացած երկու տասնյակ բուհերում սովորում է շուրջ 3 հազար ուսանող: Սրանից էլ սկսվում է մասնավոր հատվածի հիմնական խնդիրը:

Նոր օրենքով ամրագրվում է բացարձակ հավասարություն՝ սեփականության ձեւերի իմաստով: Համակարգի կենտրոնում դնում ենք ուսանողին, ՀՀ-ն դիտում որպես մեկ համալսարան, որտեղ գործում են մասնավոր եւ հասարակական համալսարաններ: Պետական համալսարան հասկացությունը դուրս է գալիս, եւ սեփականության ձեւով է որոշվում բուհի տիպը:

Օրենքում առկա է նաեւ կրեդիտային, կառավարման  եւ հավատարմագրման համակարգերի փոփոխություն: Վերջինս դնում ենք երկու հարթության վրա՝ ինստիտուցիոնալ եւ մասնագիտությունների հավատարմագրում, որը նախեւառաջ վերաբերելու է պետական բուհերին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի վերջին տարբերակի վրա Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում աշխատել է բարձրագույն կրթության ոլորտում այսօր աշխարհում հայտնի ամենահեղինակավոր փորձագետների խումբը, որոնց հիմնական դիտողությունները ներառվել են նախագծում:

«Այս օրենքը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթության մեջ բացարձակ ճկունության՝ երկակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, կոնսորցիումների ձեւավորում՝ միազգային եւ տեղական, բուհի ներսում քոլեջ կամ դպրոց՝ իրավաբանական անձի կարգավիճակով, ինչպես նաեւ կրթահամալիր: Բացի այդ, այն թույլ է տալիս, որ բուհը միջազգային համալսարանների հետ մտնի ցանկացած հարաբերության մեջ՝ սկսած ամբիոնի հիմնադրումից մինչեւ համատեղ վկայականներ: Այս իմաստով փորձագետներն օրենքը գնահատում են դրական՝ բավարարված լինելով նաեւ դրանում հավասարության սկզբունքի պահպանմամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 3 տարի ժամանակ է տրվելու բուհերին՝ այս համակարգին անցնելու համար:

Նախարարի ելույթից հետո բուհերի ռեկտորները մի շարք հարցեր են ուղղել Լեւոն Մկրտչյանին, ինչպես նաեւ հնչեցրել իրենց առաջարկությունները եւ դիտողությունները օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք, մասնավորապես, առնչվել են ինստիտուցիոնալ հավատարմագրման, բուհերի խոշորացման, համալսարանների ինքնավարության եւ այլ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ