Մի քանի մարզերում գյուղապետներին ստիպում են ամեն ինչ անել, որ «Այո»-ն հաղթի. Գորգիսյան
«Մենք դեմ չենք, որ ԼՀԿ-ի կողմից լիցենզավորված քաղաքացիները մասնակցեն ընտրական պրոցեսի պատշաճ կազմակերպմանը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը
Նա նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրական պրոցեսը ոտնահարվել և խեղաթյուրվել է, այդ պատճառով էլ վստահությունը ընտրական գործընթացի վերաբերյալ անկում է ապրել։
«Վերջապես մենք ունենք իրավիճակ երկրում, երբ մարդիկ հավատում են ընտրական պրոցեսներին։ Եվ եթե այս պարագայում ընտրության գործընթացը կազմակերպված լինի միայն «Այո» քարոզողների կողմից, դա կնշանակի՝ հերթական անգամ կասկածի տակ են դրվելու ընտրության արդյունքները, և քաղաքացիները հերթական անգամ սկսելու են այլևս չվստահել ընտրական համակարգին։ Ըստ այդմ, կարևորելով ընտրական պրոցեսի և ընտրության ինստիտուտի դերը, մենք որևէ կերպ չենք խոչընդոտելու մեր քաղաքացիներին, որ նրանք գնան և որպես ընտրական պրոցեսի կազմակերպչական աշխատանք կատարեն»,- ասաց Գորգիսյանը։
Ըստ պատգամավորի, շատ կարևոր է, որ տեղամասերում օբյեկտիվ մարդիկ լինեն, որպեսզի ձայները ճիշտ հաշվեն և վերահսկողություն իրականացնեն։
«Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե ընտրությունները բոյկոտողներն ավելի շատ են վնասելու ժողովրդին, քան «Ոչ»-ի ճակատը, Գորգիսյանն արձագանքեց, նշելով՝ երկրում պետք է լինի տարակարծություն, և ցավալիէ, որ իշխանությունը դա չի հասկացել։
«Ցանկացած պրոցեսի մարդիկ կարող են լինել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Ես ցավում եմ, որ մեր երկրի ղեկավար ուժը դեռ հեղափոխության և հակահեղափոխության կռիվ է անում։ Այո, մենք չենք մասնակցելու ընտրությունների գործընթացին, մյուս քաղաքական ուժերին էլ ենք նույնը կոչ արել։ Ժողովրդին էլ ասել և ասում ենք՝ սա ապօրինի պրոցես է։ «Այո» քարոզողները փորձում են իրավիճակը սրել։ Դա վկայում է այն մասին, որ նրաք չունեն ասելիք, չեն կարողանում բացատրել հանրությանը՝ ինչու ասել «Այո»։ Այստեղ մի խնդիր էլ կա՝ իշխանությունն իրեն ուզում է նույնացնել ժողովրդի, պետության հետ։ Մեր քայլը, միանշանակ, օգուտ է ՀՀ-ին և նրա քաղաքացուն»,- ասաց Գորգիսյանը։
Նա կոչ արեց կենտրոնանալ ավելի լուրջ խնդիրների վրա, ապա որպես օրինակ ներկայացրեց գյուղացիների խնդիրը, որ չկա ոռոգման ջուր, չկա պարարտանյութ.
«Էս բոլոր խնդիրները բաց թողած, ամբողջ քաղաքական մեծամասնությունը զբաղված է ինչ-որ երևակայական խնդիրներ լուծելով։ Էսպես մենք առաջ չենք գնա, էսպես երկիրն հետընթաց է ապրում»։
Գորգիսյանը շեշտեց՝ որևէ քաղաքական ուժ իրավունք չունի միանձնյա ներկայանալ ժողովրդի անունից։ Պատգամավորը պնդեց, որ իրենց խմբակցության բոլոր գործողությունները միտված են ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերը սպասարկելուն։
Պատգամավորը նշեց՝ արդեն ահազանգեր են ստանում տարբեր մարզերից, որ մարզպետներն իրենց մոտ են կանչում գյուղապետներին և պարտադրում, որ իրենց գյուղերում «Այո»-ն հաղթի.
«Երեք-չորս մարզերից արդեն ստացել ենք ահազանգեր, որ մարզպետը բոլոր գյուղապետների հետ հանդիպում է ունեցել և ասել՝ ամեն ինչ պետք է անել, որ «Այո»-ն հաղթի։ Հին «Հանրապետական» մեթոդներն ենք մենք այսօր տեսնում։ Ես կոչ եմ անում ուղղակի մնալ օրենքի սահմաններում»։
Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, թե պետք չէ իրենց «արջի ծառայություններ» մատուցել, իրենք վարչական ռեսուրս գործի դնելու կարիք չունեն՝ Գորգիսյանը նշեց՝ հույս ունեմ, որ պարոն Պապիկյանը նույն մարզպետներին ներքին կարգով հրահանգներ չի տալու։
«Չեմ կարծում, որ որևէ մարզպետ, իրենց լեզվով ասած, դուխ ունի առանց պարոն Պապիկյանին տեղյակ պահելու գործառույթներ իրականացնել, առավել ևս գյուղապետներին հանդիպել»,- եզրափակեց խոսքը Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
- «Վերնատուն». Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն
- Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն