ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը « ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Քոչարյանի աջակիցները, կարծես թե, ակամա հրաժարվել են իրենց կուռքին քաղբանտարկյալ հռչակելու նախկին մտքից: Դրա ապացույցն է այն, որ թե «Վերնատուն ակումբի» և թե «Մշակույթի 60 գործիչների» հայտարարություններում պահանջվում է ոչ թե անհապաղ ազատ արձակել Քոչարյանին, այլ ընդամենը փոխել նրա խափանման միջոցը: Այսպես.
«Վերնատուն ակումբի» հայտարարությունը. «Մարտի 1»–ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ» :
«Մշակույթի 60 գործիչների» հայտարարությունը: «Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը» (https://www.shantnews.am/news/view/559824.html)։
Որպես կանոն, քաղբանտարկյալների պարագայում երբեք չի պահանջվում նրանց խափանման միջոցը փոխելը, այլ պահանջվում է բացառապես նրանց անհապաղ ազատ արձակումը: 2008-ի Շարժումը ավելի քան երեք տարի իշխանություններից պահանջել է ոչ թե Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների խափանման միջոցի փոփոխությունը, այլ անհապաղ ազատ արձակումը:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ պահանջելով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը, վերոհիշյալ հայտարարությունների հեղինակները նրան անմեղ, հետևաբար` քաղբանտարկյալ չեն համարում, դեմ չեն նրա դատվելուն, միայն աղերսում են, որ իշխանությունները մարդասիրական նկատառումներով փոխեն նրա խափանման միջոցը: Այսինքն` իրենց պաշտպանյալին օգնելու փոխարեն, նրանք, փաստորեն, արջի ծառայություն են մատուցում կամ վերջնականապես կործանում նրան»: