Սիմոնյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին․ Խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ կարգավորմամբ, ներառյալ Արցախի կարգավիճակի հստակեցումը ինքնորոշման իրավունքի հիման վրա

Սիմոնյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին․ Խաղաղության կարելի է հասնել միայն ԼՂ կարգավորմամբ, ներառյալ Արցախի կարգավիճակի հստակեցումը ինքնորոշման իրավունքի հիման վրա

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը` Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:

Խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարևոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին:

Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունից` քննարկելով նաև ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության և փոխազդեցության ձևերը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին:

Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից` այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---