Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում. ՄԱՍ 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում. ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված ելույթը:

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում առաջին անգամ եմ հանդես գալիս, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և բեղմնավոր և առաքինի ծառայություն մաղթել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Բայց ուզում եմ նաև մեզ բոլորիս շնորհավորել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այդ խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև տեղական ու միջազգային   բոլոր դիտորդական առաքելությունների միջազգային կազմակերպությունների և, ընդհանրապես, միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջին էին երրորդ Հանրապետության պատմության մեջ, որի արդյունքները չվիճարկվեցին ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ էլ հանրայնորեն: Հետևաբար ունենք լեգետիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգետիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններով ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքակն փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է և հետագա կատարելագործման ու լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից:  

2018 թվականի ընտրությունները բացառիկ էին նաև իրենց բովանդակային իմաստով, որովհետև Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ և հետևաբար, անձամբ ինձ համար բացառիկ մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի  վարչապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ստանալը:  Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր քվեարկեցին «Իմ քայլը» դաշինքի և անձամբ իմ օգտին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դեկտեմբերի 9-ին գնացին ընտրական տեղամաս և արտահայտեցին իրենց քաղաքական կամքը որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելով: Եվ հետևաբար հարկ եմ համարում ընդգծել, որ ինձ համարում եմ ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի այլև մնացած բոլոր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների, ինչպես նաևվ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վարչապետը, ում առաքելությունը ծառայելն է պետությանը, հայրենիքին և ժողովրդին:

Սիրելի՛ պատգամավորներ,

Պատիվ ունեմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը: Ի՞նչ է ուզում կառավարությունը, ի՞նչ նպատակի է ուզում հասնել առաջիկա 5 տարվա ընթացքում: Մեր նպատակը ձևակերպված է Ազգային ժողով ներկայացված ծրագրի հենց առաջին պարբերությունում, որտեղ մասնավորապես ասվում է, մեջբերում եմ՝ «Առաջիկա հինգ տարիներին՝ Հայաստանի  կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն», մեջբերման ավարտը: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքն արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրարկման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ առնվազն դրանց ստեղծմանն էական մասնակցություն ունենալու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի   և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ տեխնոլոգիատար այս ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը:   

Սիրելի՛ պատգամավորներ,

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի մասին է խոսքը: Այստեղ խոսքը  բոլոր տեսակի տեխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական  տեխնոլոգիաների, տեխնոլոգիաների արտադրության,  տեխնոլոգիական ապրանքների արտադրության, գյուղատնտեսկան  տեխնոլոգիաների, կրթական տեխնոլոգիաների, զբոսաշրջային  տեխնոլոգիաների, պետական կառավարման  տեխնոլոգիաների,  առողջապահական տեխնոլոգիաների,  բնապահպանական տեխնոլոգիաների, պաշտպանական տեխնոլոգիաների,  անվտանգային տեխնոլոգիաների,  շինարարական տեխնոլոգիաների և այսպես շարունակ: Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը: Ասվածն առավել պարզ դարձնելու և մեր ամենօրյա իրականության հետ կապելու համար բերեմ կոնկրետ օրինակ: Մեր խնդիրը պետք է լինի այն, որ օինակ՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցներն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, որ միավոր գյուղատնտեսական արտադրանքի թողարկման համար ավելի քիչ ֆիզիկական ուժ կիրառվի և ավելի շատ մտացվոր ուժ կամ մտավոր աշխատանքի արգասիք, այսինքն՝ տեխնոլոգիա: Ու որպեսզի կոնկրետ այս օրինակը որևէ մեկը չմեկնաբանի որպես քամահրանք էկոլոգիական պահանջների նկատմամբ, վերը մեջ բերված ձևակերպման մեջ մենք առանձնակի կարևորություն ենք տվել Հայաստանի համապատասխանությանը էկոլոգիական բարձր չափանիշներին:  Եվ սա վերաբերում է ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ արդյունաբերությանը, այնպես էլ հանքարդյունաբերությանը և տնտեսության բոլոր ոլորտներին՝ առանց բացառության:

Մեր տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն էկոլոգիական բարձր չափանիշներին՝ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, փոքր և միջին բիզնեսը, քաղաքային տնտեսությունը: Էկոլոգիակասն նոր գիտակցումով  պետք է համակված լինի նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որի էկոլոգիական վարքագծի հեղափոխությունը կարևոր նշանակություն ունի մեր ապագայի համար:  Խոսքն այստեղ վերաբերում է ինչպես ծխող և ծխախոտը գետնին նետող, այնպես էլ շրջակայքի մաքրությունը սեփական անելիքների տիրույթից դուրս դիտող քաղաքացուն:

Մեր նպատակադրումների մեջ է նաև մեր տնտեսության արտահանմանը միտված լինելը: Սա կարևոր է հատկապես Հայաստանը երկար տարիներ համակած մենաշնորհների և մենաշնորհների դեմ պայքարում կառավարության արձանագրած հաջողությունների ֆոնին: Հայաստանի շուկան  չափազանց փոքր է տարբեր ոլորտների թռիչքաձև առաջընթացի հենարան լինելու համար, և արհեստական մենաշնորհային որևէ դրսևորում ինքնին պետք է վկայի երկրի տնտեսության հուսահատ լինելու մասին այն իմաստով, որ ներքին շուկայի համար խելագար և անազնիվ պայքարը վկայում է տնտեսական աշխարհընկալման տեղային և փոքր լինելու մասին: մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին: Խոսքը վերաբերում է նաև միկրոբիզնեսին, փոքր և միջին բիզնեսին, որոնց արտահանման հիմնական և առանցքային խոսղովակը պետք է լինի զբոսարջությունը, ինչպես նաև ապրանքների արտահանումը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, ինտերնետ առևտրի միջոցով:

Արտահանմանը միտված լինելու հրամայականը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, թեթև արդյունաբերությանը: Հուսով ենք առաջիկայում ունենալ նաև ծանր արդյունաբերություն, նույնը վերաբերում է նաև ծանր արդյունաբերության: Հուսով ենք առաջիկայում ունենալ էական ծավալների մետալուրգիա , խոսքը վերաբերում է նաև մետալուրգիային, խոսքը վերաբերում է նույնիսկ բանկային համակարգին, առողջապահությանը և կրթությանը, որոնց հիմնական խնդիրը պետք է լինի իրենց ծառայությունների արտահանումը, իսկ ավելի հասկանալի ասած օտարերկրացի հաճախորդների ներգրավումը:

Իհարկե, ներքին շուկան կարող է և պետք է հենման կետ լինի մեր երկրի տնտեսության բոլոր ճյուղերի համար: Եվ ես կրկին օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել բոլոր ոլորտներում նախընտրությունը տալ տեղեկատվական ապրանքներին և ծառայություններին, բայց և այնպես մեր տնտեսության զարգացման հեռանկարն արտահանումն է, և մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից՝   ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի, Վիետնամի հետ, այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի:   Հայաստանն օգտվում է արևմտյան մի շարք երկրների հետ առևտրային արտոնյալ GSP և GSP+ համակարգերից, այնպես որ արտահանման չօգտագործված պոտենցիալը հսկայական է: Արտահանման ոլորտում  մեր հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարկետինգային խնդիրները, և մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար շուկաների իրական հասանելություն ապահովելու համար:

Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է: Ընդ որում, այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար  կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է, մեր առանցքային հավակնությունը: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը: Եվ սա լինելու է կառավարության գործունեության  հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային  հավասարակշռված համակարգի աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը:  Այս առումով չափազանց էական է վարկերի հասանելիությունը, նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը:   

Եվ ի վերջո, մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: Ի՞նչ է նկատի առնվում ներառական տնտեսություն ասելով: Մեր երկրի տնտեսական աճը և տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից, և ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա և նույնիսկ ցնցումներ առաջացնել:  Մեր նպատակադրումն է ստեղծել տնտեսական մի այնպիսի  համակարգ, տնտեսության այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ, և նրանց ազդեցությունը տնտեսության վրա  լինի հնարավորինս ապակենտրոնացված, հնարավորինս սփռված: Սա չի նշանակում, թե մեր պատկերացմամբ երկրում խոշոր ընկերություններ չպետք է լինեն կամ մենք բացասական ենք վերաբերում խոշոր ընկերություններին: Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ խոշոր ընկերությունների թիվը Հայաստանում շարունակաբար կմեծանա, բայց մյուս կողմից  համախառն ներքին ասրդյունքի վրա առանձին վերցրած ընկերությունների  կամ մեկ ընկերության ազդեցությունն էական չի լինի և այդ ազդեցությունները հավասարակշռված կլինեն այլ ընկերությունների գործունեությամբ, և որ առավել կարևոր է միկրո, փոքր և միջին բիսնեսով:

Ընդհանուր առմամբ, ես կարող եմ արձանագրել, որ մեր տնտեսական նպատակադրումների մեջ չկա շատ կարևոր մի այսպիսի մի նրբություն: Մենք չենք ուզում, որ միկրո բիզնեսը մնա միկրոբիզնես, չենք ուզում, որ փոքր բիզնսեը մնա փոքր բիզնես, միջին բիզնեսը մնա միջին բիզնես: Ընդհաառակը,  ուզում ենք, որ մեր տնտեսական այս շերտերի միջև լինեն հաղորդակցության ուղիներ, և մեր տնտեսության ծավալները աճեն և նրանց հետ մնիկրոբիզնեսը՝  փոքր, միջին և խոշոր բիզնեսը դառնալու հնարավորություն ունենան, և այսպիսի հնարավորություն ստեղծելը նաև մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակադրումներից  է:

Սիրելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա սա է ընդհանուր առմամբ առաջիկա 5 տարիների Հայաստանում տեղի ունենալիք տնտեսական փոփոխությունների մասին մեր ընդհանրական պատկերացումը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրում է տնտեսական աճի քաղաքականությունը տնտեսական զարգացման քաղաքականության փոխարինելու ուղեգիծ: Ո՞րն է երկուսի տարբերությունը՝ ըստ էության այն, ինչի մասին խոսեցի հենց նոր: Կարելի տնտեսական աճ ապահովել մի քանի ընկերությունների գործունեության արդյունքում, բայց սա բացի թվաբանությունից, ուրիշ ոչինչ չի նշանակում, և քաղաքացիները չեն զգում տնտեսական այդ աճի ազդեցությունն ինչքան էլ այն մեծ լինի: Մեզ հարկավոր է տնտեսական զարգացում, ինչպես ասացի՝ համախառն ներքին արդյունքի ձևավորումը, հանրային լայն համագործակցության, հնարավորինս մեծ ու անընդհատ մեծացող թվով ընկերությունների ու մարդկանց գործունեության արդյունք է և հետևաբար դա արդյունք է, որը հասանելի և տեսանելի է բոլորին: Եվ որպես  այդ զարգացման ամենատեսանելի արգասիք կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին և արտահանման տեմպերի բազմապատկմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ պատգամավորներ,

Հենց վերը նշված որակական ու քանակական ցուցանիշների և նպատակների համադրությունն է, որ մենք համարում ենք տնտեսական հեղափոխություն: 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից: Եվ մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը, Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ունեն բավարար քաղաքական կամք, մտավոր ու բարոյական  ներուժ՝ վերը նշված խնդիրների լուծման համար: Եվ ուրեմն, ինչպես 2018 թվականի ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից, ՀՀ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի առաջ, ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի առաջ ազդարարում եմ Հայաստանի Հանրապետությունում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում և հայ ժողովուրդը հաղթելու է աղքատության, գործազրկության, խեղճության ու անգործության դեմ պայքարում:

Ազգային ժողովի մեծարգո նախագահություն,

Սիրելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գլխավոր հարցը, ըստ այդմ, որ ծագում է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին իմ հայտարարությունից հետևյալն է ՝ իսկ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել այդ հեղափոխությունը:  Այս հարցի պատասխանը տրված է կառավարության քննարկվող ծրագրում, որի ամենավերջին պարբերության մեջ ասվում է, որ կառավարության ծարգրի գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի գաղափարական հենքն իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է: Սա ասում եմ արձանագրելու համար, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով  հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը: 2013 թվականին հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր»  հանրային քաղաքական միավորմանը, որը հետագայում դարձավ համանուն կուսակցություն, 5 տարի անհրաժեշտ եղավ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու, այդ հեղափոխությանը հասնելու համար: 5 տարի ՀՀ քաղաքացներին հղած մեր հիմնական ուղերձն այն էր, որ հանրային վերափոխման կարևորագույն գործոնն անհատի վերափոխումն է և որ հանրային վերափոխման էֆեկտի հասնելու ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացու անելիքը սեփական անձի վերափոխումն է: Մենք ասում ենք, որ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է և որ առանց անհատական ջանքի գործադրման չի կարող լինել որևէ փոփոխություն, առավելևս քաղաքական: Մեզնից քաղաքական հեղափոխություն պահանջող մեր սիրելի հայրենակիցներին մենք անընդհատ և հետևողական բացատրում էինք, որ մենք հեղափոխությունն իրականացնողը չենք, այլ ընդամենը դրա համար հարթակ ու հնարավորություն ստեղծողը, և  հեղափոխության միակ հեղինակն ու կատարողը կարող է լինել մարդն՝ իր անհատական ջանքի, իր անհատական վարքագծի փոփոխության անկյունաքարային և վճռական նշանակությունը գնահատող քաղաքացին: Մենք ասում էինք, որ մերժում ենք բռնությունը որպես ներհայաստանյան  որևէ հարցի, այդ թվում՝ քաղաքական հարցերի լուծման միջոց: Մենք ասում էինք, որ նույնիսկ ամենակոռումպացված, հանցավոր պաշտոնյայի, իշխանության դեմ չենք պատրաստվում բռնություն գործադրել: 2013 թվականից ի վեր մենք հավատարիմ մնացինք մեր գծին, մենք միլիմետր անգամ չշեղվեցինք մեր սկզբունքներից՝ այդ ընթացքում արժանանալով ամենանվաստացուցիչ մեղադրանքների: Մեզ մեղադրում էին կոմֆորմիզմի մեջ, մեզ մեղադրում էին կեղծ ընդդիմություն լինելու մեջ, մեզ մեղադրում էին ծախվածության մեջ: Բայց մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա և ՀՀ քաղաքացուն ընդամենը մեկ բան էինք ասում. ուզո՞ւմ ես փոփոխություն՝ ի ցույց դիր փոփոխությունների քո կամքը, և մենք կերաշխավորենք քո կամքի հաղթանակը: Մենք ասացիք, որ քաղաքական փոփոխության գործում մեր դերը տեսնում ենք միայն ու միայն մի բանում՝ ՀՀ քաղաքացիների կամարտահայտման, անհատական ջանքի արտահայտման համար հուսալի և կիրառելի հարթակ ստեղծելու մեջ:

Եվ ի վերջո, մենք ապացուցեցինք նախկին իշխանության ներկայացուցիչների և որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից մեզ հասցեագրված մեղադրանքների սնանկ լինելը և 2018 թվականի ապրիլ-մայիսին կարողացանք կատարել մեր խոստումը և դառնալ Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացու կամքի հաղթանակի երաշխավորը: Եվ այդ հաղթանակի համար որևէ մեկի վրա զինված հարձակումներ գործելու կամ բռնության ենթարկելու անհրաժեշտություն չեղավ: Մենք կարողացանք հեղափոխությունը կազմակերպել ընդամենը մեր մտքի գործադրմամբ՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ժամանակակից տեխնոլոգիաները և հեղափոխական նոր տեխնոլոգիաներ մտածել և ստեղծել: Մեր ձեռքի տակ եղած կարևոր տեխնոլոգիաներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցն էր, կամ ավելի ճիշտ նրա ընձեռած ուղիղ եթերի հնարավորությունը, որն ի հայտ եկավ ընդամենը 2015-16 թվականներին: Այդ տեխնոլոգիայի  կիրառմամբ մենք կարողացանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, նրանց ուժերի իրացման համար հնարավորություններ ստեղծել և այդ հնարավորության իրացման անվտանգությունն ապահովող, ըստ էության, տեխնոլոգիա մտածել, և այդ տեխնոլոգիան բաց ձեռքերի սինվոլիկան էր: Հենց այս սինվոլիկան էր, որ մարդկանց 2008թ. մարտի 1 տեսած հանրությանն օգնեց հաղթահարել վախը պոտենցիալ բռնություններից, որովհետև մի պահ բոլորը հասկացան, որ նույնիսկ Հայաստանում հաստատված նախկին իշխանության համար չափազանց դժվար է, եթե ոչ անհնար բռնություն գործադրել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բոլորին ի ցույց են դնում իրենց վեր պարզած և բացված ձեռքերը՝ ի նշան նրա, որ իրենք չեն պատրաստվում բռնություն գործադրել որևէ մեկի, նույնիսկ իրենց նկատմամբ բռնություն գործադրողների նկատմամբ:

Մեր ձեռքի տակ եղած հաջորդ տեխնոլոգիան օնլայն դրամական  փոխանցումների հարթակն էր, որի միջոցով հնարավորություն ստացանք ֆինանսական աջակցություն ստանալ աշխարհով և Հայաստանով սփռված մեր հայրենակիցներից, և առանց այդ ֆինանսական աջակցության, ի վերջո, չափազանց դժվար կլիներ, որովհետև հեղափոխությունը սկսելու պահին մեր շարժումն ուներ ֆինանսական խնդիրներ ու անորոշություններ: Եվ այնուամենայնիվ, ստանալով շոշափելի ֆինանսական աջակցություն մեր հայրենակիցներին մենք կարողացանք համախմբել և իրականացնել մարդկության պատմության ամենաոչծախսատար հեղափոխությունը՝ ի հեճուկս Հայաստանում տարածված այն կարծրատիպերի, որ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար հարկավոր են միլիոնավոր դոլարներ, դաբրոներ և ազդեցիկ տնտեսական շրջանակների աջակցություն: Ի վերջո, մեր հեղափոխությունը բացառիկ դարձավ ևս մեկ պատճառով. մեր քաղաքական թիմը և ես՝ անձամբ, հեղափոխության արդյունքներով և, ընդհանրապես, չունի որևէ քաղաքական, տնտեսական, ֆինանսական պարտավորություն որևէ անհատի, որևէ ուժի, որևէ շրջանակի առաջ, լինի դա Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, և սա Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոն է: Մեր միակ պարտավորությունը մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջ, և մենք մտադիր ենք նրա տված մանդատը կիրառել Հայաստանի Հանրապետությունում իրական տնտեսական փոփոխություններ հարուցելու համար:

Եվ ի վերջո, հաջորդ պայմանական տեխնոլոգիան, որը դարձավ հայկական հեղափոխության նոու-հաուն, ապակենտրոնացվածությունն էր, երբ մենք հայտարարեցինք, որ մեր հեղափոխությունը չունի առաջնորդ, չունի կենտրոնացված կառավարում, և յուրաքանչյուր քաղաքացին ինքն է այս հեղափոխության առաջնորդը, ինքը պիտի պլանավորի և իրականացնի իր գործողությունները՝  իհարկե մեր հռչակած սկզբունքների և գործիքակազմի շրջանակներում: Այս նորամուծությունը դարձավ այն վճռական գործոնը, որն ուղղակի ջարդեց կոռումպացված իշխող կլանի ողնաշարը, երբ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը չգիտեր ում դեմ պայքարել, ինչպես պայքարել և որտեղ պայքարել, որովհետև հեղափոխությունն ամենուր էր և ամեն ոք: Հեղափոխությունը չուներ ժամ, տեղ, հասցե և հեղափոխությունն անսահմանափակելի էր: Մանավանդ, որ վերը նշված նորամուծությունների արդյունքում հայկական հեղափոխությունն արդեն իսկ արտահանվել էր Հայաստանից՝ գրավելով նորությունների համաշխարհային շուկան, դառնալով լրատվական ամենապահանջված և ամենաթանկարժեք ապրանքն ամբողջ աշխարհում և դառնալով հայկական ամենաարտահանված բրենդն առնվազն Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում:

Այս ամենի արդյունքում Հայաստանը դարձավ քաղաքական բոլորովին նոր մակարդակի երկիր, ձեռք բերեց ազատ և ժողովրդավարական երկրի համարում և քաղաքական իմաստով դարձավ բարձր տեխնոլոգիական, մրցունակ, ներառական և այլաբանորեն ասած՝ բնապահպանական, քաղաքական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եթե վերադառնամ տնտեսական ձևակերպումներին, կարող եմ ասել հետևյալը, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, ըստ էության, մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծավալները ստացած ստարտափն էր: Ընդհանրապես, այս ամենն ինչու եմ ասում, ես չեմ ասում պատմական էքսկուրս կատարելու և հիշողություններ արթնացնելու համար: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, ըստ էության, նույնն է, ինչ քաղաքական հեղափոխությանը և պետք է անցնի այն նույն կետերով, ճանապարհով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը:

2018թ. գարնանը հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն ու միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխեց իր քաղաքական վարքագիծը: Մենք ընդամենը նրան քաջալերեցինք այդ վարքագիծը փոխելու ճանապարհին և հնարավորություն ստեղծեցինք այդ փոխված վարքագիծն արդյունավետ կիրառելու համար: Տնտեսական հեղափոխությունը հետևապես իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություն ստեղծելու մեջ: Կրկնում եմ, տնտեսական հեղափոխությունն իրականա կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և, հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է  ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություններ ստեղծելու մեջ:

Սիրելի՛ հայերնակիցներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Հենց սրա մասին է ՀՀ կառավարության այնքան քննադատված ծրագիրը: Հենց այս է պատճառը, որ այն հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվային ցուցանիշները բավական համեստ են: Սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից: Մենք հավատում ենք, որ նման քաղաքացիները լինելու են հարյուր հազարավոր, միլիոնավոր, հավատում ենք լրջորեն և խորապես, բայց չենք պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը և ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել: Նույն կերպ ոչ մի թվային և ժամանակային ցուցանիշ չկար «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթում, որը ստեղծված լինելով 2013 թվականին, դարձավ 2018 թվականի հեղափոխության գաղափարական հենքը: Այդ փաստաթղթի հրապարակման ժամանակ էլ մեզ հարցնում էին՝ լիբերալ եք դուք, թե սոցիալիստ, սոցիալ-դեմոկրատ պահպանողական, թե կոմունիստ, և երբ պատասխանում էինք, թե այդ կատեգորիաներն, ընդհանրապես, մեզ չեն հետաքրքրում, որովհետև մեր մտածողությունն ուրիշ հարթության մեջ է, մեր մտածողությունը կառուցում է բոլորովին ուրիշ հարթության մեջ, մեզ համարում էին քաղաքական դիլետանտ, ասում էին՝ ոնց կարող է քաղաքական ուժ լինես, սոցիալիստ չլինես, կամ պիտի սոցիալիստ լինես, կամ լիբերալ, կամ սոցիալ-դեմոկրատ, կամ կոմունիստ և այլն: Այսինքն հասկանում եք, որն է մտածողության ուրիշ հարթությունը, այս ինչ բաժանում է՝ սոցիալիստ: Ինչ որ մարդիկ՝ շատ խելոք, հարգելի,  խելացի, որոշել են, որ մենք 100 տարի առաջ, կամ 150, 200 տարի առաջ, որ մենք 2013 թվին, որ ստեղծենք քաղաքական միավոր, մեր ընտրությունն այս է՝ կամ այս պետք է լինես, կամ այս, այսինքն ընտրեք, սրանից դուրս չեք կարող: Մենք հենց սա մերժեցինք, մենք ասեցինք մենք մտածողության ուրիշ հարթություն ենք ստեղծում, մենք մտածողության ուրիշ հարությունում ենք գործելու և ուրիշները չեն կարող որոշել մենք ինչ անենք, երբ անենք, որտեղ անենք և ինչպես անենք, մենք ինքներս կորոշենք: Եվ մեր վրա ծիծաղում էին:

Եվ տեղի ունեցավ այն, ինչ որ Մահաթմա Գանդին ժամանակին մի առիթով ասել էր՝ սկզբից քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես: Հիմա էլ մեր տնտեսական ծրագրի վրա են ծիծաղում: Այն ժամանակ էլ մեզ ասում էին, դե ասեք ինչպես եք անելու ձեր թավշյա հեղափոխությունը՝ կոնկրետ երբ, որտեղ, տարվա որ եղանակին: Այն ժամանակ նույնպես, մենք հիմնականում խուսափում էինք կոնկրետ  թվեր ասելուց, մենք պարզապես հավատում էինք, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներ արձագանքելու են մեր կոչին, բայց չէինք համարձակվում կանխատեսել: Գուցե նաև չէինք կարող կանխատեսել ու սրանում ամոթալի ոչինչ չկա: Հենց սրանում է հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հմայքը, որ մնացել է անկանխատեսելի Հայաստանի և աշխարհի բոլոր առաջատար քաղաքագետների, վերլուծական կենտրոնների և նույնիսկ հատուկ ծառայությունների համար: Այսինքն, աշխարհում չի եղել որևէ վերլուծական կենտրոն, որևէ հատուկ ծառայություն, որևէ մտքի տիտան, որոնք զբաղվել են Հայաստանով և իրենց երկրների ղեկավարներին հաստափոր զեկույցներ են ներկայացրել ՀՀ-ի մասին, մի կանխատեսում անգամ չի եղել: Նաև հենց սրա արդյունքում մեր հեղափոխության հաղթանակը դարձավ առավել շռնդալից, առավել ցնցող և առավել տպավորիչ: Եվ հետևաբար, մենք այդպիսի կանխավարկածով ենք մոտենում նաև հայկական տնտեսական հեղափոխությանը, մեր առանցքային պարտավորությունը համարելով անկեղծ և անմնացորդ ծառայելը նրա հաղթանակին,  ՀՀ քաղաքացու տնտեսական հաղթանակի համար իրական հնարավորություններ ստեղծելը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարությունը ՀՀ քաղաքացիների համար տնտեսական ակտիվության հնարավորություններ ստեղծելն է, քաղաքացիների տնտեսական ակտիվությունը և աշխատանքը քաջալերելը: Նույնը վերաբերում է նաև օտարեկրյա ներդրողներին:

Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում անդրադառնալ մի հարցի. արդեն երկար ժամանակ ով չի ալարում, մեր կառավարությանը մեղադրում է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություն չունենալու մեջ, մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո մենք հստակ հայտարարել ենք, որ տնտեսական զարգացման մեր առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, ուղղակի հարկերի թեթևացումը: Մեր այս հայտարարությունները մինչև հիմա էլ ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ և նրանք շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Մինչդեռ անցյալ տարի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ լույս տեսավ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք վերնագրին, «Ինչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» վերնագրված հոդվածների ժողովածու, որը Հայաստանի հեղինակավոր տնտեսագետները, ամենահեղինակավոր տնտեսական կառույցների ներկայացուցիչներն իրենց պատկերացումներն էին շարադրել այդ գրքում, թե ինչ պետք է անել Հայաստանի տնտեսական կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար: Եվ ով զարմանք՝ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համապատասխանում է կառավարության պատկերացումներին: Տնտեսական գիտությունների դոկտորը, պրոֆեսորը, մեր ամենահեղինակավոր դոկտորները, պրոֆեսորները, ասում են մեր տնտեսական զարգացման համար ինչ է պետք ու թվարկում են՝ պայքար կոռուպցիայի դեմ, օրենքի գերակայություն, անկախ դատական իշխանություն, մենաշնորհների դեմ պայքար, այսինքն նույնը՝ ինչ-որ 100 տոկոսով անում է կառավարությունը: Եվ հետևաբար, մեր տնտեսական քաղաքականության առանցքային գործոնը հենց դա է՝ ապահովել հավասար հնարավորություններ և քաջալերել մարդկանց տնտեսական ակտիվությունը, քաջալերել աշխատանքը, քաջալերել ստեղծագործությունը:

Այս առումով, իհարկե, կան մի քանի  շատը կարևոր և առանցքային բարեփոխումներ, որ մենք պատրաստվում ենք իրականացնել և այդ բոլոր բարեփոխումների իմաստը լինելու է հետևյալը՝ քաջալերել մարդկանց աշխատանքը, քաջալերել մարդկանց տնտեսական ակտիվությունը և երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար և, ի վերջո, ամենակարևոր նպատակներից մեկը, իհարկե, աղքատության հաղթահարումն է: Ես ուզում եմ ասել, որ աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որը պլանավորում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել պայմանականորեն, որը պիտի անվանենք միկրո բիզնես և որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն  ունեցող բիզնեսների մասին է և մենք առաջիկայում ձեր օգնությամբ, ձեր հետ միասին, հույս ունեմ կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը: Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ այն նորամությունը չափազանց կարևոր է   աղքատության հաղթահարման տեսակետից: Ընդհանրապես ՀՀ-ում աղքատության հաղթահարման միջոցների և մեթոդների վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ, տարբեր մոտեցումներ, և ցավոք, աղքատություն հաղթահարել ասելով շատ դեպքերում հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ և այլ նյութական միջոցներ մատակարարելը, առանց պատասխանելու հետևյալ հարցին, եթե դա հնարավոր է անել մի օր, մի շաբաթ, մի ամիս, մի տարի, դրանցի հետո ինչ է տեղի ունենալու և ես նախկինում էլ ասել եմ բազմիցս, որ իմ կարծիքով այս մտածողությունը հատուկ ներդրված, գուցե ենթագիտակցորեն, մտածողություն է, որը պիտի ծառայի կոռուպցիոն համակարգին, այսինքն մարդկանց ոչ թե աջակցել աղքատությունը հաղթահարելու գործում, այլ մարդկանց աջակցել աղքատության մեջ ավելի թաղվելու գործում, որովհետև ընտրությունից ընտրություն հնարավոր լինի ընտրակաշառքներով գնալ և հարյուր հազարավոր ձայներ հավաքել: Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ աղքատության հաղթահարման մեր պատկերացումն առաջին հերթին աշխատանքն է: Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է: Եվ մենք պիտի ՀՀ քաղաքացիներին օգնենք, քաջալերենք, խոսքն աշխատունակ քաղաքացիների մասին է, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց համար՝ առաջին հերթին, մենք մյուս աշխատատեղերին նույնպես կանդրադառնանք, բայց առաջին հերթին իրենք իրենց համար կարողանան, ի վիճակի լինեն ստեղծել աշխատատեղեր և հաղթահարել աղքատությունը: Ընդհանրապես, մենք այսպիսի մի գաղափար ունենք և այդ գաղափարի իրագործումը մեզ համար շատ կարևոր է, չափազանց կարևոր է, մենք ասում ենք, որը ներառված է նաև մեր ծրագրում, ասում ենք, որ ՀՀ-ում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Ես ինչու մեր հեղափոխության պատմությունը ցույց տվեցի և ինչու դրեցի այդ ստարտափի տրամաբանությունը: Ինչն է ստարտափը, դա այն է, որ դու ունես գաղափար, որն այնքան գրավիչ է, նաև ուրիշների համար, ովքեր կարող են նաև ֆինանսական ներդրումներ անել և այդ ներդրման միջոցով դու կարող ես այդ գաղափարի կիրառման և ընդգրկման ծավալները մեծացնել:

Եվ հետևաբար, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ՀՀ-ում մարդը զրոյից բիզնես անելու հնարավորություն ունենա: Ինչ պետք է անել սրա համար: Սրա համար նախ պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի հարկերի տակ մարդը, քաղաքացին չճռա, երկրորդը՝ մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, որպեսզի մարդը որոշակի վարկավորում ունենանալու և հնարավորինս էժան  տոկոսներով վարկավորում ունենալու հնարավորություն ունենա և նաև օգնել նրան իր բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու առումով, որպեսզի նա կարողանա հաղթահարել իր աղքատությունը: Հետևաբար, մեր տնտեսական քաղաքականության կարևոր նրբություններից մեկը միկրոբիզնես հասկացության հիմնումն է և միկրոբիզնեսի ծավալման, ստեղծման, ձևավորման զարգացման համար ստեղծել առավել նպաստավոր պայմաններ»:

ՄԱՍ 2
ՄԱՍ 3


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]