211652_close_icon
views-count6933 դիտում article-date 19:11 19-07-2018

Կոյուղագծի դիտահորի խցանում՝ Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում. արձագանքը չէր ուշացել

Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կոյուղագծի դիտահորի խցանման մասին Վեոլիա ջուր ընկերությունը ահազանգ էր ստացել շուրջ 7 օր առաջ: Վեոլիա ջուր ընկերության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ արձագանքը չէր ուշացել: Սակայն ուսումնասիրությամբ պարզվել էր, որ խոսքն ավելի բարդ խնդրի մասին է: Ոչ մետաղալարով, ոչ հատուկ փչող տեխնիկայով՝ երկու կողմից խցանումը բացել չէր հաջողվել: Դուրս հոսող ցեխաջուրը վկայում էր. խորհրդային տարիներին կառուցված կոյուղագիծն կոտրվել էր, թերևս այս բանուկ փողոցով անցնող բեռնատարների ծանրության տակ: Ինչպես հետո պարզվեց՝ միանգամից երեք տեղից: Կոյուղատարը լցվել - փակվել էր հողով ու ապարներով: Այստեղից էլ խցանումը: Երեկվանից խաչմերուկում աշխատում է Վեոլիա Ջուր ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Մաշտոց» տեղամասի շինարարական տեխնիկան ու մասնագետները: Գործի ամենադժվար մասն արդեն հետևում է մնացել: Երկու էքսկավատոր նախ «մուրճով» քանդել են ասֆալտե հարգանքի արժանի հաստության ծածկը՝ առնվազն 20 սմ, այնուհետև սկսել են հողային աշխատանքները: Այսօր արդեն մեկ էքսկավատոր էր աշխատում: Բռնել էր «իզը» ու խրամուղի էր բացում: Տեղամասի գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանն ասում է, որ հիմա վնասված 35 մետրանոց հատվածում՝ առաջին դիտահորից մինչև երկրորդ դիտահոր, կոյուղատար խողովակը փոխարինվում է նորով: Աշխատանքի արագ ավարտին առաջացած լրացուցիչ խնդիրներն են խանգարում: Տարածքում հայտնաբերվել է «գոյություն չունեցող» գազատար (լավ է՝ չգործող), ինչպես նաև Բիլայնի կորած դիտահոր՝ մոտ 40 սանտիմետր խորության վրա: Դրանից դուրս է գալիս մոտ 15 մալուխ, որը լուրջ խոչնդոտում է գործին: Տեխնիկա հնարավոր չէ այստեղ մտցնել, տղաները ձեռքով են աշխատում, որ հատվածն անցնեն: Ըստ Հրանտ Դանիելյանի՝ հին կոյուղագիծ վերանորոգելն այլևս իմաստ չուներ: Այստեղ փաստորեն նոր կոյուղի է կառուցվում: Ասենք նաև, որ կոյուղագծից բացի, խնդրի լուծման նպատակով կառուցվելու է 2 նոր դիտահոր, իսկ մեկն էլ վերակառուցվելու է: Այս տրանսպորտային հանգույցը կարևորագույններից մեկն է Երևաւնում: Դրա համար էլ նպատակ է դրվել, չնայած խոչնդոտներին, առաջիկա 2-3 օրերին ավարտել կոյուղագծի շինարարությունը: Ասֆալտապատումն էլ կարվի մոտ 5 օրից: Խաչմերուկը կբարեկարգվի ու կգործի սովորական աշխատանքային ռեժիմով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր