Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ծանոթացել է նորարարական մի շարք ընկերությունների գրանցած արդյունքներին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ծանոթացել է նորարարական մի շարք ընկերությունների 
գրանցած արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մարտի 15-ին կազմակերպել էր տեղեկատվական այց՝ հանդիպելու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած նորարարական մի շարք ընկերությունների և ստարտափների՝ ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների ուղեկցությամբ մասնակցեց այցին:

Այցի ընթացքում ԵՄ դեսպանը մասնավորապես նշեց. «Հայաստանի ստարտափ էկոհամակարգը մեծ ներուժ ունի  որպես տնտեսական զարգացման և գիտելիքահեն աճի շարժիչ ուժ: Մասնավորապես, սա շատ հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար»: Այնուհետեւ նա ավելացրեց. «ԵՄ աջակցությունը ստացած այս նորարար ստարտափերը Հայաստանի արագ աճող մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգի վառ օրինակներն են»:

2017թ.-ից ի վեր Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության  տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի արդյունքները ստարտափներին տրամադրված աջակցության շրջանակում՝

  • Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 224 նոր աշխատատեղ
  • Շուկայում նոր ապրանքների և ծառայությունների համար ստեղծվել է 45 նոր գաղափար
  • Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 22 նոր ընկերություն
  • Բացի այդ, ներգրավվել է առնվազն 400,000 եվրո ներդում
  • Դասընթացներին, սեմինարներին և boot camp-երին է մասնակցել 2,063 հոգի
  • Աջակցություն է ստացել 65 ստարտափ
  • ԵՄ ՆԶՀԴ և ԳՏՁ դրամաշնորհներ է ստացել 33 ընկերություն

Երկու դրամաշնորհները հատկապես թիրախավորել են տեխնոլոգիական ուղղվածության ՓՄՁ-ներին և ծրագրերին: Առաջին փուլում ընկերությունները ստացել են 8 ՆԶՀԴ և 5 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը՝ 2017-ին)՝ ստանալով մինչև 50 և 15 հազար եվրո ֆինանսավորում 12 ամսվա համար: Երկրորդ փուլում ընկերությունները ստացել են 6 ՆԶՀԴ և 15 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը՝ 2018-ին)՝ ստանալով մինչև 30 հազար եվրո ֆինանսավորում 9 ամսվա համար և 4-15 հազար եվրո՝ 6 ամսվա համար: EU-SMEDA ծրագիրը աջակցել է նաև Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ստեղծմանը: Catalyst հիմնադրամի կողմից ստարտափերի համար իրականացվող ծրագրի շրջանակում կազմակերպվում է 3-ամսյա ծրագիր, որի թիրախում customer validation-ն է և ներդրողի պատրաստակամությունը: Ակադեմիայի ծրագիրը բաղկացած է երեք մոդուլներից` ստարտափի  դիագնոստիկա, շուկայի ընտրություն և մեկնարկի  ռազմավարություն, market validation-ի նախապատրաստում:

Բացի այդ, EU-SMEDA-ի աջակցությամբ Catalyst-ը հիմնադրել է Hero House-ը – ձեռնարկատիրական կենտրոն, որը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիաների և ստարտափ էկոհամակարգի համապարփակ զարգազմանը՝ բլոքչեյնի, քվանտային հաշվարկների և արհեստական ինտելեկտի հետախուզության նախաձեռնությունների միջոցով: Ստարտափ ակադեմիայում անցկացվել է նախաաքսելերացիոն ծրագրի 3 շրջան, 41 թիմ շրջանավարտով, 120+ թիմ մասնակցել է դասընթացների, ներգրավվել են 60+ մենթորներ, անցկացվել են 3 Դեմո օրեր:

 

Լրացուցիչ տեղեկություն

Եվրոպական միության  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիր (EU-SMEDA)

Ընդհանուր տեղեկություն. Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կենսական դերակատարում ունեն ցանկացած երկրի տնտեսության մեջ: Իրականում ՓՄՁ-ները զարգացած և անցումային փուլում գտնվող երկրների տնտեսական աճի հիմնական շարժիչներն են: Այդ առումով ՓՄՁ-ները հաճախ ավելի ճկուն և նորարարական են քան խոշոր ընկերություններն ու մենաշնորհները, միաժամանակ նրանք աշխատատեղեր են ստեղծում ոչ միայն քաղաքներում, այլև նաև գյուղական շրջաններում: Միասին վերցրած ՓՄՁ-ներն իրենց զգալի նպաստն են բերում երկրի համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) և այդպիսով որոշիչ դեր են կատարում առողջ և կայուն տնտեսության ձևավորման ուղղությամբ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրներում Եվրոպական Միության կողմից իրականացվող «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարության համար» (EU4Innovation)  նախաձեռնությունների մաս է:

Հայաստանում համընդհանուր աճի հնարավորությունն ապահովելու նպատակով «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կենտրոնանում է Հայաստանում գործարարության և ներդրումային միջավայրը բարելավելու և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն ու ձևավորմանը նպաստող ձեռնարկատիրական միջավայր ստեղծելու հիմնական նպատակի վրա: Այս մասով ծրագիրն ունի բազմամակարդակ մոտեցում. մակրո մակարդակում «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հզորացնում է ՓՄՁ-ներին վերաբերող քաղաքականության մշակման գործընթացը՝ ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրը բարելավելու նպատակով (Արդյունքային ուղղություն 1): Առանցքային մակարդակում հասցեագրված են գործարար ասոցիացիաները (Արդյունքային ուղղություն 2) և տնտեսական կլաստերները (Արդյունքային ուղղություն 4)՝ հնարավորություն տալով այս կազմակերպություններին ավելի լավ պաշտպանելու իրենց շահերը և ավելի լավ ծառայություններ մատուցելու իրենց անդամներին: Նույն տրամաբանությամբ՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը ուշադրություն է դարձնում ճշգրիտ ճարտարապետության և ստեղծարար ճյուղերի տնտեսական կլաստերների զարգացմանը. այս երկու ճյուղերն էլ խիստ խոստումնալից ոլորտներ են համարվում Հայաստանի տնտեսության զարգացման խթանման համար: Ավելին, ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների կլանման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության և գաղափարների առևտրայնացման աստիճանը մասնավոր հատվածում: Ծրագիրը փորձում է աշխուժացնել մասնավոր հատվածի և գիտահետազոտական ինստիտուտների ակտիվ համագործակցությունը (Արդյունքային ուղղություն 3): Միկրո մակարդակում «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է գործող ՓՄՁ-ների և ստարտափերի տեխնոլոգիական և նորարարական տարատեսակ ձեռնարկները՝ տրամադրելով ֆինանսական և տեխնիկական օժանդակություն նոր նորարարական արդյունքների և ծառայությունների մշակման համար ազգային և միջազգային շուկաների համար (Արդյունքային ուղղություն 5):

 

Տևողությունը՝                                 01/01/2016 – 31/12/2019 (48 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝     6.53 միլիոն եվրո

ԵՄ ֆինանսավորումը՝              6.4 միլիոն եվրո

Վայրը՝                                      Հայաստանի Հանրապետություն

Իրականացնող գործընկեր՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (Deutsche Gesellschaft fürInternationaleZusammenarbeit (GIZ) GmbH)

 

Հակիրճ տեղեկություն ենթադրամաշնորհառուների մասին

 

RendChain

Սա ապակենտրոնացված ցանց է, որը թույլ է տալիս համակարգիչները ուղիղ կապով միացնել մի ցանցի, որը թույլ կտա ցանկացած մարդու մեկ ակնթարթում օգտվել միլիարդավոր համակարգիչներից: Ցանցին կարող են միանալ հեռախոսներ, պլանշետներ, նոթբուքներ և հզոր համակարգիչներ:

ԵՄ ֆինանսավորումը՝  14.000 եվրո

 

Breedge

Առցանց հարթակ է, որն օգնում է ՓՄՁ-ներին եւ ստարտափներին որոնել ուսանողների՝ նորաստեղծ աշխատանքային հաստիքների համար։ Ստարտափի մշակած վեբ հարթակն օգնում է ընկերություններին գտնել լավագույն թեկնածուներին հենց բուհերից՝ լրացնելու ընկերությունում կրտսեր / պրակտիկայի / սկսնակ մակարդակի հաստիքները։ Breedge-ն օգտագործում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիա՝ վերլուծելու ուսանողներից և ընկերություններից ստացած տվյալները և առաջարկելու լավագույն տարբերակը։

ԵՄ ֆինանսավորումը՝ 12.500 եվրո

 

Embry

Սա քաշ կորցնելու նպատակով ստեղծված էլեգանտ ու նորարար տեխնոլոգիական լուծում է։ Այն շուկայում ակտիվությունը գրանցող միակ սարքն է, որն ունի ներկառուցված խելացի կշեռք։ Սարքը մեկ փոքր կրիչի մեջ ներառում է ինչպես ակտիվությունը գրանցող սարքի ու խելացի կշեռքի գործառույթներ, այնպես էլ վիրտուալ մարզչի և սննդաբանների ցանց։ Այսպիսով, Embry բոլորը մեկում ամենամատչելի գործիքն է՝ քաշ կորցնելու համար։

ԵՄ ֆինանսավորումը՝ 50.000 եվրո

 

 

 

 

Chessify

Շախմատային հարթակ է, որը հեղաշրջում է շախմատասեր հանրության փորձը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։ Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։ Chessify-ի ամպային ծառայությունը կտրուկ բարձրացնում է պրոֆեսիոնալ դասընթացների արդյունավետությունը և խնայում ընդհանուր ուսուցման ժամանակի 30%-ը։ Պրոդուկտի հիմնական առանձնահատկություններն են անհատական ամպային սերվերները, շախմատային այլ հարթակների հետ հեշտ ինտեգրումը և մոբայլ սարքերում հասանելիությունը (Android/ IOS)։

ԵՄ ֆինանսավորումը՝ 46.000 եվրո

 

Pixomatic

Նորագույն օնլայն ֆոտո խմբագրիչ է՝ պատկերի կտրման յուրահատուկ գործառույթով։ Այն թույլ է տալիս հանել յուրաքանչյուր լուսանկարի ֆոնը, այն թափանցիկ դարձնել, ավելացնել տարբեր գույներ և ֆիլտրեր կամ փոխել ֆոնն այլ լուսանկարով։

ԵՄ ֆինանսավորումը՝ 46.000 եվրո

 

Grovf

Տվյալների բազան իր տեսակի մեջ առաջին, օգտագործման համար պատրաստ FPGA արագացված NoSQL տվյալների բազա է՝ արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT) սենսորների կողմից գեներացված տվյալները մշակելու և պահպանելու համար: Պրոդուկտի նախատիպն արդեն 10 անգամ ավելի արագ գործարքներ է իրականացնում և 31 անգամ ավելի էներգախնայող է՝ համեմատած ամենաժամանակակից լուծումների հետ։

ԵՄ ֆինանսավորումը՝ 46.000 եվրո

 

PinoKIT

Մատչելի և հարմարավետ կրթական լաբորատոր սարք է, որն օգնում է STEM կրթական կենտրոններին բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը և դասընթացների արդյունավետությունը՝ հետաքրքիր պրակտիկ փորձարարական աշխատանքների միջոցով։ Սարքը Rasspbery PI պլատֆորմի վրա առաջին լրացնող (add-on) մոդուլն է, որը հնարավոր է դարձնում STEM ուղղվածության թեմատիկ հետազոտությունները։ Այն կառուցված է «Pi Zero» պարզ համակարգչի հիման վրա, որն էլ PinoKIT-ը դարձնում է մատչելի գործիք՝ պրակտիկ կրթության համար։ Սարքավորման և ծրագրային ապահովման ավտոմատացման եզակի համադրությունը, և քայլ առ քայլ ուսումնական ձեռնարկը ստարտափի լաբորատոր սարքերը դարձնում են հզոր կրթական գործիքներ՝ STEM ուղղվածության ուսանողների համար։

ԵՄ ֆինանսավորումը՝ 14.000 եվրո

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]