19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել». Սեյրան Օհանյան

Օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։

Այս տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, ասել էր.

«Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ, հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:

 

Այստեղ տեղին է հիշեցնել, որ Անդրանիկ Քոչարյանի լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանն այդ հայտարարությունից հետո ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 18-ին, նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական:
Ա. Քոչարյանը նաև նշել էր, որ քառօրյայի ընթացքում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ. «…Այո, և դրա մեջ՝ նաև Լելե-Թեփեի շատ կարևոր դիրքեր, որը Սերժ Սարգսյանն այդպես էլ կարևորությունը չկարողացավ ընկալի»:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի՝ դիրքերի մասին հայտարարությունը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կորցրած դիրքերի մեջ եղել են ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր:

Երեկ, ասուլիսի ժամանակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած՝ «ավելի քան երկու տասնյակից ավելի» արտահայտությանը, ասել է.

«Այսօր նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել»:

168.am-ն Ապրիլյան պատերազմի, պատերազմի շուրջ ծավալված ու ցայսօր շարունակվող ամենատարբեր քննարկումների մասին զրուցել է Ապրիլյան քառօրյայի ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Սեյրան Օհանյանը զրույցի սկզբում նշեց, որ դեմ է ՀՀ Պաշտպանության նախարարությանը, Զինված ուժերին, առհասարակ՝ հայկական բանակին և նրա գործողություններին վերաբերող հրապարակային տարբեր մեկանաբնություններին և քաղաքական նպատակներով շահարկումներին.

«Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք մենք փորձում տարիներով մեզ փոխանցված ավանդույթները, արժեքները նսեմացնել. ի՞նչ է՝ մենք ուզում ենք մեր ժողովրդի, նրա որդիների՝ փառապանծ հրամանատարների և զինվորների կողմից տարած հաղթանակները, հաջողությունները նսեմացնե՞լ: Շատ պետություններ, շատ համակարգեր փոքր-ինչ առիթ են փնտրում ոգևորելու մարդկանց, ժողովրդին համախմբելու, իսկ այսօր մենք դրել և հրապարակային կերպով փորձում ենք տարբեր մեկնաբանություններ տալ և գործողությունների տարբեր դրվագներ հրապարակայնացնել»:

Անդրադառնալով հատկապես Ապրիլյան պատերազմի շուրջ քննարկումներին՝ նա նշեց.

«Քանի որ ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը քննարկվել են ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովում, նորից պետք է կրկնեմ, որ ես դեմ եմ եղել այդ հանձնաժողովի կազմելուն. այդ խնդիրները պետք է լուծվեն փակ գաղտնի քննարկումներում՝ Պաշտպանության նախարարության հետ միասին: Բայց քանի որ հանձնաժողովը ստեղծվել է, իմ հրավիրված լինելու ժամանակահատվածում էլ ասել եմ՝ պետք է արագ վերջացնել, և այն, ինչ գաղտնիություն չի պարունակում, ներկայացնել մեր հանրությանը»:

Հարցին՝ եղե՞լ են արդյոք թերացումներ հետախուզական համակարգում Ապրիլյան պատերազմի օրերին, քանի որ այս օրերին թերացումների մասին կրկին շահարկումներ են լինում, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը մանրամասնեց.

«ՀՀ ԶՈՒ հետախուզական համակարգը մշտական գործուն համակարգ է: Հետախուզության մեջ, անկասկած, կարող են լինել տվյալներ, որոնք ինչ-որ ուշացումով են տեղ հասնում, կարող են լինել տվյալներ, որոնք, ասենք, հասու չեն մեր համակարգին, բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ՀՀ հետախուզությունը միշտ էլ գործել է լիարժեք, և գիտեք, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ հետախուզության մեջ մեծ դերակատարություններ են ունեցել:

Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ մեր հետախուզական համակարգը գործել է բնականոն ձևով: Մենք, քանի որ քառօրյային նախորդող ժամանակահատվածում ունեցել ենք բավականին լարված իրավիճակ, նաև մեր պաշտպանական համակարգն է ընդհանուր առմամբ գործել պատրաստ և մշտական մարտական պատրաստականության մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ մարտական գործողությունների տվյալ բնույթին, ապա տվյալ ծավալով տեղեկություններ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ մենք չենք ունեցել, բայց ապրիլի 1-ին՝ արդեն կեսգիշերին մոտ, հենց նույն ՊԲ-ի հետախուզական համակարգը՝ իր բոլոր հնարավորություններով, տեղեկություններ է տվել, որ դիվերսիոն հետախուզական գործողություններ են պլանավորվում: Այդ մասին իմացել է նաև ՀՀ ԶՈՒ-ն, և Զինված ուժերի ղեկավարության կողմից համագործակցության շրջանակներում համապատասխան հրահանգ է իջեցվել Արցախի ՊԲ-ի ղեկավարությանը, և Արցախի ՊԲ ղեկավարությունը՝ ելնելով իրադրությունից, մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացմանը: Այդպիսին են եղել մեր հետախուզական տվյալները»:

Դիտարկմանը, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽ) Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ, եթե Սերժ Սարգսյանն ասում է՝ հետախուզությունը թերացել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանն է թերացել, և հարցադրմանը՝ արդյոք համամի՞տ է հնչեցվածի հետ, նախկին պաշտպանության նախարարն արձագանքեց.

«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուն հենց այդ ոլորտի ղեկավարն է առաջին հերթին. հիմա, իհարկե, պետության ներսում տարբեր գերատեսչություններ, տարբեր ուղղություններ գոյություն ունեն, և այդ ուղղությունների անմիջական պատասխանատուներն են հիմնական պատասխանատվությունը կրում: Այդ անմիջականությունից ելնելով էլ՝ այն ժամանակ հանրապետության ղեկավարության կողմից համապատասխան որոշում է ընդունվել»:

Նկատենք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը աշխատանքից հեռացվել էր Սերժ Սարգսյանի կողմից 2016թ․ ապրիլի 26-ին։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽ) Արմեն Գրիգորյանի հարազատ քեռին՝ Մովսես Հակոբյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Այժմ Մ. Հակոբյանը 2019թ. նոյեմբերից նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում նաև ևս հերքել էր ապրիլյան պատերազմի մասին շրջանառվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները և նշել. «Կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ զինամթերքի պակաս չի եղել ապրիլյան պատերազմի օրերին»:

Այս օրերին ամենատարբեր հարթակներով խոսվում է Ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերի քանակի մասին. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշում են կորցրած երկու տասնյակից ավելի դիրքերի մասին, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերի. հաստատո՞ւմ եք այս տեղեկությունը, կհրապարակե՞ք թվեր, թե քանի դիրքի կորուստ ենք ունեցել՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց.

«Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել, նույնիսկ շրջանառության մեջ գտնվող՝ Արցախի հարավարևելյան մասում գտնվող Լելե-Թեփե բարձունքն իրենից ո՛չ ռազմավարական առումով, ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ գյուղատնտեսության մշակման առումով ո՛չ մի արժեք չի ներկայացնում՝ մանավանդ, որ այդ տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքերն ավելի ամուր են և ավելի բարձր: Մարտավարական առումով՝ խրամատային մարտական գործողությունների պատասխանատվությունն անկասկած կրում է անմիջական կա՛մ զորամասի, կա՛մ ստորաբաժանման հրամանատարությունը, և այդ առումով՝ մեկնաբանություն կարող է տալ ՊՆ ղեկավարությունը:

Ես, ընդհանուր առմամբ, դեմ եմ բոլոր այն տվյալներին, որոնք թվային տվյալներ են իրենց մեջ պարունակում, և դրանք հրապարակայնացնում են, որովհետև Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարող է այն փաստաթուղթը, որը կազմվել է՝ հարմար չգտնի հրապարակել: Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահն էլ ասաց, որ մենք այդ փաստաթուղթը կազմել ենք մեր ներքին օգտագործման համար, և այնտեղ ոչ ոք չի խնայվել, այսինքն՝ քննադատության են ենթարկվել բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն:

Բայց ես դեմ եմ, և, կարծում եմ, որ շատ սխալ է, երբ հանձնաժողովի անդամներն ինչ-որ դիրքերի անուններ և դիրքերի քանակություն են ներկայացնում: Այդ փաստաթղթի գաղտնազերծման հիմնական տնօրինությունը Պաշտպանության նախարարությունն է, և կարծում եմ՝ ՀՀ նախագահն էլ, ճիշտն ասած, երբ հանձնաժողովի աշխատանքից որևէ տվյալ չներկայացրեց, որպեսզի չազդի հանձնաժողովի գործողությունների վրա:

Հանձնաժողովը կաշխատի-կներկայացնի, դրանից հետո արդեն կլինեն տարբեր մեկնաբանություններ: Այստեղ մենք երբևիցե չպետք է թույլ տանք, որ նսեմացնեն մեր որդիների, մանավանդ՝ մեր քաջագործություններ գործած և նաև զոհված հրամանատարների, զինվորների կատարած սխրանքը, որոնց հիշատակի առջև մենք բոլորս մեր գլուխները խոնարհում ենք»:

Հարցին՝ Ի՞նչ եք կարծում հանձնաժողովն օբյեկտիվ կլինի՞ իր եզրակացությունը ներկայացնելիս՝ հաշվի առնելով արդեն հնչող տարատեսակ մեկնաբանություններն ու այս հայտարարությունները, նա պատասխանեց.

«Կարծում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է օբյեկտիվ գտնվել և ճիշտ ներկայացնել իրողությունը, պարտավոր է ՊՆ-ի հետ համագործակցված ներկայացնել, և պարտավոր են այնպես անել, որ գաղտնի տեղեկությունները հրապարակային չդառնան, պարտավոր են այնպես անել, որպեսզի գնահատեն մեր Հայաստանի, Արցախի զինված ուժերի կատարած մեծ աշխատանքը»:

Մեր խնդրանքով մեկնաբանելով նաև Ապրիլյան քառօրյայի և Տավուշյան գործողությունների շուրջ տարվող համեմատությունները և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 1994 թվականի հրադադարից հետո Ապրիլյան քառօրյայի մասշտաբայնության այլ ռազմական գործողություններ ունեցել ենք, Սեյրան Օհանյանն ասաց.
«Գիտեք, որպեսզի տարբեր մեկնաբանություններ չլինեն, սկսած Արցախյան պատերազմից ՝ մինչև հիմա՝ մինչև Տավուշյան գործողությունները, բոլորն իրականացվել են հայոց բանակի, հայ ժողովրդի որդիների սխրագործությունների արդյունքում: Բոլոր գործողությունների ժամանակ էլ մենք ունեցել ենք հերոսություններ, նաև զոհեր, բոլորն ինձ համար շատ թանկ են, և ես երբևիցե չեմ տարբերակում՝ սկսած 1988, 1992 թվականներից: Իհարկե, 1994 թվականից ի վեր՝ 2016թ. Ապրիլյան մարտական գործողությունների մասշտաբով գործողություններ չեն եղել, բայց դուք հիշում եք, որ հետպատերազմյան տարիներին մշտապես դիրքային պայքարը, դիրքային գործողությունները լարվածություն են ստեղծել թե՛ Հայաստանի Հանրապետության սահմաններում, թե՛ նաև Արցախի Հանրապետության սահմաններում:

Լարվածության գագաթնակետը հասել է նաև 2014-15թթ., մոտավորապես 200-ից ավելի դիվերսիոն-հետախուզական գործողություններ են եղել, և բոլորին համապատասխան պատասխաններ տրվել են և դեռ ավելին: Նույն քանակությամբ էլ կանխարգելիչ գործողություններ են եղել ՀՀ և ԱՀ զինված ուժերի կողմից:

Տավուշյան մարտական գործողությունների նման գործողություններ բազմաթիվ են եղել, և ես ուզում եմ ասել, որ այն իրականացվել է հիմնականում դիրքերի բարելավման ուղղությամբ կատարվող գործողությունների շրջանակներում: Դիրքերի բարելավումը մշտապես եղել է և՛ Առաջին նախագահի, և՛ Երկրորդ նախագահի, և՛ Երրորդ նախագահի, և նաև այսօր՝ Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարները փոխվում են, բայց զինված ուժերը հավատարիմ են իրենց ավանդույթներին, իրենց առաքելությանը, զինված ուժերն անընդհատ կատարելագործվում են. ասել է թե՝ բարելավման խնդիրները մշտապես եղել են, այսօր կան և նաև լինելու են»:

Սեյրան Օհանյանը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ նկատելով.
«Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ ՀՀ ղեկավարները՝ նախագահները՝ և՛ Առաջին, և Երկրորդ, և՛ Երրորդ, իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու, մամլո ասուլիսներ կազմակերպելու: Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ ես տեսա հանգստություն, տեսա քաղաքակիրթ վերաբերմունք՝ և՛ կազմակերպիչների, և՛ լրատվամիջոցների կողմից, որևիցե վիրավորական խոսք չկար, որևիցե ինչ-որ երևույթ չկար՝ խանգարելու (այնպես, ինչպես փորձեցին, օրինակ, խանգարել Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը): Ուզում եմ ասել, որ մարդիկ պետք է հանգիստ ընդունեն, որովհետև քաղաքական և գաղափարական բազմակարծությունը մեր Սահմանադրական նորմն է, և յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծքն արտահայտելու: Ես դեմ եմ այն իրականությանը, երբ մեկը կարծիք է արտահայտում և միանգամից սոցցանցերում՝ թե՛ իրական դեմքով, թե՛ տարբեր ֆեյքերի միջոցով, հարձակումներ են լինում, և ամենավատը, որ վիրավորական արտահայտություններ են հնչում: Համաշխարհային փորձը պետք է նկատի ունենանք՝ իշխանություն լինելուց հետո իրենք կարող են ընդդիմադիր գործունեություն ծավալել»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ