Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Նախարարը վարել է մասնագիտական կրթության ազգային խորհրդի նիստը

 Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Նախարարը վարել է մասնագիտական կրթության 
ազգային խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունից, խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել հարցին անդրադառնալ միության կողմից գրավոր հիմնավորումներ ներկայացնելուց հետո: 

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի հաշվետվությունը` նշելով, որ վերապատրաստվել են 602 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, 13 փորձագետներ, ինչպես նաև վերանայվել են նախկինում մշակված 12 չափորոշիչներ: Ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացվել 10 ուսումնական հաստատություններում: 

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը զեկուցել է ոլորտում կատարված հիմնական աշխատանքների մասին: Այս ուսումնական տարում ներդրվել է  երեք նոր մասնագիտություն.  մասնավորապես «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը  ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 2, Արարատի տարածաշրջանային և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներում,  «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը` Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը` Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քոլեջում: 2019 թ. վերանայված  թվով 8 չափորոշիչներում որպես  պարտադիր բաղադրիչ  ներառվել է ձեռներեցության մոդուլը, ևս 4-ը մշակման փուլում են գտնվում: ՄԿՈՒ 12 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 8 մասնագիտության գծով՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Վարչության պետի խոսքով` քայլեր են ձեռնարկվում Հայաստանում դուալ համակարգի հետագա ընդլայնման  և աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման ուղղությամբ, համագործակցություն է ծավալում շուրջ 20 միջազգային կազմակերպության հետ: ԿԳՄՍՆ աջակցությամբ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, Բերձոր քաղաքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ: ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում անդրադարձ է եղել նաև աշխատաշուկայի վերլուծության և պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկի հստակեցման խնդիրներին, առանց որի հնարավոր չէ մասնագիտությունների արդյունավետ պլանավորում և տեղերի բաշխում իրականացնել: Նշվել է, որ բոլոր քոլեջներում և ուսումնարաններում արդեն գործում են կարիերայի կենտրոններ, որոնք իրականացնում են մշտադիտարկում` շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

Խորհրդի անդամները  ներկայացրել են նաև մի շարք  առաջարկություններ 2020-2025 թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների վերաբերյալ:

Ամփոփելով նիստը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին` 2019 թվականի աշխատանքի համար և շնորհավորել նրանց առաջիկա տոները` հույս հայտնելով, որ 2020 թվականի աշխատանքն ավելի բովանդակային և արդյունավետ կլինի:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստին ներկա է եղել նաև ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են գործատուների, արհեստակցական միությունների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]