1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակը կրկին համախմբեց տարբեր երկրների երիտասարդ նկարիչների

Շիրակը կրկին համախմբեց տարբեր երկրների երիտասարդ նկարիչների

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակը կրկին համախմբեց տարբեր երկրների երիտասարդ նկարիչների: Օգոստոսի 22-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ 2017 թվականի «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-25-ը ՀՀ Շիրակի մարզում անցկացվող 6-րդ պլեները նվիրված է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս տարի պլեներին կմասնակցեն 45 երիտասարդ արվեստագետներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Բելառուսից:

Պլեների նպատակն է երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք: Օգոստոսի 22-25-ը բարեկամական և ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք կողքի, երիտասարդ նկարիչները և արվեստագետները կմասնակցեն վարպետության դասերի, կնկարեն և կմեկնաբանեն Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով: «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեները» հնարավորություն կտա երիտասարդներին ճանաչել և արժևորել հայ մշակույթի գանձերը: Պլեների օրերին կլինեն էքսկուրսիաներ և բացօթյա նկարչություն Երերույքի տաճարի և Մարմաշենի վանական համալիրի տարածքներում: Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 25-ին մասնակիցները կմեկնեն Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան:

2012 թվականից Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքին կից գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անց է կացվում «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները», որին մասնակցում են երիտասարդ նկարիչներ ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից, Արցախից, սփյուռքից և արտերկրից: 2013 թվականին պլեներին մասնակցեցին երիտասարդ նկարիչներ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից, Ուդմուրտիայի Հանրապետությունից, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից, Ջավախքից: 2014 թվականին պլեները հյուրընկալեց երիտասարդ նկարիչների պատվիրակություններ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից, Մոսկվայից, Պյատիգորսկից, Բելառուսի Հանրապետությունից: 2015 թվականի օգոստոսի 27-30-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքին կից գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անցկացվեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 4-րդ պլեները»: Այն նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` կրելով «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Հոբելյանական այս միջոցառումն իր մեջ ներառեց նաև երկու այլ հոբելյանների արժևորման խորհուրդ` նվիրվելով հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 135 և ծնունդով շիրակցի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի մահվան 40-ամյակներին: Պլեները համախմբեց 45 երիտասարդ արվեստագետներ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից, Սփյուռքից և արտերկրից:2016 թվականի օգոստոսի 28-31-ը ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անցկացվեց «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 5-րդ հոբելյանական պլեները»: Այն նվիրվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և ունեցավ «Անկախ Հայաստանի երիտասարդ արվեստագետները» խորագիրը: Պլեները համախմբեց 60 երիտասարդ արվեստագետների ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: -0-/22/



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]