Մոսկվայում Խաչատուրյան քույրերին աջակցող պիկետներ են. Հարյուրավոր մարդիկ են միացել

Մոսկվայում Խաչատուրյան քույրերին աջակցող պիկետներ են. Հարյուրավոր մարդիկ են միացել

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Մոսկվայում պիկետներ են տեղի ունեցել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:

Միայնակ պիկետների մասնակիցները հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ նրանք հիմնականում կանայք էին, գրում է Meduza-ն:

«Խաչատուրյան քույրերի գործը, ցավոք, ի ցույց է դնում այն իրավիճակը, որում մենք ապրում ենք: Եթե տարիներ շարունակ բռնանում են կանանց, այս դեպքում՝ երեխաների, հանդեպ, ոչ ոք պատրաստ չէ նրանց օգնել: Նրանք տարիներով ապրում են դժոխքում: «Իսկ ինչո՞ւ նրանք չեն հեռացել» միտքը մակերեսային է և վկայում է այն մասին, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է փլուզված ինքնագնահատականը, և ինչ է մարդը (ագրեսորը), որն ունի զենք, փող և կապեր»,-ասել է «Բռնությանը՝ ոչ» կենտրոնի ղեկավար Աննա Ռիվինան:

Երեկոյան ժամը 10-ի տվյալներով, պիկետին մասնակցել էր արդեն մոտ 200 մարդ:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Առաջին ցուցմունքները Խաչատուրյան քույրերը տվել են առանց փաստաբանի: Մի քանի տարի շարունակ Խաչատուրյանը դաժան է վերաբերվել դուստրերի հետ, նվաստացրել է նրանց, ծեծել և բռնաբարել: Ըստ աղջիկների պատմածի, սպանության օրը հայրը հերթական անգամ պատժում էր նրանց «թափթփվածության» համար՝ հերթով փակվում էր նրանցից յուրաքանչյուրի հետ սենյակում և գազ էր փչում նրանց դեմքին:

Քույրերին սկզբից ձերբակալել էին, սակայն 3 ամիս անց Բասմանի շրջանի դատարանն ազատեց քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ խափանման նոր միջոց կիրառվեց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»: Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:

Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում:

Փաստաբանները հայտարարում են, որ քույրերը գնացել են սպանության «անհրաժեշտ պաշտպանության շրջանակում»: Նրանք խնդրել են ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին փակել քույրերի դեմ գործը կամ վերաորակավորել մեղադրական հոդվածը, իսկ մահացածի հանդեպ, հակառակը, գործ հարուցել:

Բնակարանում հայտնաբերվել է դանակ, «հաբերով տուփ (Միխայիլ Խաչատուրյանը կոնտուզիա էր ստացել Աֆղանստանում ծառայելու ժամանակ և վերջին մի քանի տարիներն հոգեմետ դեղեր էր ընդունում), մուրճ, արբալետ, օդամղիչ ատրճանակ, ազդանշանային ատրճանակ, որսորդական հրացան, 16 փամփուշտ և 2 պնեվմատիկ ատրճանակ, ինչպես նաև կրակոցների հետքեր: Հարևանները հաստատել են, որ նրանց բնակարանից հաճախ բղավողցներ են լսվել, սակայն ընտանեկան կոնֆլիկտին ոչ ոք չի միջամտել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---