19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տագնապահարույց. Տնտեսական տարին ու յոթ ամիսը

Այս տարվա յոթ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող նախնական հաշվետվությունը անսպասելիության աստիճան սպասելի էր: Սպասելի էր՝ աճ արձանագրելու բոլոր հնարավոր ոլորտներով: Նախ՝ Տնտեսական ակտիվության գործակիցը 6.8 տոկոս է: Այն, ճիշտ է, նվազել է իշխանությունների «նախընտրած» 7 տոկոսից: Բայց, միևնույն է, պատկառազդու է: «Ինչի՞ հաշվին» հռետորական դարձող հարցը նույն սպասված ու չսպասվող պատասխանն ունի: Հիմնականում:

Այս անգամ հայտարարվում է, որ արտադրությունն աճել է 8.4 տոկոսով: Արտադրության կառուցվածքը սովորաբար եռամսյակային հաշվետվությամբ կարելի է վերլուծել: Դատելով վերջին տվյալներից՝ արդյունաբերության ոլորտի աճն ապահովել է հիմնականում վերամշակող արդյունաբերությունը: Գյուղբերքուբարիքի ակտիվ շրջան է: Հենց նույն գյուղմթերքի հաշվին կարելի է արձանագրել, այն , որ արտահանումը վերջապես հասավ ու 3 տոկոսով գերազանցեց անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Վերադառնանք այն ոլորտներին, որոնք էլեկտրաէներգիայի արտադրության ու գյուղատնտեսության ոլորտների կրճատման պարագայում ՏԱՑ-ի աճ են ապահովել; Դրանցից մեկն առևտուրն է (աճը 8.9 տոկոս), մյուսը սպասարկման ոլորտն է (սպասելի, բայց նույնքան անիրական 15.2 տոկոսանոց աճով): ՏԱՑ-ի ցուցանիշը գերազանցող տնտեսական այլ ոլորտ չկա:

Պաշտոնական վիճակագրության մեջ առայժմ ոչ մի տվյալ չկա ավտոմոբիլային բիզնեսի տնտեսական ծավալի ու հետևանքների մասին: Փորձագիտական տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին մեր երկիր ներկրվել է 67 հազար ավտոմեքենա: Նույն փորձագետները դրանցից գանձվող մաքսատուրքը 1000-1500 դոլար են գնահատում և բյուջեի այդ մուտքերն անվանում «օդից փող»՝ այդ մուտքերը նմանեցնելով վիճակախաղերի ու խաղադրույքների ապահոված գումարների հետ: Որովհետև դրանց հիմքում տնտեսական «տրամաբանություն» չկա: Ենթադրվում է, որ ԵԱՏՄ-ի արտոնած ավտոմոբիլային բիզնես-բումը կավարտվի այս տարվա հետ:

Վերադառնանք տնտեսության իրական հատվածի աճ արձանագրած ոլորտին` շինարարությանը: Այն յոթ ամսվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, աճել է 4.5 տոկոսով: Կարելի կլիներ ուրախանալ նման ցուցանիշով, եթե մի քանի մանրամասն չլիներ: Նախ` շինարարության աճի տեմպը պաշտոնապես նվազել է: Առաջին կիսամյակում ավելի մեծ աճ էր արձանագրվել` 4.7 տոկոս: Երկրորդ` մեր պետբյուջեն թերֆինանսավորում է այս ոլորտը: 2019-ի առաջին կիսամյակում, 2018-ի համեմատ, բյուջեի հաշվին կատարվող շինարարությունը կրճատվել է 1․1 տոկոսով: Նույնիսկ մի փոքր ավելի: Համայնքային միջոցներով կատարվող շինարարությունը մի փոքր չափազանցելով կարելի է ասել, որ կրճատվել է երկու անգամ: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա 56 տոկոսի չափ է: Հետևաբար, շինարարության ոլորտի աճի միակ աղբյուրը բնակչության հաշվին կատարվող շինարարությունն է: Աճը մեծ է` մոտ 24 տոկոս: Բայց՝ բնակչության հաշվին:

Մասնագիտական վերլուծություններում երկու խնդիր համարվում է տագնապահարույց: Առաջինը դրամի արժեվորումն է: Այն, հավանաբար, բացատրվում է տարադրամի «նոր» աղբյուրով: ԵԱՏՄ-ից ժամանած գնորդները մեր շուկայում ավտոմեքենա ձեռք են բերում դոլարով: Այս երևույթն իր հերթին ներքին շուկայում իրացվող ապրանքները թանկացնում է հենց տարադրամով:

Այս ճնշումը նկատելի է թեկուզ այն փաստով, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում արտահանումներն աճել են 3 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 1.9: Սա տնտեսական դրական փաստ կլիներ, եթե չուղեկցվեր ներքին շուկայում իրացվող ապրանքների տարադրամային գնաճով: Տարօրինակորեն համընկել են ներկրումների և գնաճի ինդեքսի ցուցանիշերը` 1.9 տոկոս: Գնաճի այսքան ցածր ցուցանիշի դեմ խոսում են բոլոր փորձագետները: Առանց բացառության: Սակայն գնաճի կայուն ցածր տեմպը շարունակում է հնարավորինս զսպել տնտեսության աճի հեռանկարը: Բայց այդ մասին պաշտոնապես կիմանանք հոկտեմբերի վերջում, երբ կհրապարակվեն երրորդ եռամսյակի տվյալները։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ