Բաժիններ՝

«Քահանայի կինը կարևոր դեր է կատարում ժողովրդի հոգևոր կյանքում»

2015 թ., երբ լրանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ վեհափառի ձեռամբ օծվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ինձ համար իսկական հոգու տոն էր, երբ հայրս՝ լուսանկարիչ Գագիկ Պողոսյանը, ամեն օր վավերացնում էր եկեղեցու կառուցման աշխատանքները՝ հիմնարկեքից մինչև օծում և հանդիսավոր բացում: Սրբոց Նահատակաց եկեղեցու ներկայությունն այսօր վերածնել է մեր համայնքի հոգևոր կյանքը՝ ի դեմս Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի կատարած աշխատանքների: Հինգ տարի Բուլղարիայում իր ծառայությունը պատվով կատարելուց հետո նա իր առաքելությունն իրականացնում է Նուբարաշեն համայնքում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում տեր Բարդուղիմեոսը հավատացյալների համար դարձել է սիրելի և սպասված հոգևոր հայր:

«Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը» (Գարեգին Նժդեհ):

-Մարդն իր կյանքը պետք է լցնի Աստծով, իսկ գերագույն նպատակը Աստծո մոտ հայտնվելը պետք է լինի: Մենք աշխարհ ենք գալիս, որպեսզի մեր հոգևոր զարգացման ճանապարհով հասնենք այդ գերագույն վիճակին: Մենք ձեռք ենք բերում ընտանիք, մասնագիտություն, աշխատանք, որոնք հետո դառնում են միջոց՝ գերագույնին հասնելու համար: Դրա ամենակարևոր նախապայմանը ամուր ընտանիքն է՝ ի նմանություն այն դրախտային վիճակի, որ ունեին Ադամն ու Եվան նախքան մեղք գործելը: Նրանք ամեն օր զգում էին Աստծո ներկայությունը: Եթե կարողանանք մեր կյանքում ստեղծել այդ վիճակը, կհասնենք ավելի բարձրին:

-«Մի՛ գովիր մարդու տեսքը կամ անթիվ անցավոր գանձերը, այլ գովիր մարդու խելքը, իմաստությունը, հանճարը, գործը»,- միջնադարյան բանաստեղծ Ֆրիկի խոսքերն են: Ի՞նչ ճանապարհ պետք է անցնի մարդը՝ այս հատկանիշները տեսնելու համար:

-Ամենակարևորը՝ նա պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհ… Սուրբ Գիրքն ասում է՝ մարդը միշտ տեսնում է ուրիշի աչքի փուշը՝ անտեսելով իր աչքի գերանը: Մենք չենք կարողանում տեսնել ու հասկանալ, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ: Եվ որպեսզի կարողանանք մեր դիմացինի մեջ տեսնել Աստծո պատկերը, նախ պետք է կարողանանք այդ պատկերը գտնել մե՛ր մեջ: Այդժամ կկարողանանք մարդու մեջ գնահատել և՛ իմաստությունը, և՛ գործը, և՛ հանճարը…

Երազանքի ուղիներով՝ դպրոցից մինչև Գևորգյան ճեմարան

-Ութերորդ դասարանի աշակերտ էի, երբ իմ ծննդավայրում՝ Վայքում, կառուցվեց Սբ. Տրդատ եկեղեցին: Քահանան մեր շենքում էր բնակվում: Դպրոցում արտաժամյա ուսումնասիրում էինք «Կրոնի պատմություն» առարկան: Ոգեշնչվելով այդ առարկայից՝ ցանկացա մասնակցել Սուրբ Պատարագներին: Հետո քահանան տեղափոխվեց, բայց «Կրոնի պատմության» դասերը մնացին իմ հոգում: Բարձր դասարաններում որոշեցի ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ընդունվեցի, սակայն չհասցրի գնալ առաջին դասերին: Լսելով Գևորգյան ճեմարանի մասին՝ մեկ օրվա ընթացքում որոշում կայացրի գործերս տեղափոխել: Հասկացա, որ իմ տեղն այնտեղ է:

-Տե՛ր հայր, ընտանիքը նման է Կենաց ծառի: Դուք վեց տարի առաջ ձեռնադրվեցիք քահանա, նույն ժամանակ էլ ծնվեց Ձեր փոքրիկը: Ի՞նչ փոխեցին այս իրադարձությունները Ձեր կյանքում:

-Հոգևոր հայր դառնալու համար պետք է կարողանաս լսել մարդկանց: Ամենից առաջ պետք է ընտանիք ունենաս՝ ձեռք բերելու համար այն փորձառությունը, որն օգնելու է քեզ լինել լիարժեք հոգևոր հայր: Սա է եղել ինձ համար ամենակարևորը: Չէ՞ որ քո՝ ընտանիքի հոր պատկերը արտացոլվում է նաև համայնքի կյանքում: Իհարկե, Գևորգյան ճեմարանում սովորելու ժամանակ մենք այս ամենը տեսականորեն ենք պատկերացնում: Իսկ երբ ընտանիք ես ունենում, սկսվում են գործնական քայլերը:

-Ի՞նչ կարևոր դասեր եք վերցրել Ձեր մանկությունից, որոնք հիմա փորձում եք փոխանցել Ձեր զավակներին:

– Յուրաքանչյուր անձ, ինչ կոչում ու առաքելություն էլ ունենա, պետք է պատասխանատվութան զգացում ունենա: Մենք մեր աշխատանքին, ծառայությանը պետք է վերաբերվենք ավելի լուրջ՝ գերագույն նպատակին հասնելու համար: Սրանք են այն դասերը, որոնք քաղել եմ իմ ընտանիքից և հիմա փորձում եմ փոխանցել դստերս և որդուս:

Ընտանիքը՝ հոգևորականին զորավիգ

-Ժողովրդական իմաստությունն ասում է՝ երեցկինը կիսով չափ քահանա է: Եվ ես կիսում եմ այդ համոզմունքը: Քահանայի կինը կարևոր դեր է կատարում ժողովրդի հոգևոր կյանքում: Մենք ունենք «Ագապե» Երիտասարդաց միություն, պատրաստվում ենք հիմնել Տիկնաց միություն, որի թե՛ կայացման և թե՛ հետագա գործունեության մեջ ներգրավված է երեցկինը:

-Շատերս մեր կյանքի առաջին հոգևոր զրույցները ստանում ենք մեր տատիկներից ու պապիկներից: Հիշու՞մ եք, թե ինչի մասին էին նրանց պատմությունները: Որտեղի՞ց էին նրանց արմատները:

-Նրանք Խոյից էին: Ցավոք, երկու պապիկներիս և մեկ տատիկիս չեմ հասցրել տեսնել: Տատիկս ապրում էր սահմանամերձ մի գյուղում: Թեև այնտեղ գործող եկեղեցի չկար, առավել ևս՝ հոգևորական, հիշում եմ, թե Աղավնի տատս ինչպես էր կարողանում հաշվել բոլոր եկեղեցական տոների ժամանակագրությունը, թե ե՞րբ է լինելու Սուրբ Հարության տոնը, ե՞րբ է նշվելու Սուրբ Համաբարձումը… Եվ արդեն Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հետադարձ հայացքով հիշում էի տատիկիս և ապշում էի՝ նա այդ ամենը որքա՛ն ճշգրիտ գիտեր:

Խոնարհվելով մեր մեծ նախորդներին առջև…

-Իմ կյանքում մեծ հետք է թողել Ներսես Շնորհալի Հայրապետը՝ իր աղոթքների զորությամբ, նրա շարականները մեծ ազդեցություն են գործել իմ ներաշխարհում: Երբ առաջին անգամ լսեցի «Շնորհեա մեզ Տէր» ստեղծագործությունը և իմացա, թե ինչի համար է ստեղծվել, ապշել էի՝ ինչպե՛ս կարող է նման հզոր ստեղծագործություն ծնվել, կամ «Հավատով խոստովանիմ» աղոթքը, որն իր մեջ ներառում է հատուկ աղոթքներ կյանքի ամեն մի դրվագի համար… Նրա աղոթքների ու շարականների միջոցով գիտակցում ես, որ Աստված մեզ հետ է և մեզ անսահման սիրում է: Որպես հոգևորական պետք է կարողանաս հասնել նրան, որ մարդիկ դա ևս իմանան:

Հիշենք Խաչատուր Տարոնացուն՝ իր «Խորհուրդ խորին» շարականով: Մարդկային միտքն անզոր է հասկանալ, թե սովորական հացն ու գինին ինչպես են վերափոխվում Քրիստոսի Մարմնի և Արյան:

Սփյուռքում ծառայության տարիներին ծանոթ եմ եղել շատ օտարերկրացիների, ովքեր գալիս էին հայկական եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և հեռանում էին անբացատրելի տպավորություններով:

Հոգևոր զարթոնքի ճանապարհին

-Ուխտագնացությունները շատ կարևոր խթան են ներհամայնքային կյանքը կարգավորելու համար: Մենք վերահաստատում ենք մեր քրիստոնյա լինելը և այն ուխտը, որը կապել ենք Աստծո հետ մկրտության ժամանակ: Դա առիթ է նաև ծանոթանալու համայնքի հետ: Երբ մարդիկ մասնակցում են կիրակնօրյա Սուրբ Պատարագին, շփումը լինում է միակողմանի: Իսկ ուխտագնացությունների ժամանակ միասին այցելում ենք մեր հնավանդ վանքերն ու տաճարները, հաղորդակցվում մեր անցյալի հետ, և մարդիկ, հոգևորականի հետ անմիջական շփվելով, ավելի են կապվում եկեղեցու հետ:

Մեր ժողովրդի հետ ամենօրյա շփումների արդյունքում եկել եմ այն համոզման, որ հայ մարդը չի հեռացել իր արմատներից: Որպես ազգ մենք չենք կտրվել մեր ավանդույթներից: Խորհրդային տարիները մեզ փոքր-ինչ հեռացրել էին Հայոց եկեղեցուց: Բայց հիմա վերականգնվում են նախնիներից մեզ ավանդված արժեքները: Իմ ծառայության առաջին իսկ օրերից սկսել եմ այցելել մարդկանց տները: Եվ կարող եմ ասել, որ այստեղ հոգևոր կյանքը վերածնունդ է ապրում: Անցյալ տարի ամռանը, երբ ստեղծվեց «Ագապե» Երիտասարդաց միությունը, մենք կազմակերպում էինք բացօթյա զրույցներ, քննարկում հոգևոր և ազգային կյանքին վերաբերող հարցեր: Հիմա վերականգնելու ենք այդ ավանդույթը: Նախատեսում ենք այցելություններ մանկատներ, հիվանդանոցներ: Շնորհալի երեխաներ ունենք, որոնց հետ պատրաստվում ենք մեկնել որևէ սահմանապահ զորամաս և լինել մեր զինվորի կողքին:

Հայ քահանայի կոչումը

-Այս տարի մենք նշեցինք 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության 100-ամյա տարեդարձը: Հայ հոգևորականները ևս մասնակցեցին ազգային-ազատագրական պայքարին և Հայոց պետականության վերականգնման գործին: Այսպես է եղել հեռավոր անցյալում, այդպես է մեր օրերում: Մեր ազգի ճանապարհին դեռ լինելու են բազում խոչընդոտներ: Բայց մենք դրանք հաղթահարելու ենք, ինչպես որ հաղթել ենք պատմության ամբողջ ընթացքում: Հայ քահանայի կոչումը միշտ եղել և մնալու է նույնը՝ ծառայել Աստծուն ու լինել ժողովրդի կողքին:

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս