×


Դասականից հայկական ջազ՝ ֆրանսահայ երգչուհի Օդրե Քեսեջյանի հետաքրքիր ոճափոխությունը

Ֆրանսիայում խիստ մեկուսացումն ավարտվում է այսօր, սակայն ակտիվ կյանքին մարդիկ կվերադառնան տարբեր փուլերով։ Մարտի 16-ից սկսված մեկուսացումը եւ չեղարկված բազում համերգները ծանր վիճակի բերեցին արվեստի ոլորտը, արտիստները սկսեցին ավելի ակտիվ հանդես գալ համացանցում։ Դրական կողմն այն էր, որ այս տիրույթում կարողացանք բացահայտել շատ արվեստագետների։ Այս շրջանում «գտա» մի ֆրանսահայ երգչուհու, ով ծնվել է Ֆրանսիայում, կարիերան սկսել դասական ոլորտում եւ չնայած իր հաջողություններին՝ փոխել է երաժշտական ոլորտը եւ վերադարձել արմատներին:

Օդրե Քեսեջյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է գալիս հետաքրքիր ակապելաներով։ Մեկուսացումը երգչուհուն հնարավորություն է ընձեռել շատ զբաղվել երաժշտությամբ, երգել եւ ստեղծագործել, մենք էլ փորձեցինք մեր ընթերցողներին ծանոթացնել նրա հետ։

Օդրե Քեսեջյանը


Ֆրանսիայում ծնված հայազգի երգչուհու հայկական անունը Անի է, նա երգել սկսել է փոքրուց, ուսման սկզբում դասական երաժշտության մեջ եղել, իսկ հայ ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանի ձայնը ճակատագրական է եղել նրա կյանքում։

«Շատ փոքուց եմ սկսել երգել։ Տատիկս ասում է, որ նույնիսկ խոսելուց առաջ արդեն սկսել էի երգել։ Մեծացել եմ՝ միշտ ունենալով երգելու ցանկություն, 13-14 տարեկանում ընդունվեցի երաժշտական դպրոց։ Սկզբում նպատակ չունեի լիրիկական ժանրն ընտրել, սակայն ինչպես բոլոր երաժշտական գործիքների դեպքում՝ հիմքը դրվում է դասական երաժշտությամբ, ուսուցիչն ասաց՝ հիմքն ունենալուց հետո կկարողանամ փոխել ոճը»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Օդրեն։ Հենց սկզբից նա մեծ հաջողություններ է գրանցել եւ ամեն տարի մի քանի դասարան միանգամից է ավարտել, իսկ դասականի մեջ «հաստատվել» է 14-15 տարեկանում․ «Լսեցի «Նորման»՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ․ գամվել էի տեղումս եւ այդ պահին ասացի՝ այ, հենց սա եմ ուզում անել։ Հասմիկն իմ կյանքում հայտնություն էր, շատ եմ սիրում ձայնը, լիովին տարված էի նրանով, այդ պահից սկսած՝ ինձ համար պարզ էր, որ այդ մասնագիտությունն եմ ընտրելու՝ լիրիկական արտիստ»։

Անդրե Մանուկյանը եւ Օդրե Քեսեջյանը


Այդպիսով երգչուհին շարունակել է կրթությունն այս ոլորտում, այնուհետեւ մեկնել արտերկիր՝ կատարելագործվելու։ Փարիզի եւ Լոնդոնի բարձրագույն հաստատությունների դիպլոմներով «զինված»՝ նա տասը տարի աշխատել է եւ հանդես եկել հեղինակավոր օպերաների բեմերում։ Աշխատել է Փարիզի ազգային օպերայում, Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան երգչախմբում, ելույթ է ունեցել տարբեր երկրների ճանաչված արտիստների հետ։ Նրա ձայնը հնչում է նաեւ մի շարք ֆիլմերում, հաճախ մասնակցում է բարեգործական ծրագրերի։

Հենց կարիերայի սկզբում էլ դարձել է «Կարինե» օպերայի գլխավոր դերակատարը Փարիզում։ Այս դերակատարման շնորհիվ էլ հնարավորություն է ունեցել ծանոթանալ իր համար ճակատագրական ձայն ունեցող կնոջ՝ Հասմիկ Պապյանի հետ։ «Փարիզում ծանոթացա Հասմիկի հետ։ Ես չափազանց ուրախ էի նրան հանդիպել, նա էլ շատ բարեհամբույր էր, եւ Փարիզում իր գտնվելու ամբողջ ընթացքում շփվեցինք, նույնիսկ դասեր անցկացրեց ինձ հետ։ Տեւական ժամանակ գրավոր շփում ունեինք, տարիներ անց նա վերադարձավ Փարիզ՝ ելույթի, բնականաբար, գնացի դիտելու։ Երբ մտա հանդերձարան իրեն տեսնելու, նվիրեց իր ծաղկեփնջերից մեկը՝ լավ կարիերա մաղթելով։ Այդ խորհրդանշական վարդերը չորացրել եմ եւ պահել։ Ես այնքան զգացված էի նրա այդ քայլից․ ինքս ծաղիկներով գնացել էի նրան տեսնելու, եւ նա ինձ նվիրեց մեկ այլ փունջ»,-հուզված պատմեց Օդրեն։

Օդրե Քեսեջյանը


Գեղեցիկ կարիերայից հետո դասական երաժշտության ոլորտը մի պահ սկսել է միատոն թվալ երգչուհուն եւ նա փոխել է ոճը․«Միշտ էլ սիրել եմ երաժշտական տարբեր ոճեր եւ մի պահ ինձ զգացի մի փոքր լճացման մեջ, կարծես անընդհատ նույնն էի անում, նույն գործելաոճն էր ամեն տեղ եւ՝ բավականին կոշտ։ Ցանկություն ունեի բացահայտել երաժշտական ոճեր եւ շատ նեղվում էի, որ չեմ կարող երգել։ Այնքան ոճեր կային, որ սիրում էի՝ սկսած հայկական երաժշտությունից մինչեւ ջազ»։
Մեր հայրենակցուհին նշեց, որ դասական երաժշտության ոլորտում լավ չի դիտվում, երբ այլ ոճում ես հանդես գալիս, եւ դժվար էր այդ առումով, ինչպես նաեւ ձայնի հետ կապված պետք է ամեն ինչ վերակառուցես։

«Մի ծրագիր կար, որի անունը «Դիվա» էր, այն հենց նմանատիպ էքսպերիմենտ էր, եւ դա էլ իմ վերջին գործն էր դասականի մեջ։ Որոշեցի «շրջվել» դեպի ժամանակակից երաժշտության ոլորտ, քանի որ ինձ համար շատ հարստացնող էր. հանդիպում էի տարբեր մարդկանց։ Ջազի, փոփի ոլորտում աշխատող մարդկանց հետ հանդիպումներն ինձ հարստացրին։ Ամեն ոլորտ իր աշխատաոճն ունի, շատ հետաքրքիր էր ինձ համար եւ կարողացա ձայնս տարբեր ոլորտներում փորձել։ Ինձ համար մարտահրավեր է, որ կարողանում եմ կատարել լիովին տարբեր ոճերի երգեր։ Իմ բնավորությանն այս ամենն ավելի է համապատասխանում, քանի որ առավել ազատ ենք, իսկ դասական երաժշտության մեջ՝ ավելի կաղապարված»,-պատմեց նա։

Օդրե Քեսեջյանը


Պատահական մի հանդիպում էլ օգնել է երգչուհուն իրագործել իր միտքը։ Մի միջոցառման ժամանակ նա հանդիպել է ֆրանսահայ երաժիշտ, երգահան եւ կատարող Անդրե Մանուկյանին, եւ այդ հանդիպումը ճակատագրական է դարձել նրա կարիերայի համար։ «Այս համերգին ես երգում էի, իսկ Անդրեն հաղորդավարն էր։ Նա ինձ լսել էր եւ հասկացել, որ հայ եմ, վերջում մոտեցավ, եւ ծանոթացանք, ասաց՝ ձայնս շատ է հավանել եւ առաջարկեց իր հետ աշխատել։ Հետաքրքրականն այն էր, որ նա լսել էր իմ դասական կատարումը եւ եկավ ինձ առաջարկելու իր հետ երգել հայկական ջազ»,-ծիծաղով ասաց երգչուհին։ Անդրեն կարծես գուշակել է Օդրեի մտքում պտտվող ոճափոխության միտքը, եւ այս առաջարկը երգչուհուն տարել է երաժշտական այլ ոլորտ։ Արդեն երեք տարի է հայազգի արտիստները համագործակցում են, համերգներ տալիս միասին, որտեղ հիմնականում հայկական մեղեդիներ են՝ համեմված ջազով։

Օդրե Անիի ծնողները հայ են, ինքը ծնվել է Ֆրանսիայում։ Հարցին, թե արդյոք եղել է Հայաստանում, ցածր ձայնով, կարծես ամաչելով, պատասխանեց՝ դժբախտաբար, դեռ ոչ․«Տարբեր պատճառներով չեմ կարողացել, բայց հույսս չեմ կտրում, դեռ ժամանակ կունենամ գնալու։ Իսկ համերգով այնտեղ հանդես գալն ինձ համար չափազանց հուզիչ կլինի, արմատներիս վերադառնալու հնարավորություն կլինի․ ինչքան որ ֆրանսիացի եմ, այնքան էլ հայ եմ ինձ զգում, հայկական մշակույթ ունի ընտանիքս, հատկապես մորս կողմից»։

Հոր ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել Հայոց ցեղասպանությունից հետո, մորական կողմը Ստամբուլից է, ինքն առաջին սերունդն է, որ ծնվել է Ֆրանսիայում։ Մորական կողմն էլ հենց հայերեն է խոսել աղջնակի հետ, տատիկի հետ մինչ այժմ հայերենով է շփվում, փոքր քույրն ամուսնացած է հայի հետ։ Ընտանիքում կապը հայկականի հետ պահպանվում է եւ փորձում են «ապրեցնել» լեզուն։

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Anatholie Music Photography եւ Coeur de Lune Photographie










Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին