«Հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել». Արմեն Մարտիրոսյանը՝ Փաշինյանի կադրային նշանակումների մասին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի շտապում գնահատել Կառավարության 5-ամսյա գործունեությունը, ասում է՝ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, կխոսի:

«Ե՛վ ճիշտ քայլեր են կատարել, և՛ այնպիսիք, որոնք միանշանակ չեն ընդունվում: Օրինակ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ, իսկ Գեղամ Գևորգյանին՝ Գյուղնախարար նշանակելը: Այժմ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը հասարակության մի մասի կողմից չընդունվեց, և սա գոնե սոցիալական ցանցերում լավ արտահայտված էր»,- 168.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադները քանդելու ժամանակը, և այն, որ նոր իշխանական համակարգում կարող են բարձր տեղ ունենալ նաև մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների օրոք, Արմեն Մարտիրոսյանը նկատեց.

«Առաջին հերթին՝ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վստահության հսկայական բազա ունի, իսկ թե դա ինչպե՞ս կօգտագործի, մենք չգիտենք: Կարծում եմ՝ ոչ միայն պետք է գնահատականներ տանք, այլև ներկայացնենք այլընտրանքային ծրագրեր»:

Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատերերը չեն հասկանում, թե ինչո՞ւ է Հունան Պողոսյանը մարզպետ նշանակվել, ավելին՝ որոշ մարդիկ հարց են բարձրացնում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում, որպեսզի ՀՔԾ-ն զբաղվի փոխոստիկանապետի կողմից Հունան Պողոսյանի` Շանթ Հարությունյանի նկատմամբ մի քանի տարի առաջ բռնություն գործադրելու գործով:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս