×


Միշա Մայսկիի երեւանյան համերգը, անկեղծ գրառումն ու Թոփչյանի խոստովանությունը

Տեւական դադարից հետո դասական երաժշտության սիրահարները երեկ ներկա եղան տարվա լավագույն մշակութային իրադարձություններից մեկին՝ անվանի թավջութակահար Միշա Մայսկիի երեւանյան համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ինչպես պարզվում է, երաժիշտն էլ ավելի քան երկու տարի հարմար առիթի էր սպասում Երեւան գալու համար․ նրա նախորդ այցն այստեղ տասնչորս տարի առաջ էր, թեեւ այդ ընթացքում առիթներ ունեցել են Էդուարդ Թոփչյանի հետ նվագել աշխարհի այլ բեմերում։ BRAVO.am-ը ներկա է եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մեծ երեկոյին, լուսանկարել է ընթացքը եւ զրուցել երաժիշտների հետ։

«Մենք առաջին անգամ չենք համագործակցում, կարելի է ասել՝ ընկերներ ենք։ Ուղղակի հիմա նա ժամանակ գտավ, ասաց, որ այս օրերին կարող է գալ, եւ եկավ։ Դե, նորություն չի լինի, եթե ասեմ, որ նա շատ մեծ երաժիշտ է, նրա հետ նվագելը ե՛ւ մեծ պատասխանատվություն է, ե՛ւ մեծ հաճույք ու մեծ ապրումներ»,- մեր զրույցում նշեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք Մայսկին իրենց հետ կիսվել է համատեղ աշխատանքից իր տպավորություններով, Թոփչյանն անկեղծորեն նկատեց․«Նա ինձ ու իմ նվագախմբին երեւի թե լավ է վերաբերվում, առաջին փորձից էլ շատ գոհ էր, դրա համար էլ գալիս է այստեղ, որովհետեւ մենք նրան վճարել չենք կարող իրականում»։

Միշա Մայսկին


Դիրիժորի խոսքով՝ համերգային ծրագրի հետ կապված մի քանի առաջարկ է արել Միշա Մայսկին, եւ հետո միասին ընտրել են՝ ինչ գործեր կատարել։ Այդպիսով երեկոյի ընթացքում հնչեցին Չայկովսկու, Մաքս Բրուխի, Կամիլ Սեն-Սանսի եւ Բեթհովենի ստեղծագործություններից։ Հայ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով ողջունեց ու ճանապարհեց մեծ երաժշտին։ Համերգի ավարտին էլ բազմաթիվ մարդիկ հավաքվել էին ետնաբեմում՝ Մայսկիի հետ լուսանկարվելու եւ իրենց տպավորություններով կիսվելու համար։ Ի պատասխան այդ ջերմ ընդունելության՝ երաժիշտն էլ գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ «Շատ շնորհակալությամբ ու լավագույն մաղթանքներով՝ Միշա Մայսկի»։


Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Մայսկին արդեն լավ գիտի։ Ասում է՝ աշխարհում շատ կան պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք հրաշալի տիրապետում են գործիքին, սակայն կարեւորը ոչ թե գործիքն է, այլ երաժշտությունը․«Հաճախ գնում ես համերգի ու տեսնում ես, որ ամեն ինչ հրաշալի է, երաժիշտը փայլուն նվագում է, բայց ինչ-որ բան պակաս է: Պատճառն այն է, որ երաժշտությունն այդտեղ երկրորդական բնույթ է կրում, այն օգտագործվում է, որպեսզի արտիստը ցույց տա, թե ինչ լավ է նվագում։ Տարբերությունը տաղանդավոր երաժշտի ու մեծ արտիստի միջեւ ընդամենը մեկ քայլ է, բայց ամենաբարդն է ու երբեմն՝ անհասանելին։ Ես միշտ նախընտրել եմ իմ զգացածն արտահայտել երաժշտությամբ, որովհետեւ այն լավագույն լեզուն է»։


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջիկայում շարունակելու է մեծ համերգների շարքը։ Այս ամիս «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ համերգներով հանդես են գալու նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ գերմանացի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստի հետ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին