«ՌԴ նախագահի առևտրատնտեսային թեմաներով լեկցիան ցույց է տալիս ճիշտ հակառակը, որ վտանգավոր բան կա, նա նույնիսկ կանաչ լույս է վառում այդ էսկալացիայի հետագա զարգացման համար»

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ

 – Պարոն Սաֆարյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից ի՞նչ արդյունքներ կարելի է արձանագրել։ Վերջին 1 ամսում սա Փաշինյանի երկրորդ հանդիպումն էր ՌԴ նախագահ Պուտինի հետ։

– Առայժմ կարելի է ասել, որ այդ այցերը հայկական կողմի համար Ռուսաստանի նկատմամբ լոյալության դրսևորման և երկկողմ հարաբերությունները խորացնելու շահագրգռության մեսիջով են ուղեկցվում, Ռուսաստանի կողմից դրանք ուղեկցվում են Հայաստանին կարմիր գծեր ցույց տալու և բարձր նշաձողեր սահմանելու նշանաբանի ներքո: Որովհետև երկրորդ հանդիպումն է, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի համար ալարելով ընթերցում է վիճակագրական ցուցանիշները, թե ինչպիսին է գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերում երկու կողմերի աճը, գոհունակություն է հայտնում, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերն է, ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն այս ցուցանիշները չեն նվազեցնի և աճողական, ինչպես Սոչիում էլ ասաց, վերև կբարձրացնեն և կպահպանեն դոմինանտ դիրքերը Ռուսաստանի համար։

Հայաստանն էլ իր հերթին՝ փորձում է վերացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դեֆորմացված, աղճատված բնույթը, Նիկոլ Փաշինյանը քանիցս ակնարկում է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն իրավահավասար, երկու կողմերը պետք է հարգեն միմյանց շահերը, հարգեն միմյանց զգայունությունները, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, հետևաբար՝ ո՛չ կասկածի տակ դրվեն, ո՛չ էլ, առավել ևս, այդ իմաստով խնդիրներ հարուցվեն՝ ակնարկելով անցյալում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նմանատիպ բազմաթիվ հարցեր, երբ Ռուսաստանը կասկածում էր Հայաստանին հավատարմության մեջ և փորձում էր վտանգներ ստեղծել ՀՀ շահերի համար, և այլն։

Հետևաբար՝ այս երկու այցերը խոշոր հաշվով միմյանց տնտղելու, այսպես ասած, ժամացույցները ստուգելու այցեր են, մի կողմը՝ լոյալության դրսևորման, մյուս կողմն էլ՝ ռեակցիաներ ստուգելու և, այսպես ասած, ակնկալիքներ շարադրելու տեսքով։ Հետևաբար՝ առայժմ դեռևս մենք գործ ունենք հարաբերությունների վերահաստատման պրոցեսի հետ։

– Բայց ինչո՞ւ չի խոսվել Արցախի հակամարտության, Նախիջևանի դեպքերի մասին, ինչո՞ւ քաղաքական լուրջ թեմաներ չեն շոշափվել։

– Դա շատ վատ է և վտանգավոր։ Մի կողմից՝ մենք երբևիցե չենք խրախուսել, որ Մոսկվան սեպարատ, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս իր հովանու ներքո և իր շահերից բխող կարգավորման գործընթաց տանի, ինչին ականատես ենք եղել նախկին իշխանության օրոք, ինչին դիմադրում էին թե՛ փորձագետները, թե՛ անգամ ՀՀ իշխանությունները՝ փորձելով մշտապես դրանք բերել ԵԱՀԿ ՄԽ դաշտ՝ ի տարբերություն անգամ Ադրբեջանի։

Այս կտրվածքով, թերևս, բավականին մտահոգիչ է, որ, եթե անգամ նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ղարաբաղի խնդիր չի քննարկվել այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը լիազորված չէ Ղարաբաղի ժողովրդի անունից հանդես գալ, դա չի նշանակում, թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ չէ։

Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ Արցախը լիարժեք կողմերից մեկն է, բայց չբացառելով, որ ՀՀ-ն նույնպես հակամարտության կարգավորման սուբյեկտ է։

Ի վերջո, տարածաշրջանի վերջին զարգացումներն առնչվում էին նաև Ռուսաստանի շահերին։ ՌԴ-ն և ՀՀ-ն էին, որ ՀԱՊԿ շրջանակներում ձևավորեցին ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը՝ թե՛ հակաօդային պաշտպանության ոլորտում, թե՛ ցամաքային զորքերի ուղղությամբ։

Այս առումով տարօրինակ է, որ Ռուսաստանին չի մտահոգում ո՛չ այն հայտարարությունները երկու կողմից, որոնք փակուղի են առաջացնում, ո՛չ սահմանին արձանագրվող միջադեպերի թվի ավելացումը, ո՛չ կուտակումները և զորաշարժերը, որ անում է Ադրբեջանը սահմանագծի երկայնքով, ո՛չ այն զարգացումները, որոնք էսկալացիա ապահովեցին Նախիջևանում, ըստ որում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում, որտեղ տարածվում են և՛ Ռուսաստանի, և՛ ռազմաբազայի, և՛ մյուս ստեղծված միավորումների իրավասությունները։

Թերևս, բացատրությունները շատ են, եթե անգամ Պուտինը չի փորձում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում, կարող ենք հասկանալ, որ Ալիևն ինքը պատրաստ չէ դրան և Ալիևը գրգռված է Նիկոլ Փաշինյանի նոր մոտեցումներից։ Բայց մյուս կողմից, կարծես թե, գոնե Ռուսաստանը՝ որպես այս տարածաշրջանում բավականին մեծ լծակներ ունեցող պետություն, ՄԽ համանախագահ, ՀՀ դաշնակից պետություն, կարող էր այդ հանդիպումն օգտագործել՝ որոշ հայտարարություններով կանխելու լարվածության հետագա շիկացումը։

Բայց ՌԴ նախագահի առևտրատնտեսային թեմաներով լեկցիան կարծես թե ցույց է տալիս ճիշտ հակառակը, որ վտանգավոր բան կա, նա նույնիսկ կանաչ լույս է վառում այդ էսկալացիայի հետագա զարգացման համար, եթե դա չի կանխում այն դեպքում, երբ կարող էր կանխել, առավել ևս, երբ այդ հանդիպմանը զուգընթաց՝ պետք է հանդիպեր Իլհամ Ալիևի հետ։ Բայց այս թեմաներով նա չի զրուցում ո՛չ միայն Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ միայն հրապարակավ հայտարարություն չի անում Փաշինյանի հետ հանդիպումից հետո, այլև չի խոսում Իլհամ Ալիևի հետ։

Հետևաբար՝ բավականին մտահոգիչ է, դա արդյունք է նրա՞, որ Ռուսաստանը տակավին չունի իր նոր քաղաքականությունը Հայաստանում ստեղծված նոր իրողություններից հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ, թե՞ դա արդյունք է որոշակի հեռահար պլանների, սա բավականին բարդ և դժվար խնդիր է։

Մի բան ակնհայտ է, որ, եթե սրան էլ գումարում ենք Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասել պետք չի, քանի որ Հայաստանի նախագահը չկա, մի տեսակ նույնիսկ այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանին չեն ընկալում Ռուսաստանում՝ որպես այդ խնդրով լեգիտիմ բանակցորդ, ինչը, իհարկե, մտահոգիչ է, բայց նաև՝ վերին աստիճանի կոպիտ վրիպում Ռուսաստանի կողմից, որովհետև ռեալ իշխանության ներկայացուցիչը Հայաստանից Նիկոլ Փաշինյանն է։

– Պուտինն էլ Ալիևին ասել է, թե՝ «ոմն մեկի հետ կծանոթանաս«։ Սա ՌԴ նախագահի կողմից քամահրական վերաբերմունքի ցուցիչ չէ՞։

– Այո, դիվանագիտորեն շատ աննրբանկատ, գռեհիկ արտահայտություն էր։ Ի՞նչ է նշանակում՝ խուսափել տալ սեփական դաշնակցի անունը։ Պետք չէր Նիկոլ Փաշինյանի անունը տալ, պետք էր տալ Հայաստանի անունը, որ Հայաստանի նոր ղեկավարությունն այստեղ է, կարող եք ծանոթանալ։ Կարելի էր ամեն ինչ ավելի գեղեցիկ անել։

Սա, իհարկե, քննարկման խնդիր է։ Եվ ոչ միայն սա. Նիկոլ Փաշինյանի այցի օրը Ռուսաստանում այդ պրանկերների նոր արկածները ցուցադրվեցին պետական հեռուստաընկերություններով, և կրկին Նիկոլ Փաշինյանի անունն է շահարկվել։

Սրանք պետք է բավականին լուրջ մտածելու առիթ տան և՛ ՀՀ կառավարությանը, և՛ Ռուսաստանի հայկական կազմակերպություններին, և՛ ընդհանուր առմամբ բոլորիս։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի նոր դիրքորոշումներն Արցախյան խնդրով դուր չեն եկել Ադրբեջանին, դա գիտենք, բայց այն, որ դրանք հավասարապես դուրս չեն գալիս նաև միգուցե Ռուսաստանին, կարծես թե այստեղ արդեն խնդիրներ կան։ Բայց դրանք այնպիսի դիրքորոշումներ են, որ անկախ նրանից, դուր կգան, թե ոչ, բխում են ՀՀ շահերից։ Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք է որդեգրում Ռուսաստանը, հայ հանրությունը և ՀՀ կառավարությունը պետք է ուղղակի շարժվեն այս գծով և հասկանալի դարձնեն, որ լավագույն լուծումը ՀՀ շահերը հարգելն է։

– Պարոն Սաֆարյան, նույն ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն էր ասում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին խոսում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին։ Այժմ Փաշինյանի հայտարարություններից ի՞նչն է նոր, որը նախկինները չէին ասում, և որը ՌԴ ղեկավարության դժգոհությունն է հարուցել։

– Նոր բան չկա, պարզապես ՌԴ-ում մտածում էին, որ հին իրողություններն ու խաղի կանոնները բանակցային գործընթացի ներսում կարող էին թույլ տալ իրենց պլանների իրագործում, իսկ այն նոր իրողությունները, որոնք առաջ են քաշվում, կարող են դրանք լրջորեն վտանգել, որովհետև այն ժամանակ ԼՂ բացակայության պայմաններում կարող էին խնդիրը խեղաթյուրել, Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և ասել, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակի սահմանումն առավելագույնն է, բավարարվեք դրանով, իսկ այժմ 2 սուբյեկտի մասնակցության դեպքում դա չեն կարող անել։

Հետևաբար՝ հասկանալի է, թե ինչու են գրգռված ռուսները, որովհետև մի կողմից՝ չեն կարող դա բացահայտ ասել, գիտակցում են Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմությունը, որ նման հայտարարությունները սեփական դաշնակից երկրի նկատմամբ կարող է մի ամբողջ ժողովրդի շրջել իրենց դեմ, որովհետև դա վերաբերում է ժողովրդի համար զգայուն հարցի, և, հետևաբար, այս կտրվածքով՝ հասկանալի է, թե ինչու պետք է մի կողմից՝ լռեն, չհակադրվեն դրան, որովհետև հերքել այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը, կամ ասել է Սերժ Սարգսյանը նախկինում, չեն կարող, որովհետև ԵԱՀԿ փաստաթղթերով Ղարաբաղը փաստացի և դե յուրե հակամարտության կողմ է և բանակցության արժանի սուբյեկտ, և չեն կարող հրապարակավ առարկել։

Եվ եթե Սերժ Սարգսյանի դեպքում կարող էին ուղղակի ճնշումները մեծացնել, որովհետև Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմությունը թույլ էր, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում սա վտանգավոր է հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, այն էլ այսպիսի խնդրով։

Հետևաբար՝ իրենց ոչինչ չի մնում, քան այդպիսի էժանագին հնարքները՝ կարող եք խոսել ոմն մեկի հետ, կամ անտեսել բոլորի համար տեսանելի անվտանգության ռիսկերի առաջացումը տարածաշրջանում, կամ էլ պրանկերների հիմարությունները։

Սա ուղղակի ցույց է տալիս, որ տեղաշարժ կա։ ՀՀ կառավարությունը միգուցե պետք է շատ բանի ուշադրություն չդարձնի։ Մենք պարտավոր ենք ուղղակի ուշադիր լինել անգամ նման դրսևորումներին և արձագանքել, կարծիքը տեղ հասցնել, ինչն արել ենք նաև նախկինում՝ հանուն արդարության, երբ որոշ անցանկալի զարգացումների դեպքերում իշխանությունները լռում էին, և այդ պատասխանատվությունը ստանձնում էինք մենք՝ փորձագետներս, լրագրողները և այլք։ Եվ այս կտրվածքով առաջ շարժվել։

Տեսանյութեր

Լրահոս