ՊՊԾ գնդի գրավման և զենքերը վայր դնելու մեկ տարին լրանալու կապակցությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանն ու Կարո Եղնուկյանը հանդես են եկել հոդվածով, որտեղ շոշափում են աշխարհակարգային, աշխարհաքաղաքական հարցեր և Հայաստանի տեղն ու դերը դրանցում: Մասնավորապես, Հայաստանի դուրս գալը ռուսական գաղութի կարգավիճակից, այսպես ասած՝ «Արմէքզիթը», և հայ-ամերիկյան դաշնակցության հաստատումը, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով: Քաղաքագետները շրջադարձային են համարում հայ-ամերիկյան դաշնակցային հարաբերություններ հաստատելու՝ «Սասնա ծռերի» թեզը, քանի որ մինչ այս մեկ տարի շարունակ նրանք խոսել են միայն Հայաստանի ապագաղութացումից:
Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամները և առհասարակ այս հոդվածի հեղինակները չէին կարող ավելի վաղ կամ հենց սկզբում խոսել հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու մասին, քանի որ դա կարող էր կասկածներ առաջացնել, որ «Սասնա ծռերի» այս ամբողջ գործողությունները ծրագրավորվել և իրականացվել են ԱՄՆ-ից, ինչը կարող էր բացասաբար ընկալվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
«Դրա համար էլ իրենք հենց սկզբում սկսեցին խոսել Հայաստանի ապագաղութացումից, հետո արդեն կամաց-կամաց սկսեցին այլ թեզեր առաջ քաշել՝ ապագաղութացման փոխարեն առաջարկում են բարելավել հայ-ամերիկյան հարաբերությունները: Բայց այնպես չէ, որ նրանց այդ հոդվածը կարող է խթան հանդիսանալ հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար: Ոչ էլ նրանց այդ մեթոդոլոգիան կարող է լուրջ քննարկման տեղիք տալ, քանի որ նրանց գաղափարական հակառակորդները կարող են օգտագործել այս առիթը և թեզ առաջ քաշել, որ Միացյալ Նահանգները այս մեթոդներով է փորձում հարաբերություններ լավացնել՝ անկախ այն բանից, որ դա այդպես չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Բադալյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» մեկ տարի առաջ սկսած գործողությունները դեռ չեն ավարտվել: Դրանք դեռ զարգացումներ են ունենալու՝ կապված դատական պրոցեսների, այս հոդվածի և այլ հանգամանքների հետ:
Քաղաքագետի խոսքով՝ առաջ քաշված «Արմէքզիթ»-ի գաղափարը չի կարող այս փուլում օրակարգ դառնալ, ինչպես որ Վարուժան Ավետիսյանն էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը համարում ոչ օրակարգային: «Դա չի կարող օրակարգ դառնալ, քանի որ այս պահի դրությամբ Հայաստանում իշխում է մի քաղաքական ուժ, որը այդ գաղափարին դեմ է: Բայց այն պահին, երբ Հայաստանում ղեկավարություն փոխվի, չի բացառվում, որ դա դառնա օրակարգ: Չնայած հիմա էլ դա քննարկվող հարցերից մեկն է, բայց ոչ՝ առաջնային»,- ասաց Բադալյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց այս փուլում «Սասնա ծռերը» առաջ քաշում հայ-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները բարելավելու հարցը, քաղաքագետը նկատեց, որ պետք չէ մոռանալ, որ 6 ամիս անց Հայաստանում իշխանություն է փոխվելու, պետք է հստակեցվի վարչապետի հարցը, և ով էլ լինի Հայաստանի ապագա վարչապետը՝ այսպես թե այնպես պետք է հստակություն մտցնի, թե ինչպիսի հարաբերություններ է Հայաստանը ունենալու Արևմուտքի և Միացյալ Նահանգների հետ:
«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկում ԱՊՀ տարածքում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, և մինչ Հայաստանում իշխանափոխությունը, հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավումը, խորացումը պետք է քննարկման առարկա դառնա: Հիմա ամառ է, այդ հարցը այդքան բուռն չի քննարկվի, սակայն սեպտեմբեր ամսին ավելի ակտիվ քաղաքական պրոցեսներ կգնան, և այդ հարցն ավելի ակտիվ կքննարկվի: Այսինքն՝ շուրջ մեկ ամիս այդ հարցը կքննարկվի ավելի հանգիստ մթնոլորտում, իսկ սեպտեմբերից հարցը կսկսի ավելի ռասկրուտկա լինել»,- ասաց քաղաքագետը:
Մեր դիտարկմանը, թե ուզում է ակնարկել, որ իշխանությունները և՞ս հետաքրքրված են հայ-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները խորացնելու հարցի քննարկումներով և այս ճանապարհո՞վ են դա իրականացնում, Բադալյանը նկատեց. «Չէ, ես իշխանությունների անունը չտվեցի: Ես ուզում եմ ասել, որ այս պահին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները քննարկման առարկա են, քանի որ աշնանը Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ նախաստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, և դա չի կարող դիտարկվել հայ-ամերիկյան հարաբերություններից դուրս: Բնականաբար, հայ-ամերիկյան հարաբերությունների հարցը քննարկման առարկա կդառնա: Հիմա այդ հարցը մի քիչ ռասկրուտկա են անում, որ աշնանը էլ ավելի մեծացնեն դրա ռասկրուտկան, եթե դրա թիկունքում չեն կանգնած ուժեր, որնք կարիք ունեն այդ հարցի էլ ավելի խորը ռասկրուտկայի: Միայն աշնանը կերևա՝ ով ինչ շահ ուներ այս ամենում»,- եզրափակեց քաղաքագետը:
ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Սասնա ծռերի» այս նոր մոտեցումները, թեզերը թերևս պայմանավորված են աշխարհաքաղաքական փոփոխություններով: «Սակայն երբ նմանատիպ հայտարարություններ են արվում, պետք է հստակ նշել, թե ինչ թեզիսներ, հիմնավորումներ կան դրանց մեջ՝ կապված անվտանգության խնդիրների հետ, քանի որ մենք գտնվում ենք տարածաշրջանում, որտեղ մշտապես պատրաստ են պատերազմել, պատերազմել նաև մեզ հետ: Այսինքն՝ կարևոր է իմանալ, թե քաղաքական կողմնորոշումների այս կտրուկ շրջադարձը իր հետևում ունի՞ ազգային անվտանգությանը վերաբերող համապատասխան փաստարկում: Այդ փաստարկները պետք է հրապարակավ դնել սեղանին և հասարակության քննարկման հնարավորություն տալ: Նույն «Բրեքզիթ»-ի մասին որ խոսում են, դրա տակ հսկայական հիմնավորումներ էին դրված՝ տնտեսական, ռազմական: Իսկ թե հիմա իրենց առաջ քաշած թեզի տակ ինչ հիմնավորում կա՝ պարզ չէ: Արգումենտներ չկան»,- ասաց Խաչատրյանը:
Իսկ թե ինչու այս թեզերը առաջ չքաշվեցին պայքարի հենց սկզբից, ապա Խաչատրյանի խոսքով՝ պատճառն այն էր, որ այս թեզերը կարող էին ինչ-որ չափով վերացնել «Սասնա ծռերի» արարքի հանդեպ համակրանքը: «Այդ փուլում աշխարհաքաղաքական կողմնորոշումները կարող էին միայն վնասել, իսկ հիմա գուցե նման խնդիր չկա, և այս հայտարարությունները խոսում են քաղաքական պայքարի նոր փուլի մասին»,- եզրափակեց Խաչատրյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի