Քաղաքական

12.07.2018 23:45


«Բարսեղ Բեգլարյանը զենքով մարդիկ էր բերել վրես» (տեսանյութ)

«Բարսեղ Բեգլարյանը զենքով մարդիկ էր բերել վրես» (տեսանյութ)

«Ֆլեշ Մոտորս» ընկերության գործով տուժող ճանաչված, ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն 39-ամյա Արման Մկրտումյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ իր բնակարանը տարիներ առաջ գրավ է դրել՝ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի մարդկանց կողմից իր դեմ կիրառված բռնությունից հետո:

«Բռնության գործադրմանը ականատես մարդիկ են եղել, բռնությունը գործադրվել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոնֆերենս դահլիճում, հետո ինձ հեռացրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի տարածքից: Բռնությունը գործադրել ա «Ֆլեշ» բազայի տնօրենը՝ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և հովանավորմամբ․․․ Եթե փակագծերը մի քիչ բացեմ, Բարսեղ Բեգլարյանը զենքով մարդիկ էր բերել վրես՝ հաստատ իմանալով, որ ես որևիցե առնչություն չունեմ յուրացումներին: Ուղղակի ստեղ խնդիր էն էր եղել, թե դու ղեկավար անձ ես եղել, դուք էդ գումարը պիտի փոխհատուցեք»,-պատմեց Մկրտումյանը:

Օրերս քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին՝ «բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 65-ամյա Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում։

Նախաքննական մարմնի հաղորդմամբ, Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից դեռ 2015-ին կատարվել էր խոշոր չափերի գույքի հափշտակություն։ Բեգլարյանները այդ հանցագործության մեջ մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին և պահանջել վերականգնել պատճառված գույքային վնասը»։

Ըստ քննչական կոմիտեի, Բարսեղ Բեգլարյանը Մկրտումյանից պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող իր բնակարանը կամ վճարել 20 հազար դոլար: Մկրտումյանը, Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականին գրավադրել է բանկում և մոտ 10 միլիոն դրամ փոխանցել է ընկերությանը։

«Ազատության» հետ զրույցում Մկրտումյանն ասաց, որ դեռ նախկին իշխանությունների ժամանակ էր դիմել իրավապահներին՝ խնդրելով օգնել մեկ սենյականոց բնակարանը հետ վերցնել բանկից։

Պնդեց, որ հենց Բարսեղ Բեգլարյանի մերձավորավորների կեղծիքի հետևանքով է բնակարանը գրավադրել է բանկում․ «Ստորագրել եմ բոլոր փաստաթղթերը կապված վարկավորման հետ, հետո ինձ ասել են՝ ցտեսություն: Ես, աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում, վարկ եմ վերցնում, որի համար չեմ ներկայացնում եկամուտ հաստատող փաստաթուղթ: Այսինքն ես եկամուտ հաստատող փաստաթուղթ չեմ ներկայացնում, որպեսզի ինձ բարձր տոկոսով վարկ տան: Էդ վարկը կատարյալ շինծու վարկ ա, դա ընդամենը ձևակերպված վարկ ա, բայց տրամադրված գումար չի: Մինչև առ այսօր ես վճարում եմ դրա համար տոկոսներ»:

Մկրտումյանի խոսքով՝ «Ֆլեշ Մոտորս»-ի երկու մենեջերներ յուրացումեր են կատարել ընկերությունից, երկուսից մեկն արդեն դատապարտվել է, մյուսի գործը դեռ դատարանում է։ Ասաց նաև, որ նրանք ընկերությունից հափշտակել են մոտ 120 միլիոն դրամ, բայց չեն կարողացել վերականգնել վնասը։

Մկրտումյանը փոխանցեց, որ հափշտակման գործով ինքը ևս հարցաքննվել է որպես վկա, բայց իրավապահները իր նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացրել հանցակազմի բացակայութան պատճառով։

Նկատենք, որ Բարսեղ Բեգլարյանը այս գործով կասկածյալ, ապա մեղադրյալ ճանաչվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ։ Քրեակական գործը, սակայն, հարուցվել էր դեռ Սերժ Սարգսյանի օրոք։

Մկրտումյանը համոզված է, որ Հանրապետականի իշխանության օրոք անհնար էր նման զարգացումների ականատես դառնալ, քրեական հետապնդման ենթարկել Սերժ Սարգսյանի մտերիմին։

Բարսեղ Բեգլարյանը «Կենտրոն» հեռուստընկերության եթերում օրերս հայտարարեց, որ երրորդ նախագահը իր որդիների կնքահայրն է:

Բեգլարյանն ավելի վաղ «Ազատության» հետ հեռախոսազրույցում շեշտել էր, որ իրեն անհիմն են մեղադրանք առաջադրել և խոստացել էր ավելի ուշ հանգամանալից պարզաբանել իր դիրքորոշումը։

Կենտրոնի «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում կրկին պնդել էր, թե մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ իր ընկերությունից յուրացումներ կատարած անձինք այժմ իր դեմ ցուցմունքներ են տալիս։

Բեգլարյանը նաև ասել էր, թե Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից էր տեղեկացել, որ Արման Մկրտումյանն իր դեմ բողոք է ներկայացրել իրավապահներին։

Անդրադառնալով Բեգլարյանի այս դիտարկմանը, Արման Մկրտումյանն ասաց․ «Իսկ Աղվան Հովսեփյանը տենց բոլորի՞ն ա զանգում ասում, որ Ձեր դեմ բողոք կա: Ոչ մեկին էլ չի ասում: Ուղղակի էս պարագայում Բարսեղ Բեգլարյանի բախտը չբերեց, և հիմա չկա Աղվան Հովսեփյան, չկա Սերժ Սարգսյան»:

Բեգլարյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ որեւէ ապացույց չկա, որ կվկայի Բեգլարյանի մեղավորության մասին․ «Ոչ մի բռնություն չի գործադրվել իր նկատմամբ, լրիվ հեքիաթներ ա: Հաշվի առնելով էսօրվա իրականությունը, որ մարդիկ լարված են օլիգարխների դեմ՝ մտածում են՝ մի բան անեմ, փորձեմ, կարող ա Բարսեղ Բեգլարյանը հասարակությունից վախենա ու իմ ուզած բանը տա ինձ․․․ Եթե իշխանափոխություն չլիներ, մեղադրանք չէր առաջադրվի նման անհիմն ենթադրությունների հիման վրա»:

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Ֆլեշ» ընկերության բազայի պետ Հրայր Հովսեփյանին, ում էլ Արման Մկրտումյանը մատնացույց է անում որպես իր վրա զենք պահած մարդու։

Այս խորագրի վերջին նյութերը