Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը

Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: Այս մասին փետրվարի 7-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին արձանագրվել է 1332 դեպք. 2016 թվականի՝ 1087 դեպք, նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերն ավելացել են շուրջ 245-ով։

2017 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 7 դեպք, 2017 թվականին՝ 6։ Դեպքերից 6-ը բացահայտված է, չբացահայտված երկուսը։ Սպանություններից մեկը կատարվել է 2017 թվականին ապրիլի 22-ին. անձն ապօրինաբար կյանքից զրկել է ռուս զինծառայողին: Մյուս քրեական գործը, որը հարուցվել է սպանության հատկանիշներով, Աղավնի Օհանյանի անհետ կորելու փաստի առթիվ է։

Հաղորդումը ստանալուն պես, օրենքով նախատեսված թույլատրելի ժամանակում նշված անձին չհայտնաբերելու պատճառաբանությամբ Շիրակի դատախազությունը ստիպված է եղել քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նշված անձը, և այդ քրեական գործով վարույթը կարճվել է։ Պարզվել է, որ այդ անձը Գյումրի քաղաքի բնակչուհի է, բացակայել է տանից, մի քանի օր գտնվել է Երևանում՝ իր ընկերուհիների տանը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և մարմնական վնասվածքներ առկա չեն եղել։ Սպանության երրորդ դեպքը իր իսկ տան մեջ՝ 24-ամյա Արթուր Աշոտի Հարությունյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունն է, այս դեպքը մինչև օրս չի բացահայտվել:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական մյուս գործը Ռոզա Ռզվաևի անհետ կորչելու դեպքի առթիվ է։ Դատախազի տեղեկացմամբ, տվյալ անձը մինչև օրս հայտնաբերված չէ, այս քրեական գործով վարույթը կասեցվել է։ Սպանության մյուս դեպքը Ստեփան Մարկոսյանին կյանքից ապօրինաբար զրկելու փաստով։ Կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, նա կալանքի տակ է։ Մոտ օրերս այս գործը ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատարան։

Քրեական մեկ գործ էլ, որ հարուցվել է դարձյալ սպանության հատկանիշներով, Գառնիկ Հարութի Եղոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստով է։ «Մենք հայտնաբերել ենք նշված անձի դիակը, որի մարմնի վրա առկա են վնասվածքներ։ Առերևույթ վնասվածքներ պարունակելու փաստի կապակցությամբ հարուցեցինք 104 հոդվածի հատկանիշներով քրեական գործ, որի շրջանակներում նշանակվեց դիակի դատաբժշկական փորձաքննություն և հիմնավոր ապացույցներ ձեռք բերվեցին, որ նշված անձի մահվան պատճառը եղել է հիվանդությունը, իսկ մնացած մարմնական վնասվածքները պատճառական կապի մեջ են գտնվել անձի մահվան հետ։ Քննությամբ նաև պարզվեց, որ տվյալ անձը մարմնական վնասվածքներ ստացել է վայր ընկնելու հետևանքով»,-տեղեկացրեց դատախազը։ 2017 թվականին Շիրակի մարզի տարածքում արձանագրվել են սպանության փորձի 4 դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ 2016 թվականին առողջությանը ծանր վնասվածք պատճառելու 25 դեպք է արձանագրվել, այս տարի՝ 9 դեպք, շուրջ 16 դեպքով նվազել է։ 2016 թվականին չբացահայտված դեպքերը եղել են 5-ը, 2017 թվականին՝ երկուսը։

Շիրակի մարզի դատախազությունում 2017 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է ընդհանուր 45 նյութ, որից 30-ով հարուցվել է քրեական գործ, դրանցից 12 քրեական գործ հարուցվել է դատախազների կողմից, մնացած քրեական գործերը հարուցվել են դատախազների ցուցումներով՝ նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող մարմինների կողմից, արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու միջնորդության դեպքեր։Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը՝ նախկին մարզպետի եւ աշխատակցի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու փաստի վերաբերյալ՝ քննչական եւ օպերատիվ հետախուզական արդյունքում, կարճվել է։

Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով հարուցել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով․ խոսքը խոշոր չափի կաշառք տալու եւ ստանալու դեպքերի մասին է։ Դատախազի խոսքով՝ այս գործով կա մեղադրյալ անձ, գտնվում է կալանքի տակ։

«Այս քրեական գործը մանրամասնությամբ ուսումնասիրվել է իմ կողմից եւ արդեն իսկ քննիչին ցուցում է տրվել որոշակի քննչական եւ դատավարական գործողություններ կատարելուց հետո գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը։

Դատարան ուղարկված քրեական գործերից են՝ վարկային կազմակերպություններից մեկի աշխատակիցների կողմից համապատասխան չարաշահումներ թույլ տալու, «Արփի լիճ ազգային» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահման, «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, Ախուրյանի «Զանգ» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից յուրացման եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու, «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից կատարած յուրացման վերաբերյալ դեպքերը։ Մի մասի վերաբերյալ կան արդեն մեղադրական դատավճիռներ, իսկ մյուս մասի դատաքննությունը շարունակվում է։2017 թվականին ավելացել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ «Ինձ ամենաշատը մտահոգում է բնակարանային գողությունները․ 2016 թվականին արձանագրվել է 51 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք։

20 դեպքի ավելացում ունենք, չբացահայտված դեպքերը՝ 2016 թվականին կազմել է 23-ը, այս տարի 36-ը։ Իմ կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ բնակավայրերում ոստիկանության աշխատակիցներին գիշերային շրջագայությունների երթուղիներ ավելացնելու ու հանցագործությունների նկատմամբ հակում ունեցող անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց հետ պարբերաբար բացատրական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։

Համապատասխան գրություններ-պահանջներ են ներկայացվել Գյումրու, Արթիկի ու Մարալիկի ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկելու, համայնքների տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերի տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, ինչը մի կողմից կնպաստի բնակարաններից գողությունների թվի նվազմանը, իսկ մյուս կողմից կապահովի համայնքի բնակիչների անվտանգությունը»,-նշեց Կարեն Գաբրիելյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am