Բաժիններ՝

Պահպանողական 100 խորհրդարանականներ ստիպելու են Մեյին հետաձգել Brexit-ը. The Daily Telegraph

Իշխող Պահպանողական կուսակցությունից 100 խորհրդարանականների ներառող խումբը նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ իրենք պատրաստվում են դեմ հանդես գալ նրա գլխավորած կառավարությանը եւ ստիպել նրան հետաձգելու Brexit-ը, եթե նա չկարողանա այնպիսի գործարքի հասնել Եվրամիության իշխանությունների հետ, որը կպաշտպանի բրիտանական խորհրդարանը: Այդ մասին երեկոյան հայտնել է The Daily Telegraph թերթը:

Համայնքների պալատի հիշյալ պատգամավորների հարյուրակը միավորվել է այսպես կոչված Brexit Delivery Group-ում (Brexit-ի իրականացման խումբ):

Այն միավորում է ԵՄ-ից երկրի դուրս գալու ինչպես գաղափարական կողմնակիցներին, այնպես էլ հակառակորդներին, որոնք, հայացքների բոլոր տարբերություններով հանդերձ, Բրյուսելի հետ չկարգավորված «ապահարզան» չեն ցանկանում: Խմբի ղեկավարներն են՝ պատգամավորներ Սայմոն Հարթը եւ Էնդրյու Փերսին: Նրանք արդեն նամակով գլխավոր կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Ջուլիան Սմիթին հայտնել են, որ թորիների եւ այդ կուսակցության կողմից կազմված կառավարության հեղինակությունը կախված է «գոյություն ունեցող ժամանակացույցի համաձայն կանոնակարգված Brexit իրանակացանելու» ընդունակությունից:

The Sun-ը փետրվարի 21-ին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց: Հակառակ դեպքում, ըստ թերթի տեղեկությունների, նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են «խռովությամբ» եւ հայտնել, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն հաջակցություն Brexit-ի ժամկետի հետաձգման հարցը խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնության: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոքը, բիզնեսի գործերի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը եւ Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը:

Փետրվարի 21-ին Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագետների, հայտնել է, որ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ քաղաքական հռչակագրի տեքստը, որը թույլ կտա Իռլանդիայի հետ Միացյալ Թագավորության սահմանի վիճելի հարցի լուծում գտնել, պաշտոնապես հավանության կարժանանա ԵՄ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 21-22-ին:

Գործակալության տեղեկությունների համաձայն, Եվրամիությունը մինչեւ փետրվարի 28-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կներկայացնի նոր փաստաթղթի ընդհանուր դրույթները, որն անվանում են «զուգահեռ հռչակագիր» կամ «մեկնաբանությունների գործիք» «բեքստոպի»՝ պաշտպանական մեխանիզմի վերաբերյալ, որը կոչված է թույլ չտալ սահմանի հայտնվելը Իռլանդիա կղզում: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը փետրվարի 20-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ նոր համատեղ քաղաքական հռչակագիրը մշակման գործընթացում է: Նա ընդգծել է, որ Brexit-ի մասին պայմանագիրը վերանայման ենթակա չէ, սակայն այն կարելի է մեկնաբանել կամ լրացնել այնպիսի ձեւակերպումներով, որոնք կարող են բավարարել Եվրամիությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս