ԱԳ նախարար. Հակամարտային իրավիճակները տարբեր են և յուրովի մոտեցում են պահանջում

ԱԳ նախարար. Հակամարտային իրավիճակները տարբեր են և յուրովի մոտեցում են պահանջում

PanARMENIAN.Net - Հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկության հետ: Այդ մասին Բրատիսլավայում ընթացող Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ:

Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրել է որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվել է, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է, հայտնում է ԱԳ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:

Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:

Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցել են Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---