«Արվեստ». Հայկական առաջին խաղ-գիրքը կօգնի բացահայտել հայ նկարիչների ստեղծագործությունները 11 նոյեմբերի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ հայ արվեստն ուսուցանող «Արվեստ» հայկական առաջին խաղ-գրքի շնորհանդեսը: Այն մատչելի և պատկերավոր կերպով երեխաների համար բացահայտում է 12 հայ մեծանուն նկարչի՝ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները: Խաղ-գրքի նպատակն է բարձրացնել հայ երեխաների հետաքրքրությունը հայկական արվեստի նկատմամբ, նպաստել նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը՝ վառ գույների, պատկերների և հետաքրքիր խաղի միջոցով:
Խաղային 5 տարբերակից և 94 քարտից բաղկացած խաղ-գրքում ամեն նկարչից երկուական նկար է տեղադրված՝ դրանց մասին հետաքրքիր տեղեկատվությամբ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խաղ-գրքի շնորհանդեսին իր ողջույնի խոսքում ասաց, որ նախարարությունը շատ ոգևորված է այս նախագծով: «Մշակույթի արժևորումը պետք է սկսվի հենց մանուկ հասակից:Սա առիթ կդառնա, որ մեր երեխաները համացանցային կերպարներից զատ, կարողանան հաղորդակցվել նաև իրական արվեստի և ազգային մշակույթի հետ», - ասաց Արմեն Ամիրյանը: Նա ընդգծեց նաև մանուկներին՝ արվեստի մյուս ուղղությունները նույնպես խաղային ձևաչափում մատուցելու կարևորությունը:
«Պարոն Ամիրյանն առաջինն էր, ում հայտնեցինք այս մտահղացման մասին: Նա միանգամից հավատաց նախագծին և ոգևորեց մեզ», - ասաց «Էյվա» արվեստների հիմնադրամի տնօրեն Լիա Մխիթարյանը։ Շնորհանդեսի ընթացքում երեխաները փորձարկեցին խաղերից մեկը մեծահասակների հետ։ «Արվեստաորս» խաղի նպատակն է սովորեցնել ուշադիր ուսումնասիրել նկարը, տեսնել անտեսանելին և մանրամասների միջոցով խորասուզվել նկարի բովանդակության մեջ։ Երեխաները նկարագրում էին ստեղծագործությունը, իսկ մեծահասակները՝ փորձում «որսալ» ճիշտ պատկերը։ «Արվեստի կրթությունը կարևոր է զարգացած և ստեղծագործ հասարակություն ձևավորելու համար։ Խաղ-գրքի նպատակներից մեկն է օգնել ճանաչելի դարձնել հայ արվեստագետներին, արվեստի հանդեպ սեր և հետաքրքրություն արթնացնել դեռ մանկուց», - ասաց հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Ստեփանյանը: «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությունների ղեկավար Գայանե Այվազյանի խոսքով՝ խաղը կարող է կիրառվել որպես օժանդակ կրթական նյութ նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում:
«Խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես մատչելի և հետաքրքիր կարող է լինել ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների, մեծահասակների համար», - նշեց Գայանե Այվազյանը: Խաղ-գրքի շնորհանդեսին ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարևորում է Հայաստանում նմանօրինակ նախագծերի միջոցով մարդկային կապիտալի զարգացմանը։ «Ուրախ ենք, որ մեր և Եվրոպական միության ներդրումն օգնեց իրականություն դարձնել գաղափարը։ Երիտասարդ սերնդի համար ստեղծված այս արտադրանքն ինտերակտիվ ուսուցման ինքնատիպ մոտեցում է, որը նոր գիտելիքներ կտա հայ արվեստի մասին», - նշեց Բուզետտոն: Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության արդյունքում, շնորհանդեսին հնչեցին Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի և Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտների կատարումները:
«Արվեստ» խաղ-գրքի առաջին 1000 օրինակով թողարկված տպաքանակն անվճար կբաժանվի խոցելի խմբերի երեխաներին, ինչպես նաև Երևանի և մարզերի արվեստի դպրոցներին: Նախաձեռնության հեղինակները նախատեսում են խաղ-գրքիհետագա շարքերի մեջ նաև այլ հայնկարիչների ընդգրկել: Նախագիծն իրականացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի դրամաշնորհային մրցույթի շրջանակում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ծրագրին աջակցել են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և «Կոլբա» նորարարական լաբորատորիան, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, Մ․ Սարյանի տուն թանգարանը, Ե․ Քոչարի տուն թանգարանը, Ս․ Փարաջանովի թանգարանը, Կալենց թանգարանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Ավետիսյան, Հակոբյան և Խանջյան ընտանիքները։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |