×


«Մինչ նկարահանումները չցանկացա տեսնել Հեղնարին». Երանոսի դերակատար

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1970 թվականին, Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի հիման վրա նկարահանվեց առաջին ազգային ֆիլմը՝ «Հեղնար աղբյուրը», որն, ի դեպ, իր համարձակ սյուժեի համար որոշ ժամանակ արգելված է եղել: Հակոբ Ազիզյանն այսօր 82 տարեկան է, 50 տարի առաջ նրան էր վստահվել մարմնավորել ֆիլմի գլխավոր կերպարներից Երանոսին։ BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հետ։

- Պարո՛ն Ազիզյան, ֆիլմի նկարահանումներից անցել է շուրջ կես դար, հիշո՞ւմ եք՝ ինչպես ընտրվեցիք այդ դերի համար։

- Իմ երկրորդ դերն էր ֆիլմում: Ճիշտն ասած՝ վախենում էի. գիտեի՝ ովքեր են փորձել իրենց այդ կերպարում, անգամ Թիֆլիսի հայկական թատրոնից էին եկել... Հիշում եմ՝ ինձ հրավիրեցին կինոստուդիա՝ փորձնական նկարահանման, սական ռեժիսորը՝ Արման Մանարյանն այնտեղ չէր, եւ ինձ ուղեկցեցին նրա բնակարան, որը գտնվում էր Կոմիտասի պողատայում։ Ծանոթացանք, զրուցեցինք, եւ Մանարյանն ասաց, որ փորձնական նկարահանում անհրաժեշտ չէ. պետք է իրականացնել միանգամից բուն նկարահանումները։ Այս ամենն ինձ էլ ավելի պարտավորեցրեց։ Ֆիլմը նկարահանվել է մեկ շնչով, եւ գոհ էին բոլորը՝ թե՛ ստեղծագործական անձնակազմը, թե՛ ռեժիսորը, եւ թե՛ իմ խաղընկերները։

- Կարծեմ ժամկետների հետ որոշակի դժվարություններ կային, ինչը բարդացնում էր դերասանների աշխատանքը:

- Իրականում ֆիլմի աշխատանքները սահմանվածից ուշ մեկնարկեցին եւ հանձնելուն շատ քիչ ժամանակ էր մնացել, ուստի ստիպված մեկ օրում չորս օրվա պլան էինք կատարում, որպեսզի հնարավոր լիներ ժամկետի մեջ տեղավորվել։

- Նման ծանրաբեռնվածությունը Ձեզ համար որքանո՞վ էր հաղթահարելի:

- Այստեղ երեւի ուժ տվողը դերն էր։ Երբ մի կերպար կպչում է իմ հոգուն եւ այն զգում եմ ամբողջովին, հոգնածությունը չի կարող խանգարել։ Երանոսի կերպարը կերտելն ինձ համար մեծ պատիվ էր եւ երջանկություն։ Ներքին վստահություն ունեի, որ նկարահանումների ընթացքում կկարողանամ արդարացնել ինձ։ Առաջին իսկ նկարահանումներին Մանարյանն ասաց, որ Երանոսի կերպարի շատ ճիշտ ընտրություն է արվել, եւ այդ կածիքներն ու սերը կերպարի հնադեպ երկրորդ պլան էին մղում հոգնածությունն ու լարվածությունը։

Կադրը՝ «Հեղնար աղբյուր» ֆիլմից


- Պարո՛ն Ազիզյան, այս ժամանակ գիտակցո՞ւմ էիք, թե ինչ մեծությունների հետ եք հնարավորոթյուն ունեցել խաղընկեր լինել։

- Երբ դեռ նոր էի ուսանող դարձել, արդեն գիտեի Սոս Սարգսյանի բոլոր դերերը, ուսումնասիրել էի նրա սլացիկ կերպարը գրեթե բոլոր ներկայացումներում։ Մինչ համատեղ նկարահանումը չէի կարող պատկերացնել, որ հանդես կգամ նման դերասանի հետ նույն ֆիլմում: Այնպես ստացվեց, որ կյանքում էլ մենք շատ մտերմացանք։ Երբ Վանաձորում բացեցի Թատերական ինստիտուտի մասնաճյուղ, ինքն էր ռեկտորը, ուստի հաճախ ենք մտերմիկ զրույցներ ունեցել, ինչի առթիվ  անչափ ուրախ եմ։

- Ճի՞շտ է, որ սցենարի կարեւոր հատվածը Ձեր խորհրդով փոխվել է։

- Այո, եւ շատ կարեւոր էր, որ Երանոսի կերպարը դարձավ ողբերգական. ոչ թե ինչպես վեպում գումար են տալիս, որ նրան սպանեն, վերացնեն, այլ ինքը, իմանալով, որ սիրահարվել է իր ամենամտերիմ ընկերոջ կնոջը, ինքնասպանություն է գործում: Գյումրեցու թասիբը, պատիվը նրան ստիպեցին այդպես վարվել. ոչ կարող էր առանց սիրո ապրել, ոչ էլ կարող էր այդպես շարունակել։ Սա շատ ողբերգական դարձրեց Երանոսի կերպարը, նոր մեկնաբանություն էր։ Ես կերպարն ամբողջովին իմն էի դարձրել: Ուրախ եմ, որ ստեղծագործական անձնակազմը չանտեսեց իմ խորհուրդը։ Կարծում եմ՝ թե՛ ֆիլմը, թե՛ կերպարը շահել են։

- Գիտեմ, որ նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքեր են եղել: Կհիշե՞ք ։

- Այդպիսի դրվագներն անասելի շատ են: Նկարահանման հրապարակը միշտ այնքա՜ն մարդաշատ էր լինում, որ օր չկար՝ ներկաներից մեկը հիշվող մի բան չասեր։

- Երբ արդեն ընտրել էին Հեղնարին՝ Յուլյա Ռուստամյանին, մինչ նկարահանումները պետք է հանդիպեիք, բայց չցանկացաք, ինչո՞ւ։

- Այո, ցանկանում էի Հեղնարի դերակատարին առաջին անգամ տեսնել կադրում, եւ այդպես էլ եղավ: Նկարահանող անձնակազմի համար որոշումս զարմանալի էր, բայց կարծում եմ՝ տեղին էր, ասեմ ավելին՝ այն ինձ շատ օգնեց։

- Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց հենց այն նույն տարածքում, որտեղ աղբյուրի տեսարաններն էին նկարահանվել, տեղի ունեցավ աղբյուրի բացման արարողությունը: Դուք ներկաների շարքում էիք, վստահ եմ՝ անչափ հուզված էիք:

- Հուզմունքս նկարագրել հնարավոր չէ... Եթե ֆիլմի նկարահանման ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա այն մանրակրկիտ վերականգնված խաչքար–աղբյուր է: Երկար տարիներ Փարիզում բնակվող Հեղնարի դերակատարը՝ Յուլիա Ռուստամյանը, նույնպես ներկա էր։ Մի լավ հիշել ենք նկարահանումները, մեր ապրումններն ու կերպարների հետ կաված հույզերը։

Հակոբ Ազիզյանը՝ Լիր արքայի կերպարում


- Դուք աշխատում եք Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում, որտեղ մշտապես մարմնավորում եք բարդ կերպարներ, դժվա՞ր չէ։

- Իհարկե, բարդ կերպարներ մարմնավորելը դժվար է նույնիսկ հանճարեղ արտիստների համար, եւ երկար խաղալուց հետ նոր սկսում ես ճանաչել ու ավելի ճիշտ ներկայացնել կերպարը։ Ես Լիր արքա եմ քաղացել շուրջ 15 տարի։ Հիշում եմ՝ Սոս Սարգսյանը նայել էր եւ շատ էր հավանել։ Մեկ անգամ ինձ ասաց, որ շատ Լիր արքաներ է տեսել, ինքն էլ խաղացել է, բայց իմ մեկնաբանությունը շատ է հավանել, եւ ամեն անգամ, երբ աշխատանքի բերումով հանդիպում էինք, հարցնում էր՝ արդյոք այն դեռ կա մեր խաղացանկում։ Անգամ երբ հյուրախաղերով եկել էին Վանաձոր, խումբը խաղացել էր ներկաացումը, վերադարձել Երեւան, իսկ վարպետը մնացել էր՝ ներկայացում դիտելու, այնուհետեւ ինձ հրավիրեց հյուրանոց, եւ մինչ ուշ գիշեր հետաքրքիր զրույց ունեցանք։

- Դուք հնարավորություն եք ունեցել մնալ Երեւանում, բայց վերադարձել եք Վանաձոր: Չե՞ք կարծում, որ մայրաքաղաքում Ձեզ ավելի մեծ հնարավորություններ կտրվեին:

- Այո, Աճեմյանը ցանկություն ուներ իր ուսանողներին պահել Սունդուկայանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, բայց այդ գործընթացը ձգձգվեց, հրավեր ստացա Վանաձորի թատրոնից եւ անմիջապես եկա, հետո կրկին եղան առաջարկներ Հրաչյա Ղափլանյանից, բայց չգնացի, այլ մնացի այստեղ, ծանրաբեռնվեցի աշխատանքով եւ դարձա այս քաղաքի համար սիրելի դերասան, չդավաճանեցի ինքնս ինձ։ Միգուցե սահմանափակվեցի, բայց մինչեւ օրս չեմ զղջում։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Ազիզյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին