HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյանը ներկայացրել է 2016-2017թթ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016-2017 թթ ընթացքում կատարված հիմնական աշխատանքների արդյունքները:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամամակ նախարարն անդրադարձել է տեղական ինքնակառավարման ոլորտի վարչատարածքային  բարեփոխումների, ՏԻՄ համակարգային կառուցվածքի փոփոխությունների, նախարության կողմից մշակված համայնքների կառավարման համար անհրաժեշտ ձեռնարկների,  համայնքներում իրականացվող և նախատեսվող  ներդրումային ծրագրերի, համայնքներում էլէկտրոնային կառավարման համակարգերի,  նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների և մի շարք այլ հարցերի: 

Նախարար Լոքյանի խոսքով, նախարարությունը մեկ տարվա ընթացքում իր գործունեության համար մի քանի ուղղություններ է հատկանշել, որոնցից  ամենաառաջնայինը համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի փոփոխությունների խնդիրը լուծելն էր: Ասուլիսում նախարարի նախաբան խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մենք ունեցանք տարածքային զարգացման ռազմավարություն, մարզային զարգացման ռազմավարություններ, ունենք գործառնական ծրագրերի ընդհանուր փաթեթ, որով պետք է սկսենք ծրագրերի իրականացումը մարզերում, համայնքներում: Դրանից հետո անմիջապես սկսեցինք համայնքային խնդիրների համակարգման ինստիտուցիոնալ մասը:

Մենք համայնքների համար պատրաստեցինք շուրջ 10 ձեռնարկ, որոնք տարբեր ուղղություններով հստակեցնում էին, թե ինչպես պետք է աշխատեն մեր համայնքները: Առաջինը` կոնցենսիոն պայմանագրերի համապատասխան ձև մենք փոխանցեցինք համայնքներին , արդյունքում ունենք բազմաթիվ պայմանագրեր հատկապես աղբահանության ոլորտում:

Երկրորդ. մենք ունեինք արդեն 18 խոշորացված համայնքներ, սակայն չունեինք համապատասխան փաստաթուղթ, թե ինչպես կառավարել խոշորացված համայնքը, թե ինչպես պետք է աշխատի համայնքապետը, աշխատակազմը, ինչ պարբերականությամբ նրանք պետք է լինեն բնակավայրերում, ինչպես պետք է ժողովրդի խնդիրներին հաղորդակից լինեն և այլն:

Հաջորդ կարևոր խնդիրը, որ համարում ենք,  ընթացքի մեջ է և լուծված է, դա համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի  ձեռնարկն է: Երբ փորձեցինք անցած տարի համայնքներից ստանալ տնտեսական ծրագրեր, հասկացանք, որ չունենք մարդկային կապիտալը, որը կարող է մեզ տրամադրել նորմալ տնտեսական ծրագրեր , որոնք պետք է ապահովեն համայնքների տնտեսական զարգացում: Մենք պատրաստեցինք ձեռնարկը օրինակներով, ընթացակարգերով և փոխանցեցինք համայնքերին: Յուրաքանչուր համայնքում պետք է ունենաք տնտեսական պատասխանատու աշխատակից, որը կարող է լինել համայնքային ծառայող կամ այդ պարտականությունը իր վրա կրող որևէ անձ, ում համար ֆիքսել ենք, թե  ինչ պետք է անի նա համայնքում, ինչպիսի ծրագրեր պիտի ներկայացնի մարզպետարան և այդ ծրագրերը մարզպետարանով ինչպես պիտի հասնեն կառավարություն:

Կարևոր խնդիր էր, վերջերս ավարտեցինք, խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորմանն անցնելու գործընթացի ձեռնարկը: 2018 թվականին մեր 18 խոշորացված համայնքները պետք է իրենց բյուջեները կազմեն ծրագրային մեխանիզմով: Այն է` պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, համապատասխան ծրագրում պետք է ֆիքսեն այն չափելի ցուցանիշները, որոնցով տարվա վերջում իրենց գործունեությունը պիտի ֆիքսեն և նոր համապատասխան ֆինանսական պահանջարկ անեն:

Մենք պատրաստել ենք մեկ կարգ, դա համայնքերի սուբվենցիաների տրամադրման կարգն է: 2018 թվականին մենք համայնքերին առաջարկում ենք  աշխատել հետևյալ տարբերակով. առաջարկում ենք  համայնքին իր ֆոնդային բյուջե դնել որոշակի գումար և պետության կողմից ստանալ կրկնապատիկը: Համայնքը մարզպետարանի միջոցով պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ ՏԿԶ նախարարությունն էլ այն կներկայացնի կառավարություն. արդյունքում կստացվի համապատասխան բյուջետավորում և համայնքը կիրականացնի տվյալ ծրագիրը:  Սա լուրջ տնտեսական, մոտիվացնող գաղափարախոսություն է, որը մենք դնում ենք 2018 թվականի մեր աշխատանքի հիմքում: Խնդիրը քննարկվել է ՀՀ Նախագահի մոտ, վարչապետի հետ բազմիցս  և ընդհանուր համաձայնության դաշտում մենք պատրաստվում ենք մինչև 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայքներին,  եթե համայնքը նույն չափով մասնակից լինի ծրագրին:

Ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նկատմամբ միայն հողի հարկի մասով 210 մլն դրամի չափով ավելի գումար են հավաքագրել մեր համայնքերը: Գույքահարկի մասով 500 մլն դրամ են հավաքագրել, շենք-շինությունների մասով 200 մլն-ից ավելի վարձակալության գումար: Ընդհանուր առմամբ, մեր համայնքները հավաքել են 212 մլն դրամ ավելի գումար: Սա այն գումարի մի մասն է, որ կարող է գնալ ֆոնդային բյուջե և կրկնապատկվել: Մենք ենթադրում ենք որ համայնքերը  մարզպետարանների ուղղակի  աջակցությամբ մինչև տարեվերջ 3.5 մլրդ դրամ ավել  հավաքագրում կունենան: Սա մեծ ցուցանիշ է՝ մոտ 10 տոկոսից ավելի  է նախորդ տարվա համեմատությամբ  և ապագայում շարունակելու ենք նույն տեմպերով: Համայնքը պետք է մոտիցվացված լինի հավաքագրել սեփական եկամուտներ և ծրագիր ներկայացնելով` պետությունից ստանա համապատասխան սուբվենցիա:

Ծրագրային 2-րդ կարևոր բաժինը հիմնականում ներդրումային ծրագրերն են: Հայաստանում սկսված է շուրջ 10 մլն եվրոյի ծրագրեր: Սրանք ԵՄ ծրագրեր են , որ հիմնականում միտված են տնտեսական աճ ապահովելու: Բացի սա ունենք  ևս 4 ծրագրեր ուղղված խոշորացված համայնքերին:

Ւնստիտուցիոնալ բարեփոխումները և պետության արտաքին քաղաքականության վեկտորը մեզ համար ապահովելու է առաջիկայում լուրջ ֆինանսական հոսքեր նաև Եվրամիությունից շուրջ 26 մլն դոլարի չափով համայնքներում տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու համար և 54 մլն դոլարի չափով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար: Սա մենք սպասում ենք նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք փաստաթղթի արդյունքում:

Մենք խնդիրներ ունենք այս գումարները ստանալու և ուղղելու մեր համայնքներ, դրանք պայմաններ են, որ մենք պետք է կատարենք: Առաջին պայմանը համայնքների  ֆինանսական ծախսերի և մուտքերի կանոնակարգումն է, այս չափորոշիչ է, որ  Եվրամիությունը ֆիքսել է: 2018թվականի հունվարի 1-ից մենք այս խնդիրներով զբաղվելու ենք, որպեսզի համայնքն ունենա օպտիմալ ծախս իր գործառույթներն ապահովելու համար և ֆինանսական մուտքեր՝ իր ֆինանսական անկախությունն ապահովելու համար: Մենք ունենք շատ աննորմալ երևույթ.պետությունը հարկատուներից հավաքում է շուրջ 54 մլրդ դրամի չափով գումար և այն ուղղում է համայնքներին՝ որպես դոտացիա ֆինանսական համահարթեցման համար:

Համայնքներ ունենք, որ այդ տրված գումարը հանգիստ ծախսում են այն գործառույթների վրա, որի դիմաց իրենք պետք է վճար գանձեն և բյուջետային մուտքեր ունենան: Այսուհետ մենք աշխատելու ենք համայնքների հետ «ավելին՝ ավելիի դեպքում» սկզբունքով: Բյուջետային կարգապահությունը 2018 թվականի թիվ մեկ խնդիրն է դառնալու մեր ոլորտի համար, դրա համար մշակվել են ռազմավարություններ, գործառնական ծրագրեր, կարգեր:

Մեկ ամիս է, որ սկսել ենք մի կարևոր ծրագիր ևս. Դա համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերն են: Համաշխարհային  Բանկի համապատասխան միջոցներով՝ շուրջ 15 մլն դոլարի ծրագիր ենք սկսել, որի առաջին կանգառը Շիրակի մարզն է: Շիրակի մարզից 32 ծրագրեր արդեն ներկայացված են Տարածքային զարգացման հիմնադրամ: Ծրագրերը պատրաստվել են մեր նախարարության համապատասխան մասնագետների կողմից, մարզպետարանի աշխատակիցների մասնկացությամբ, փոքր ու միջին ձեռնարկությունների օգնությամբ: 32 ծրագրերի առաջին 4  ծրագրերը ընդունվել են և ֆինանսավորվում են: Դրանք հիմնականում Ամասիայում, Արփիում, Ղուկասյանում և Սարապատ խոշորացված համայնքերում իրականացվելիք ծրագրերն են:

Այս ծրագրերը դասակարգում ունեն. 15 մլն դոլարի 30 տոկոսը մեր պահանջով և ՀԲ-ի համաձայնությամբ`  ուղղվելու է սոցիալական ծրագրերի իրականացմանը` մանկապարտեզ, առողջապահական կենտրոն , համայնքային կենտրոն և այլն, իսկ  70 տոկոսը՝ տնտեսական ծրագրերին: Ժամանակն է ունենալ ուժեղ տնտեսություն համայնքերում:

Խոշորացված համայնքներում  մեր և միջազգային կազմակերպությունների օգնությամբ  ձևավորվել են ՔՍԳ-ներ՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, որպեսզի խոշորացված համայնքի մի որևէ բնակավայրից գյուղացին չգնա կենտրոն  տեղեկանքի համար: Նաը դա ստանում է իր համայնքում՝ այս  գրասենյակներից, որը միացած է համայնքային  կենտրոնի հետ: Վերջերս մենք ամենահեռավոր տարածաշրջաններում ՔՍԳ-ներ բացեցինք՝ Ամասիայում, Արփիում: Խոշորացված 18 համայնքից մոտ 15-ում արդեն ունենք այդ գրասենյակները և խոշորացված համայնքներում տեղափոխության խնդրները այս գրասենյակների միջոցով լուծվում է:

Նոյեմբերի 5-ին ևս 34 նման խոշորացված համայնքներ են ձևավորվելու: Ընտրությունների ավարտից հետո նույն աշխատանքները կիրականացվեն նաև այստեղ՝ գրասենյակների հիմնում, տեխնիկայով, ծրագրերով  ապահովում,սուբվենցիաների տրամադրում: Ասուլիսում նախարարը պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին:

2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը հետևյալ հղմամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter