Գործազուրկ ծնողները բողոքում են, որ պարտեզները փակվում են նորոգման համար, քաղաքապետարանից հակադարձում են` վտանգավոր էին

Երեւանի մանկապարտեզներն այսօր աշխատում են շուրջ երեք անգամ ավելի փոքր խմբերով, նախակրթություն ստանալու հնարավորությունից զրկվել են չաշխատող ծնողների երեխաները: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը առավել կրճատվել է մի քանի նախակրթարանի՝ նորոգման նպատակով փակելու պատճառով: Որոշ դեպքերում դա ծնողների համար ստեղծել է փակուղային վիճակ, քանի որ աշխատանքը կորցրած ծնողները չեն կարողանում երեխայի խնամքի հետ մեկտեղ նոր աշխատատեղ գտնել, փորձաշրջան անցնել, իսկ նորածնի խնամքի արձակուրդում գտնվող ծնողները չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, քանի որ մանկապարտեզներն ընդունելություն չունեն:

Այս խնդիրների մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել են Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու ավագանու անդամ, «Մանկապարտեզը եւ երեխաները» ֆեյսբուքյան հարթակի համակարգող Աննա Ջավախյանը։

Հակոբ Կարապետյանը հաղորդեց, որ Երեւան քաղաքում այս պահին 11 մանկապարտեզ հիմնանորոգվում է համայնքի միջոցներով, եւս 12-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: 2019-2020 թվականի ընթացքում մանկապարտեզներին են վերադարձվել իրենց այն տարածքները, որոնք վարձակալության էին տրվել տարբեր կազմակերպությունների, ընդհանուր առմամբ՝ շուրջ 6 հազար ք/մ տարածք, ինչի շնորհիվ ավելի քան 1000 երեխայի եւս հնարավորություն է տրվել հաճախել մանկապարտեզ: Եվս երկու-երեք մանկապարտեզ տարբեր համայնքներում ամբողջությամբ են վերադարձվել:

«Այս պահին գործող մանկապարտեզները նորոգելու-հիմնանորոգելու խնդիր կա, պետք է դրանք բերվեն այն վիճակին, որ եւ՛ անվտանգ, եւ՛ հարմարավետ նախակրթություն կարողանան ապահովել։ Զուգահեռ նաեւ նոր մանկապարտեզների կառուցման կամ ժամանակին մանկապարտեզ եղած տարածքները իրենց նախնական նշանակությամբ օգտագործելու խնդիրներն են դիտարկվում։ Բայց կան շատ մանկապարտեզներ էլ, որ ժամանակին օտարվել են այս կամ այն կերպ, որոշները մենք չենք էլ իմանա՝ ինչ կերպ, որոշները՝ գիտենք արդեն ինչ կերպ․․․ եւ դրանք արդեն անդառնալիորեն կորած են՝ որպես մանկապարտեզներ: Օրինակ՝ «Ժամացույցի» գործարանի սեփականությունը եղած մանկապարտեզը, որ տարիներ առաջ դադարել է մանկապարտեզ լինել, իսկ վերջերս էլ նոր սեփականատերը այդ տարածքում բնակելի շենք է կառուցում: Կան նաեւ այդպիսի դեպքեր, եւ դրանք քիչ չեն»,- ասաց Կարապետյանը:

Երբ նշում եք՝ «անդառնալիորեն», նշանակում է՝ քաղաքապետարանի իրավաբաննե՞րն են ասել, որ այդ տարածքները վերադարձնել հնարավոր չէ. հարցին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Չէ, կոնկրետ այս դեպքում անդառնալի է, քանի որ նախկին մանկապարտեզի շենքը քանդված է, եւ տեղում նոր շենքի հիմք է փորվում: Եվ տարածքի հետ կապված  ամրագրված է սեփականության իրավունք»։

Մինչ մանկապարտեզների նորոգումն ավարտվի, շատ երեխաներ արդեն դպրոց կգնան, պարոն Կարապետյան, չե՞ք կարծում, որ նորոգումն այսպես կազմակերպելու արդյունքում երեխաները կորցնում են նախակրթարան հաճախելու իրավունքը։ «Նախակրթարան գնալու իրավունքը գոյության իրավունք ունի, բայց Հայաստանի Հանրապետությունում նախակրթությունը պարտադիր չէ այնպես, ինչպես հանրակրթությունը: Եվ այստեղ պետք չէ մոռանալ, որ Երեւան համայնքը Հայաստանի քիչ համայնքներից մեկն է, եթե ոչ՝ միակը, որ անվճար նախակրթություն է ապահովում բնակիչների համար: Այլ հարց է, թե ժամանակին այս կայացված որոշումը որքանով էր լավ հաշվարկված հենց նույն նախակրթության որակի եւ երեխաների լավագույն շահի տեսանկյունից, համենայն դեպս, փաստն այն է, որ Երեւան համայնքը անվճար նախակրթություն է ապահովում: Դրանից բացի, Երեւան համայնքն այն քիչ համայնքներից մեկն է, որ կարողանում է պարբերաբար իր սեփական միջոցներով վերանորոգել մանկապարտեզները… Եթե այսօր հնչում են քննադատություններ, ինչպես Դուք եք ձեւակերպում, ես կասեի՝ դժգոհություններ, որ մանկապարտեզները վերանորոգման պատճառով փակվում են, եւ երեխաները զրկվում են նախակրթարան հաճախելու իրավունքից, երկու-երեք տարի հետո էլ դժգհություն կլիներ, որ երեխաները հաճախում են հին սանհանգույցներով կամ հին վերանորոգմամբ մանկապարտեզներ՝ անհարմար եւ ոչ անվտանգ պայմաններում: Այնպես որ, ես կարող եմ հայցել համայնքի ծնողների ներողամտությունը, բայց պետք է նաեւ հասկանալ, թե հանուն ինչի է դա արվում»։

-Տիկին Ջավախյան, որպես «Մանկապարտեզը եւ երեխաները» հարթակի համակարգող՝ Դուք էլ տեսնում եք որքան բողոքներ կան առ այն, որ նորոգման պատճառով առավել կրճատվել են մանկապարտեզներում տեղերը եւ ծնողները կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ․ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր պետք հենց հիմա կազմակերպել այդ նորոգումները։ «Այն մանկապարտեզները, որոնց վերանորոգումն սկսվել է այս տարի, պիտի վերանորոգվեին անցյալ տարի, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ եղան, ու այդ մանկապարտեզների նորոգումը հետաձգվեց-մնաց այս տարվան: Դրանք այն մանկապարտեզներն են, որ պիտի նորոգված-պատրաստ լինեին: Հիմա, երբ ողջ փաստաթղթերի հետ կապված խնդիրները հարթվել էին, տենդերները դրվել էին, նախահաշվարկները կատարվել էին, շահող կազմակերպությունները կային, մենք ուղղակի իրավունք չունեինք ոչինչ չանել։ Պայմանագրերում նշվում են որոշակի ժամկետներ․ ընկերություններն այդ աշխատանքները պիտի կատարեն-ավարտեն այդ ժամկետներում, մենք իրավունք չունեինք իրենց թույլ չտալ, որ սկսեն վերանորոգումը»,- ասաց Ջավախյանը;

Ծնողները նշում էին, որ 20 ամիսը նորոգման աշխատանքների համար բավական մեծ ժամկետ է: «Բոլոր շենքերի նորոգումը չէ, որ 20 ամիս է տեւելու, նման ժամկետ կարող է միայն հիմնանորոգվող շենքերին վերաբերել: Շենքեր կային, որ խմբասենյակներում առաստաղից քարեր էին թափվում: Նման պայմաններում առհասարակ չէր կարելի շահագործել այդ շենքերը: Դրանք ամբողջությամբ պիտի քանդվեին, նորից շարվեին: Կարելի է ասել՝ նոր շենքեր են կառուցվելու: Այն մանկապարտեզները, որտեղ այդ բոլոր աշխատանքները պիտի տարվեն, ցավոք, դրանց նորոգումը երկար է տեւելու: Մանկապարտեզ կա կենտրոնում, որ մինչեւ հոկտեմբեր աշխատանքը վերջացնելու են, եւ որ պահին պատրաստ եղավ, միանգամից, ըստ մանկապարտեզի օն-լայն հերթագրման ցուցակի, կհամալրի իր բոլոր խմբերը»,- ասաց Ջավախյանը՝ հավելելով, որ մանկապարտեզները նորոգվում են իրենց վերադարձված տարածքների հետ միասին եւ վերաբացվելուց հետո կարողանալու են ընդունել ավելի մեծ թվով խմբեր:

«Հայկական ժամանակ»-ին դիմած ծնողներից ոմանք նշել են, որ համավարակի ամիսներին փակվել են իրենց աշխատատեղերը, իրենք դարձել են գործազուրկ, եւ երեխան այդ հիմքով զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: «Նախ նշենք, որ մանկապարտեզից ոչ մի երեխա չի հեռացվել, բոլոր երեխաներն իրենց տեղը մանկապարտեզում պահպանում են. եւ հենց որ առողջապահության նախարարը թույլ տա, որ խմբերի խտությունը մի քիչ մեծանա, այդ երեխաները նորից հաճախելու են մանկապարտեզ: «Առավելագույնը 12 երեխա մի խմբում» նորմը իրականում քաղաքապետարանի ներմուծած նորմը չէ, այլ առողջապահության նախարարության պարտադրանքն է: Մենք իրավունք չունենք դա խախտելու»,- նշեց Ջավախյանը։

Դիտարկմանը, որ փաստացի, երեխաները չունեն մանկապարտեզ հաճախելու հնարավորություն, իսկ ծնողները չունեն աշխատանք փնտրելու, հարցազրույցների գնալու, այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատելու հնարավորություն, նրանք կորցրել են եկամտի աղբյուրը, չեն կարող երեխային տանել մասնավոր-վճարովի մանկապարտեզ եւ չեն կարողանում նոր աշխատատեղ գտնել, նա համաձայնեց. «Իհարկե, դա լուրջ խնդիր է, ուղղակի նման խնդիրներ լուծելու ոչ ռեսուրսը, ոչ իրավասությունը համայնքը չի կարող ունենալ: Իրականում, համայնքը անվճար մանկապարտեզ հատկացնելու պարտավորություն էլ չունի, բայց որոշակի չափով կարողանում ենք դա անել, եւ որքանով կարողանում ենք, անում ենք: Իսկ այդ մարդկանց աջակցություն ցույց տալ, որ նրանք կարողանան իրենց նմանատիպ խնդիրները լուծել, համայնքի մակարդակով չի կարող արվել: Միգուցե դա հնարավոր լինի անել համայնք-սոցապ նախարարություն համագործակցությամբ, գուցե պետական աջակցության ծրագիր գործարկվի նման ծնողների համար: Ինքս չգիտեմ՝ ինչ ասել նման վիճակում հայտնված մարդկանց: Ինձ էլ ամեն օր դիմում են ծնողներ: Ես պատկերացնում եմ այն դժվարին կացությունը, որում իրենք հայտնվել են, բայց սա մի իրավիճակ է, որին պատրաստ չէր ամբողջ աշխարհը: Հույսն այն է, որ պահելով հակահամաճարակային կանոնները, կարողանանք շուտ դուրս գալ այս վիճակից, եւ մեր մանկապարտեզներն էլ նորից կարողանան 33 հոգանոց խմբերով աշխատել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կա՞ նման համագործակցության պայմանավորություն. հարցին ի պատասխան՝ Աննա Ջավախյանը նշեց, որ ինքը՝ որպես ավագանու անդամ նախատեսում է դիմել, որ հարցը դրվի քննարկման եւ փորձեն միասին լուծումներ գտնել մանկահասակ երեխաներ ունեցող գործազուրկ ծնողներին օժանդակելու համար:

Տպել
2712 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել