13:11:55 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավարտական փուլին են մոտենում Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

    12:07 5 Մայիս 2018

    Երևանի շրջանցիկ ճանապարհի մի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությունը թևակոխում է ավարտական փուլ: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:

    Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով:

    Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում ընթացքի մեջ է նաև շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ՝ Չաուշ - Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

    Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո կունենանք  Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս