Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնություններ լրագրողների նկատմամբ. հայտարարություն

Հասարակություն
akcia-22-7

Հայտարարություն   Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19֊ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20֊ին ու 21֊ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:   Ապրիլի 21֊ի առավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։   Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք, պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:   Նույն օրը Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, ինչով է պայմանավորված բողոքի ցուjցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում: Ընդհանրապես պետք է արձանագրել, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավականին տարածված երեւույթ են դառնում: Եւ ամենայն հավանականությամբ քաղաքապետի առանձատան մոտ հավաքվածները հենց այդպիսի խմբերից մենն էին: Ապրիլի 21-ին Սիվիլնեթի եւս երկու լրագրողներ ընթարումներ ունեցան ոստիկանների հետ: Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու “Քայլ արա, մերժիր Սերժին” շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին”: Իսկ Ալինա Նիկողոսյանին “կարմիր բերետավորներից” մեկը ուժեղ հարվածել է միջքին, երբ լրագրողը նկարահանում էր Մաշտոցի պողոտաի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելը:   Նախորդ օրը Երևան-Աբովյան մայրուղու վրայից բերման ենթարկվեց Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը: Թեեւ նա կրում էր բեյջ եւ ներկայանում որպես լրագրող, նրան բռնի ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրեցին նույն վայր, որտեղից տարել էին ։  Նոր Նորքի խաչմերուկում ցուցարաների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ lragur.am֊ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները հարվածեց նրա գլխին: իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշեց մազերից, իսկ մյուսը` պոկեց պայուսակիս քուղը: Էստ, Թեհմինե Ենոքյանի, ականատես քաղաքացիներն ասացին, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք սերտ շփվում են ավելի ուշ ժամանաց ոստիկանների հետ:   Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցարաների դեմ իրենց գործողությունները լուսաբանող News.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, և այս, եւ նախորդ նկարագրված դեպքերում, ըստ լրագրողների, նրանց շփոթել էին ցուցարարների հետ:   Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվել են նաև ապրիլի 22-ին։ Գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։   «Ազատության» փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։    «Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ Armradio.am կայքի տեղեկության, նա կարողացել է հասնել հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։   Այդ նույն խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների օգտագործման արդյունքում վնասվածքներ ստացան “ԳԱԼԱ” հեռուստաընկերության օպերատորներ Համբարծում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինի նկատմամբ ոստիկանները նաեւ բռնություններ են կիրառել: Դեպքի վայրից նրան ուշաթապ վիճակում քաղաքացիները նրան առաջին օգնությունն են ցույց տվել եւ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:   Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:   Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին այն կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում և այդ ընթացքում լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։ Լրգրողի հարցերի ի պատասխան Օսիպյանը ասել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։   Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող  Գայանե Ասրյանի աշխատանքը։  Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։ Նա ականատես է եղել նրան, որ ցուցարարների վրա ոստիկանները լուսային նռնակներ էին շպրտում, ծեծում ու հրում նրանց։   Մենք շարունակում ենք հետևոլ իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր վոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը դադարեցնել  բռնությոնները և պատժել մեղավորներին։  ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ  «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ   Ապրիլի 19-ի հայտարարությունը   Շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։ Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։ Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։ Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտա – Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկել նրանց: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով վնասվածքներ են ստացել «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը և «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվել է նաև վերջինիս գործընկեր Վրեժ Մարգարյանի տեսախցիկը և ուղիղ հեռարձակման սարքը։ Ապրիլի 14-ին ցուցարարների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  ներխուժել է Հանրային ռադիոյի շենք, կոտրել եթերային ստուդիայի դուռը և պահանջել անհապաղ ուղիղ եթեր տրամադրել։ Եթե Հանրային ռադիոյում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված  քրեական գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված, ապա որոշ այլ դեպքերում իրավապահները հապաղում են՝ նույնիսկ երբ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով բավական հեշտ է պարզել հարձակվողների ինքնությունը։ Սա հիմքեր է ստեղծում իրավապահների գործողությունները խտրական որակելու համար։ Հաշվի առնելով լարված հասարակական-քաղաքական իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք. -իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց, -ՀՀ ոստիկանությունից և նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների և օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաև ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը։ -ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ կերպով վերահսկել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունները։ Լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաև «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին և  համակիրներին։