Մատչելիության հղումներ

Հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ սակագնի մասին հնգամյա համաձայնագիր կնքել


Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը, ով առաջարկը ներկայացնողներից մեկն է եղել, «Ազատությանը» հայտնեց, որ սակագնի երկարամյա պայմանագիրը կնպաստի տնտեսություն կայունությանը:

«Որպեսզի Հայաստանում ձևավորվող սակագների հետ կապված տարվող քաղաքականությունը լինի ավելի որոշակի, ավելի կանխատեսելի, ցանկանում ենք, որպեսզի ռուսական կողմի մեր գործընկերների հետ առնվազն հինգ տարվա կտրվածքով ունենալ նմանատիպ համաձայնագիր», - նշեց Մելքոնյանը։

Կողմերի միջև այսպիսի համաձայնագիր կնքվել էր 2013 թվականին, որն իր ուժը կորցրեց այս տարվա սկզբին․ այդ հինգ տարիների ընթացքում հայկական կողմը սահմանին 1000 խորանարդ մետր գազը գնում էր 150 դոլարով: Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունների լրացուցիչ մեկ տարվա ժամկետով համաձայնագիրը, 1000 խորանարդ մետր գազը 15 դոլարով թանկացավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ թանկացումը բնակչությունը չի զգա, պետությունը կսուբսիդավորի այն։

Տիգրան Մելքոնյանի խոսքով՝ այնպիսի առաջարկ են ներկայացնելու, որ հնարավոր լինի խուսափել գազի սակագնի այսպիսի տատանումներից:

«Բնականաբար, պիտի աշխատենք, որ նվազեցնենք բոլոր ռիսկերը, և մեր աշխատանքներն ուղղված լինեն Հայաստան մատակարարվող գազի գնի նվազմանը, ոչ թե թանկացմանը», - ընդգծեց Մելքոնյանը։

«Ազատության» հարցին, թե հնարավոր է, որ համաձայնագրում կետ լինի, ըստ որի, «Գազպրոմի» տրամադրած գազի ինքնարժեքի նվազման դեպքում իջեցվի նաև սակագինը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետը պատասխանեց. - «Մենք պիտի աշխատենք, որպեսզի պայմանագիրը կնքենք մեզ ձեռնտու պայմաններով»։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը չի բացառում այդպիսի համաձայնագրի կնքման դեպքում ռիսկերի առկայությունը, սակայն շեշտում է՝ կանխատեսելիությունն ավելի կարևոր է․ - «Ըստ էության, ներդրումների տեսանկյունից էլ շատ ավելի կանխատեսելի միջավայր ենք կարողանալու ապահովել, քանի որ նույն ներդրողը ցանկացած ոլորտում, ենթադրենք ջերմոցային տնտեսության ոլորտում ինքը գիտի, որ այդ առումով ֆիքսված է հնգամյա տարբերակով կամ հստակ ժամկետով որոշակի գին, ինքը իր գործունեությունն ըստ դրա է կազմում»:

Պատգամավորն ասում է, թե համաձայանգրի կնքումից հետո ռուսական գազը կարող է ինչպես էժանանալ, այնպես էլ թանկանալ, սակայն այս ռիսկը մտահոգության առիթ չպետք է դառնա․ - «Տեսեք, մենք անընդհատ ինչ-որ բանակցությունների, նաև դրանով տնտեսության մեջ որոշակի ռիսկեր, ցնցումներ են լինում, նախկինում պարբերաբար այդ խոսակցությունները եղել են։ Ըստ էության, ես էս համատեքստում մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում ընդգծել՝ սա Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության մեջ ձևավորվող հարց չէ»։

Տիգրան Մելքոնյանը վստաեցրեց, որ անելու են հնարավորը, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնի արդեն այս տարվա ընթացքում՝ շեշտելով, որ ռուսական կողմը իր համաձայնությունն արդեն տվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG