News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Նոր Նորքի 4-րդ զանգվածում արձանագրված ծառահատման հարցով նամակով դիմել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Հուլիսի 26-ին ահազանգով եղել եմ Գայի պողոտայի, Բաղյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկի (4-րդ մասիվի խաչմերուկ) հարակից տարածքում գտնվող կանաչապատ տարածքում: Ըստ ահազանգի՝ խաչմերուկի վրա գտնվող բենզալցակայանի հետնամասում տեղի է ունեցել ծառահատում, որն այցելության արդյունքում հաստատվեց:

Այն, որ ծառահատումն ապօրինի է, համոզվեցի Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմում, ուր Կոմունալ բաժնի պետ Իվանյանը եւ Քաղաքաշինության բաժնի 4-րդ մասիվի համար պատասխանատու տեսուչը տեղեկացրին, որ այդ տարածքում իրենք ծառահատում չեն իրականացրել եւ թույլտվություն նույնպես չեն տրամադրել:

Նրանց հետ միասին մեկնեցինք ահազանգի վայր ու արձանագրեցինք, որ ծառերի հատումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում, որովհետեւ կոճղերի կողքին թեփը դեռ թարմ էր (կարող եմ տրամադրել գունավոր լուսանկարների նիշքերը):

Ծառերի հատման վայր եկավ նաեւ բենզալցակայանի սեփականատեր ներկայացած Գագո անունով մի տղամարդ, ով սկզբում հաստատեց, որ իրենք են ծառերը հատել առանց թաղապետարանին դիմելու, որովհետեւ, իբր, ծառերը չորացած են եղել, հետո ծառերի հատման՝ մի քանի ամսվա տարբերությամբ ժամկետներ նշեց, իսկ վերջում շրջվելով վարչական շրջանի պաշտոնյաների կողմ՝ ասաց, որ ծառերը հատել են թաղապետարանի աշխատակիցները:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 66-րդ եւ 157-րդ հոդվածներով,  «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, 65-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, անհրաժեշտ է Ձեր կոշտ միջամտությունը՝

1.      Ծառերն առանց վարչական շրջանի պաշտոնյաների թույլտվության հատող սեփականատիրոջը օրենքի համաձայն վարչական տույժի ենթարկելու համար:

2.      Հայտարարելու նկատողություն Վարչական շրջանի՝ ծառահատումների դեմ պայքարի համար պատասխանատու պաշտոնյաներին, որոնք չեն արձանագրել տվյալ ծառահատումը վարչական շրջանի աշխատակազմի շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա (Նոր Նորքի վարչական շրջանը հսկայական տարածք է, եւ եթե տվյալ ոլորտի պաշտոնյանները չեն կարողացել կանխել իրենց անմիջական հարեւանությամբ իրականացված ապօրինի ծառահատումը, նրանք ի վիճակի չեն լինի Նոր Նորքի հեռավոր հատվածներում իրականացվող ծառահատումները):

3.      Դիմելու ոստիկանություն՝ պարզելու սեփականատիրոջ խոսքերի իսկությունն այն մասին, որ վարչական շրջանի աշխատակիցներն են հատել ծառերը: Վերջիններս հրաժարվում են, որ տեղյակ են եղել այդ հատման մասին:

4.      Պարզելու, թե ինչու է չորացել դրանից 2-3 մետր հեռավորության վրա գտնվող եւս մեկ ծառ:

Կից ներկայացնում եմ ծառահատման վայրում արված լուսանկարները (առդիր 4 (չորս) էջ)»:

Տպել
Ամենաշատ