211652_close_icon
views-count3829 դիտում article-date 13:17 14-08-2020

Մանե Թանդիլյանի փոխարեն մանդատ կստանա Ստեփան Ստեփանյանը

ՀՀ ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատն օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է: Այս մասին տեղեկացրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում: 2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորական լիազորությունները: «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- նշել է Թանդիլյանը:

Նմանատիպ նյութեր