Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ արձակվեցին


17-ը օգոստոսի, 2018 թ․
17-ը օգոստոսի, 2018 թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամներ՝ «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին:

Դատավոր Մեսրոպ Մակյանն իր որոշման մեջ նշեց, որ խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Հակոբ Նազարյանի և Շաքե Իսայանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ։ Դատարանում պատգամավորները հայտարարեցին՝ հավաստիացնում են, որ մեղադրյալները պատշաճ վարքագիծ կդրսևորեն և չեն խոչընդոտի դատաքննության ընթացքը։

Մեղադրող դատախազները չառարկեցին, որ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեն կալանքից։ Դատարանում ներկաները ծափահարություններով ողջունեցին դատավորի որոշումը։

Ազատ արձակվելուց հետո Ավետիսյանն ու Խանդոյանն իրենց աջակիցների հետ ուղևորվեցին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու վարչապտ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին։ Մինչ այդ, «Ազատության» հետ զրույցում, կալանքից ազատ արձակված Վարուժան Ավետիսյանը հայտարարեց․ «Կուսակցություն եմ ձևավորելու և մասնակցելու եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։

«Ազատության» դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ կարելի է անարյուն հեղափոխություն անել, իսկ ինչու՞ իրենք չընտրեցին պայքարի խաղաղ ճանապարհը, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Այդ մասին կխոսենք, դա բարդ, երկարատև պայքարի էվոլյուցիայի այս փուլն էր ընդամենը: Դատարկ տեղը կատարված գործողություն չէր»:

«Սասնա ծռերի» կողմից 2 տարի առաջ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ժամանակ զոհվեցին երեք ոստիկան։ Զինված խմբի անդամներ՝ ներկայումս կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ։ Վարուժան Ավետիսյանն այս առնչությամբ «Ազատությանն» ասաց․ «Անշուշտ, ոչ միայն մենք, այլև ողջ ժողովուրդը ցավում է զոհերի համար, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ միայն մեկ զոհն է կապված մեր գործողության հետ, երկուսը՝ ոչ: Հուսով եմ՝ դատաքննության ընթացքում դա կբացահայտվի և ժողովուրդը կհասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ այդ երկու ոստիկանի մահվան հանգամանքների բացահայտումը նույքան կարևոր է մեր պետականության կայացման համար, որքան «մարտի 1»-ի բացահայտումը»:

Մինչ օրս կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի 25 անդամ։ Նրանցից երեքը՝ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, նաև խմբի առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանը գտնվում են կալանքի տակ։ Դատարանն ավելի վաղ մերժեց Մանուկյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը, հայտարարելով՝ Մանուկյանի վերջին ցուցմունքներից հետո ազատ արձակվելու դեպքում նա կարող է ազդել իր կողմից մատնացույց արված և գործով անցնող այլ անձանց վրա։

Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում հայտարարել էր, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը շեշտել էր՝ Գրիգորյանը պատահականորեն է կրակ բացել ՊՊԾ գնդի զինանոցի հարակից սենյակում գտնվող ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ։

Ըստ քրեական գործի, ոստիկանը մահացել է օգոստոսի 13-ին։ Պավլիկ Մանուկյանն այդ նիստին նաև հայտարարել էր, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ ներկայումս նույնպես ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։

«Ազատության» հարցին՝ ինչու՞ ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց 2 տարի անց Պավիկ Մանուկյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է տալ իրեն՝ Պավլիկ Մանուկյանին: Ես իր հետ չեմ քննարկել այդ հարցը»:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: «Սասնա ծռերը» չեն ընդունում մեղադրանքը, պնդում են, որ ապստամբություն են արել երրորդ նախագահի իշխանության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG