Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հրաման տրվեց 2008թ․ մարտի 1-ի դեպքերը քննող քննչական օպերատիվ խումբ կազմել. Մարտի 1-ի գործով ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, 2007-2013թթ․ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի ցուցմունքը, որը պաշտոնավարել է նաև 2008թ․ մարտի 1-ի դրությամբ։

2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործը, իմ հիշելով, հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, ապա տեղափոխվել և վարույթ է ընդունվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Նկատի ունենալով քրեական գործի քննության առանձնակի բարդությունը, ծավալը, որքան հիշում եմ՝ համատեղ հրաման տրվեց գլխավոր դատախազի, ԱԱԾ-ի, ոստիկանության ղեկավարների կողմից քննչական օպերատիվ խումբ կազմելու մասին, ապա իմ կողմից որոշում կայացվեց և կազմվեց քննչական խումբ, որում ընդգրկվեցին ինչպես Հատուկ քննչական ծառայության, այնպես էլ ԱԱԾ և ոստիկանության համապատասխան վարչությունների քննիչներ։

Քննչական խումբը երբեմն փոփոխվում կամ համալրվում էր այլ քննիչներով։ Քննչական խմբի ղեկավար նշանակվեց քննչական աշխատանքի երկարամյա փորձ և կազմակերպչական ձիրք ունեցող քննիչ Վահագն Հարությունյանը։ Բնականաբար, համաձայն ստացված տեղեկությունների և քննությամբ ձեռք բերված օպերատիվ և քննչական տվյալների՝ կազմվեց քննչական գործողությունների պլան, բացի դրանից՝ դրան զուգահեռ առանձին քննիչների կողմից կազմվում էին առանձին դրվագների համար քննչական գործողությունների պլաններ, միաժամանակ տրվում էին առանձին գրավոր հանձնարարություններ օպերատիվ ծառայություններին։ Ցանկացած դրվագ քննող քննիչը այդ մասին զեկուցում էր ինչպես քննչական խմբի ղեկավարին, այնպես էլ ինձ և դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին, և, վերջին հաշվով, վերջնական որոշում կայացնելու համար քրեական գործերը քննարկվում էին գլխավոր դատախազի մոտ։ Քննչական ծառայությունն աշխատում էր ահավոր ծանրաբեռնվածությամբ, միաժամանակ ծառայության քննիչների վարույթում քննվում էին նաև բազմաթիվ այլ քրեական գործեր՝ չկապված մարտիմեկյան դեպքերի հետ, և այդ գործերի ամբողջ ընթացքը գտնվում էր իմ հսկողության տակ։ Ինչպես Մարտի 1-ի գործով, այնպես էլ Քննչական ծառայության վարույթում քննվող մյուս քրեական գործերով առանձին հանձնարարություններ էի տալիս իմ տեղակալին, որը գործերի ուսումնասիրությունից հետո դրանց ընթացքը լուծելու վերաբերյալ եզրակացություններ էր տալիս, և այդ գործերը նույնպես քննարկվում էին դատավարական հսկողություն իրականացնող դատախազների հետ, և համապատասխան որոշումներ էին կայացվում (կարճման, կասեցման, ըստ ենթակայության ուղարկելու, նաև մեղադրական եզրակացությամբ դատարաններ ուղարկելու վերաբերյալ)։

Ես, ինչպես նաև իմ տեղակալը, ունեինք նաև քաղաքացիների ընդունելության օրեր։

Որքանով որ հիշում եմ՝ գլխավոր դատախազի հրամանով Մարտի 1-ի գործով ստեղծվել էր շտաբ։

Հարցաքննությանը մասնակցող փաստաբան Գագիկ Խաչիկյանի հորդորով, վկա Ա․ Միրզոյանը խնդրեց երկու րոպե ժամանակ խորհրդակցելու համար։ Հարցաքննությունը երկու րոպեով ընդմիջվեց, վկան և փաստաբանը դուրս եկան միջանցք, խորհրդակցեցին և վերադարձան, որից հետո հարցաքննությունը շարունակվեց։

Քննիչներն օրենքով իրենց տրված լիազորություններից օգտվել են լիիրավ, որևէ կաշկանդվածություն չի եղել։ Յուրաքանչյուր դրվագով նախաքննությունն ավարտելուց, և բավարար ապացույցներ հավաքելուց հետո տվյալ դրվագով մասն անջատվում էր և ուղարկվում էր դատարան։ Հիշում եմ նաև, որ ընթացքում հարուցվել և Մարտի 1-ի դեպքի վերաբերյալ քննվող մայր քրեական գործին են միացվել նաև մի քանի այլ գործեր, բայց թե ինչ գործեր էին՝ չեմ հիշում։ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մայր գործով վերջնական որոշում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում չի կայացվել։ Որքանով որ ես տեղյակ եմ՝ վերջնական որոշում չի կայացվել նաև ինձնից հետո ծառայությունը ղեկավարող պարոն Շահինյանի աշխատած ժամանակահատվածում, նույնիսկ նկատի ունենալով, որ չեն բացահայտվել շատ առանձին դրվագներ, մասնավորապես՝ 10 դրվագները։ Ցուցմունքս ավարտեցի, ավելացնելու ոչինչ չունեմ։

Հարց- Դուք նշեցիք, որ Դուք և Ձեր տեղակալը քաղաքացիների ընդունելության օրեր եք ունեցել։ Խնդրում եմ՝ հայտնեք Մարտի 1-ի դեպքերի հետ կապված քաղաքացիների ընդունելություն կատարե՞լ եք, թե՞ ոչ․ եթե այո, ապա ո՞ւմ եք ընդունել, և ընդունելությունների ժամանակ ի՞նչ տեղեկություններ եք ստացել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ։

Պատասխան- Ցանկության դեպքում էլ չեմ կարող հիշել, թե որ գործերով և ում եմ ընդունել։ Նույնիսկ մարդիկ են եկել աշխատանքի ընդունվելու կապակցությամբ։

Հարց- Ամեն դեպքում կարո՞ղ եք մտաբերել, թե կոնկրետ Մարտի 1-ի գործով առհասարակ որևէ մեկին ընդունե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Համոզված եմ, որ Մարտի 1-ի գործով որևէ մեկին չեմ ընդունել։ Ընդունելությունները կատարվել են այլ քրեական գործերով։ Կարծում եմ, եթե Մարտի 1-ի գործով ընդունելության խնդիր լիներ, ապա տվյալ դրվագը քննող քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը քաղաքացիներին կընդունեին։ Այնպես չէր, որ հերթ էին կանգնել, ես էլ ընդունում էի։ Կարող է օրվա մեջ 3 հոգի լինեին, կամ չլինեին։

Հարց- Կարելի՞ է եզրակացնել, որ եթե Մարտի 1-ի քրեական գործով քաղաքացիների ընդունելություն չեք կատարել, հետևաբար Ձեզ մոտ ընդունելության ցանկացողներ չեն եղել։

Պատասխան- Այո, այսինքն՝ բավարարվել են քննիչի կամ քննչական խմբի ղեկավարի կողմից կատարված ընդունելություններով։

Հարց- Հաշվի առնելով մարտիմեկյան դեպքերի հասարակական մեծ արձագանքն ու ներգրավված անձանց բազմաթիվությունը, ինչպե՞ս կարող է Ձեզ մոտ ընդունելություն հայցող քաղաքացիներ չլինեին այն պայմաններում, երբ այլ քրեական գործերով քաղաքացիների ընդունելություն կատարել եք։

Պատասխան- Նորից եմ կրկնում, որ եթե Մարտի 1-ի գործով եղել են նաև ընդունելություն հայցող քաղաքացիներ, ապա հաստատ քննիչի կամ քննչական խմբի ղեկավարի կողմից ընդունելության արժանացել են, իրենց հարցերի պատասխանը ստացել են, դրա համար էլ ինձ մոտ ընդունելություն չեն հայցել։ Քանի որ բոլոր քննիչները խիստ զբաղված էին Մարտի 1-ի գործով, դրա համար էլ մյուս գործերով ընդունելություն հայցող քաղաքացիներին ես ընդունել եմ։ Նաև օպերատիվ ու արագ ամեն ինչ կազմակերպելու համար Մարտի 1-ի գործով քաղաքացիներին ընդունել են քննիչները։ Առավել ևս, որ Մարտի 1-ի գործով, եթե քաղաքացին գալիս էր ընդունելության, ապա նրան հարցաքննելու անհրաժեշտություն էր լինում, դրա համար էլ քննիչն ընդունում էր և կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ավելին՝ թալանված խանութների տերերը հավաքվել-եկել էին, և կոնկրետ նրանց հետ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կար, ուստի քննիչն ընդունում էր և կատարում քննչական գործողություններ։ Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն էր առանձին քաղաքացիների ուղարկում Քննչական ծառայություն, և քննիչներն իրենք էին զբաղվում յուրաքանչյուր իրենց դրվագով, նրանց բարձրացրած հարցերով, դժգոհություններով։

Հարց- Դուք նշեցիք, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է շտաբ։ Առաջարկում եմ պարզաբանել՝ ի՞նչ շտաբի մասին է խոսքը, ինչպե՞ս է ստեղծվել, ինչի՞ համար, ո՞վ է ներառվել շտաբի կազմում, որտե՞ղ և ի՞նչ եղանակով է գործել, ի՞նչ նպատակների և խնդիրների իրականացման համար։

Պատասխան- Չեմ հիշում՝ շտաբը ստեղծվել է գրավոր հրամանով, թե ոչ, միայն հիշում եմ, որ շտաբի պետը Հակոբ Ղարախանյանն էր։ Շտաբի կազմում ներառված էին բացառապես դատախազներ, բայց թե ովքեր էին՝ չեմ հիշում։ Թե ինչի համար, ինչ նպատակների ու խնդիրների իրականացման համար էր ստեղծվել շտաբը, կոնկրետ որտեղ, ինչ գործունեություն էր ծավալում՝ չեմ կարող ասել։ Ենթադրում եմ, որ կազմակերպում էին քաղաքացիների ընդունելություններ, ընթացք էին տալիս ահազանգերին։

Հարց- Ինչպե՞ս է Ձեզ հայտնի դարձել շտաբի ստեղծման կամ առհասարակ դրա գոյության մասին։

Պատասխան- Նույն շենքում աշխատել ենք, լսել եմ, որ ինչ-որ շտաբ է ստեղծվել, տեսել եմ Ղարախանյան Հակոբին, որ ինչ-որ սենյակում ակտիվ աշխատանք է տարել այլ դատախազների հետ, բայց թե մյուսներն ովքեր էին, ինչ էին անում՝ չգիտեմ։ Այդ շտաբը երկար չի տևել, երևի մոտ 2 ամիս։

Հարց- Դուք Ձեր ցուցմունքում նշեցիք, որ Մարտի 1-ի քրեական գործով յուրաքանչյուր դրվագով, յուրաքանչյուր գործով վերջնական որոշում կայացնելուց առաջ քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Առաջարկում եմ հայտնել, թե որքան հաճախ է Մարտի 1-ի գործը քննարկվել գլխավոր դատախազի հետ, քննարկումների ընթացքում ինչ որոշումներ են կայացվել, ինչ հանձնարարություններ են տրվել և ովքեր են ներկա գտնվել քննարկումներին։

Պատասխան- Եթե Մարտի 1-ի գործով գլխավոր դատախազի մոտ քննարկումներ լինում էին, ապա դրանց մասնակցում էին տվյալ դրվագը քննող քննիչը, քննչական խմբի ղեկավարը՝ տվյալ դրվագով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, երբեմն նաև ես։ Այնպես չէ, որ ես մշտապես ներկա եմ գտնվել քննարկումներին։ Քննարկումների նպատակը, ընդհանուր առմամբ, կարծիք իմանալն էր։ Հանձնարարություններ, որպես այդպիսին, քննարկումների ընթացքում գլխավոր դատախազի կողմից չեն տրվել, իսկ կոնկրետ հանձնարարությունները գործով տրվել են գրավոր։ Քննարկումների հաճախականությունը չեմ կարող հիշել, բայց դրանք եղել են՝ անհրաժեշտությունից ելնելով, երբեմն՝ մեր նախաձեռնությամբ, երբեմն՝ դատախազության։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե որպես նախաքննական մարմնի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, օրենքով սահմանված ի՞նչ լիազորություններ եք ունեցել։

Պատասխան- Իմ լիազորությունները սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։

Հարց- 2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ թիվ 62202608 քրեական գործով Ձեր կողմից 2008թ․ մարտի 2-ին կայացվել է քննչական խումբ կազմելու մասին որոշում։ Հետագայում Ձեր կողմից կայացվել են քննչական խումբը համալրելու մասին մի շարք որոշումներ, որոնց համաձայն՝ համալրվել է 2008թ․ մարտի 2-ի հիշյալ որոշմամբ կազմված քննչական խումբը։ Հիշյալ որոշման եզրափակիչ մասում նշված է․ «Թիվ 62202608 քրեական գործով կազմել քննչական-օպերատիվ խումբ․․․»։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Դուք լիազորված եք եղել նախաքննության կատարումը հանձնարարել Ձեր ենթակա մի քանի քննիչների։ Ասացեք՝ նորմատիվ-իրավական ո՞ր ակտով եք ղեկավարվել քրեական գործով քննչական-օպերատիվ խումբ կազմելու մասին որոշում կայացնելիս։ Արդյո՞ք նման լիազորություն Ձեզ վերապահված է եղել։

Պատասխան- Կոնկրետ իրավական ակտը չեմ հիշում, բայց, ամենայն հավանականությամբ, քննչական-օպերատիվ խումբ կազմելու որոշումը բխել է իմ ցուցմունքում նշած համատեղ հրամանից։ Եթե որոշումը տրամադրվի ինձ, ես ծանոթանամ, գուցե որևէ բան վերհիշեմ և ավելի մանրամասն պատասխանեմ Ձեր հարցին։ Ավելացնելու ոչինչ չունեմ։

Հարց- Դուք նշեցիք, որ Ձեր լիազորությունները սահմանված են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։ Նույն օրենսգրքով բացարձակապես լիազորություն տրված չէ քննչական մարմնի պետին՝ կազմելու քննչական օպերատիվ խումբ, նույնիսկ որևէ մեկի կողմից հրամանի առկայության պայմաններում։ Դուք նման լիազորությամբ օժտված եղե՞լ եք, թե՞ ոչ, և ինչո՞ւ եք նման որոշում կայացնում։

Պատասխան- Ես այլ պատասխան չունեմ։ Ամեն դեպքում նշեմ, որ նման որոշում կայացվել է գործն առավել էֆեկտիվ քննելու և բացահայտելու նպատակով։

Հարց- Նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին հիշյալ որոշման մեջ, ըստ էության, նշվել են նույն գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններն ու դրանց կոնկրետ պաշտոնատար անձինք, իսկ որոշումը, օրենքով սահմանված կարգով, ծանոթացման է ներկայացվում դատավարության մասնակիցներին։ Հաշվի առնելով, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրենցից ներկայացնում են անլուր գործողություններ, ինչո՞վ կբացատրեք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող անձանց և նրանց կողմից իրականացվող միջոցառումները ենթադրաբար բացահայտելը։ Քննչական խումբ կազմելու մասին վերոնշյալ որոշման պատճենը ներկայացնում եմ Ձեզ ծանոթացման։

Պատասխան- Նշված հարցին պատասխանելու համար ինձ անհրաժեշտ է հիշյալ որոշումը մանրամասն ուսումնասիրել, վերհիշել, որից հետո լրացուցիչ ցուցմունք կտամ և կտամ պատասխան այդ հարցին։

Հարց-ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով կամ որևէ նորմատիվ-իրավական ակտով նախաքննության մարմնի ղեկավարին, մասնավորապես Ձեզ՝ որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, լիազորություն վերապահված եղե՞լ է արդյոք այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված տալ քննչական հանձնարարություն, եթե այո, ապա առաջարկում եմ մատնանշել այդ կապակցությամբ Ձեզ հայտնի իրավական դրույթը։

Պատասխան- Իմ լիազորությունները նախատեսված են Քրեական դատավարության օրենսգրքով, իսկ կոնկրետ հարցին կկարողանամ պատասխանել քննչական հանձնարարությանը ծանոթանալուց հետո։

Հարց- Նախաքննական մարմնի ղեկավարն իրավասություն ունի՞ արդյոք դատախազին տալ քննչական հանձնարարություն, թե՞ ոչ, եթե այո, ապա նշված իրավասությունը նորմատիվ ո՞ր ակտով է սահմանված։

Պատասխան- Կրկնում եմ՝ այդ հարցին պատասխանել չեմ կարող, մինչև չծանոթանամ հանձնարարությանը։

Հարց- ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է․ «Այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին»։ Ինչպես երևում է նշված իրավադրույթից, քննչական հանձնարարություն տալու իրավասությունը վերապահված է բացառապես քննիչին։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով նախաքննական մարմնի ղեկավարին ընդհանրապես իրավասություն վերապահված չէ այլ վայրում գտնվող քննիչին քննչական գործողություններ կատարելու մասին հանձնարարություն տալ, առավել ևս՝ նախաքննական մարմնի ղեկավարն ընդհանրապես իրավասություն չունի դատախազին տալ քննչական գործողություններ կատարելու հանձնարարություն։ Մինչդեռ Դուք, 2008թ․ հանդիսանալով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը, նույն ծառայության քննիչի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով մի խումբ դատախազների, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի դատախազներին տվել եք քննչական հանձնարարություն՝ ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով նման կարգի գրություններ են գրվել, որպեսզի տեղերում դատախազներն իրենք հանձնարարեն։ Նպատակը եղել է մեկը՝ հանցագործության բացահայտումը։

Հարց- Ձեզ հայտնի՞ է արդյոք 2008թ․ գործող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով․ եթե այո, ապա պարզաբանեք, թե ինչով կբացատրեք այն հանգամանքը, որ Դուք կատարել եք գործողություններ, մասնավորապես՝ ՀՀ տարածքում գտնվող մի խումբ դատախազների ուղարկել եք «քննչական հանձնարարություն» վերտառությամբ փաստաթուղթ, որով, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով, խնդրել եք նրանց՝ հանձնարարել կատարելու քննչական կոնկրետ գործողություններ և ձեռնարկելու օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ պարզելու կոնկրետ հանգամանքներ, որը կատարելու Սահմանադրությամբ և որևէ օրենքով իրավասու չեք եղել։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ վաստակավոր իրավաբան եմ, և այն հարցի պատասխանը, թե Սահմանադրության որևէ դրույթ ինձ հայտնի՞ է, թե՞ ոչ, արդեն այդքանով տրված է։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ նման հանձնարարություն գրել, այդ հարցին չեմ կարող պատասխանել, մինչև հանձնարարություններին չծանոթանամ։

Հարց- Ձեզ ծանոթացման համար ներկայացնում եմ Ձեր կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի դատախազներին տրված քննչական հանձնարարությունների պատճենները։ Խնդրում եմ ծանոթացեք դրանց և հայտնեք՝ նման հանձնարարություն գրելու լիազորություն, ի վերջո, ունեցե՞լ եք, թե՞ ոչ․ եթե այո, ապա ո՞ր իրավական ակտով եք լիազորված եղել, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ եք նման քննչական հանձնարարություն ուղարկել դատախազներին։

Պատասխան- Ծանոթացա քննչական հանձնարարությունների պատճեններին։ Դրանց հետ կապված բոլոր հարցերին նույնպես կկարողանամ պատասխանել միայն հանձնարարություններն ուսումնասիրելուց և հանգամանքները վերհիշելուց հետո, որի վերաբերյալ կտամ լրացուցիչ ցուցմունք։

Հարց- Թիվ 62202608 քրեական գործի նախաքննության ընթացքում երբևէ ուսումնասիրե՞լ եք քրեական գործի նյութերը, քննիչի կողմից Ձեզ զեկուցվե՞լ է քրեական գործի նախաքննությամբ պարզման ենթակա հանգամանքները, այդ հանգամանքների պարզման ուղղությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքները․ եթե այո, ապա դրանց կապակցությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով երբևէ ցուցում տվե՞լ եք քննիչին, թե՞ ոչ։

Պատասխան- Ֆիզիկապես հնարավոր չէր ամբողջ գործի նյութերն անձամբ ուսումնասիրել, բայց առանձին փաստաթղթերի ծանոթացել եմ հաստատ։ Ըստ անհրաժեշտության՝ քննիչի կողմից ինձ զեկուցվել են գործի հանգամանքները, որոշ առանձին դրվագներ, կատարված որոշ գործողություններն ու արդյունքները, բայց չեմ հիշում՝ ցուցումներ տվե՞լ եմ, թե՞ ոչ։

Հարց- Թիվ 62202608 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ գործի քննության հետ կապված հանդիպումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, գործը կամ գործի որոշ հանգամանքներ Ձեր կողմից ՀՀ նախագահներին զեկուցվե՞լ են, թե՞ ոչ․ նրանց կողմից անձամբ կամ միջնորդավորված ցուցումներ, հանձնարարություններ ստացե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Կոնկրետ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի հետ կապված ո՛չ Ռ․ Քոչարյանի, ո՛չ Ս․ Սարգսյանի հետ հանդիպումներ չեմ ունեցել, քրեական գործը կամ առանձին դրվագներ նրանց չեմ զեկուցել, նրանցից անձամբ կամ միջնորդավորված ցուցումներ, հանձնարարություններ չեմ ստացել։ Բայց երևի 2 կամ 3 անգամ մասնակցել եմ գործի ընթացքի և արդյունքների հետ կապված խորհրդակցություններին, որոնք բոլորն էլ լրատվամիջոցներով հրապարակվել են։ Դրանց մասնակցել են բազմաթիվ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և ղեկավար անձինք։ Այլ խորհրդակցություններ կամ քննարկումներ խորհրդապահական կարգով չեն եղել։ Հրավիրված խորհրդակցությունների ժամանակ էլ եղել են ընդհանուր հանձնարարականներ՝ վկաներին հայտնաբերել, ակտիվացնել գործողությունները և այլն։ Կոնկրետ այս կամ այն ուղղությամբ քննությունը տանելու, այսպես կամ այնպես արարքները որակելու և այլ նմանատիպ հանձնարարականներ չեն եղել։

Հարց- Թիվ 62202608 քրեական գործի նախաքննության ընթացքում Ձեզ հայտնի՞ են եղել քննության ընթացքում ստացված այն տեղեկությունները, որ 2008թ․ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններում ներգրավվել են նաև ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները։ Եթե այո, ապա հայտնեք, թե կոնկրետ ի՞նչ հանգամանքներ են Ձեզ հայտնի եղել։

Պատասխան- Ինձ նման տեղեկություններ ո՛չ իմ օրոք գործի քննության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո հայտնի չեն եղել։ Միայն վերջին բացահայտումների վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեղեկություններից եմ լսել, որ Զինված ուժերը ներքաշվել են մարտիմեկյան դեպքերին։ Դրանից առաջ նման տեղեկություն չեմ ունեցել։ Հիշում եմ միայն, որ տեսագրություններով պաշտպանության նախարարության մեքենաներ էին երևում, և այդ ուղղությամբ որքանով հիշում եմ՝ քննություն կատարվեց, և հերքվեց զորքերի ներգրավվածությունը, այլ մեքենաներն օգնության կարգով տրվել էին ոստիկանության ներքին զորքերին։

Հարց- Թիվ 62202608 քրեական գործի նախաքննության ընթացքում Ձեզ հայտնի եղե՞լ է արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 2008թ․ փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի առկայության հանգամանքը, թե՞ ոչ․ եթե այո, ապա ե՞րբ, որտեղի՞ց է հայտնի դարձել այն։

Պատասխան- Ոչ, նման հրաման ինձ հայտնի չի եղել։ Թիվ 0038 հրամանի մասին առաջին անգամ լսել եմ վերջերս լրատվամիջոցներից տարածված լուրերից։

Փաստաբանի հորդորով, վկան 2 րոպե ժամանակ խնդրեց խորհրդակցելու համար, դուրս եկան միջանցք, վերադարձան 2 րոպե անց, հարցաքննությունը շարունակվեց, և վկան հայտնեց․ «Եթե նույնիսկ ես այդ հրամանի վերաբերյալ նախկինում տեղեկություն ստացել եմ, ապա հաստատ դա եղել է շատ թռուցիկ, և իմ մեջ չի տպավորվել»։

Հարց- Ձեզ հայտնի՞ է եղել արդյոք, որ պետական գաղտնիք համարվող թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի քաղվածքը հրապարակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները դատապարտվել են։ Եթե այո, ապա այդ մասին Ձեզ ումի՞ց, ե՞րբ և կոնկրետ ի՞նչ հանգամանքներ են հայտնի դարձել։

Պատասխան- Ոչ, այդ մասին լսում եմ առաջին անգամ։

Հարց- Թիվ 0038 գաղտնի հրամանի հրապարակման համար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին տեղեկատվությունը տվյալ ժամանակաշրջանում տարածվել է լրատվամիջոցներով, ինչպես նաև հաճախակի շրջանառվող լուրեր են եղել։ Բացի դրանից՝ այդ հանգամանքը կարևոր նշանակություն է ունեցել 2008թ․ Մարտի 1-ի քրեական գործի համար։ Դուք, լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, որտեղ քննվել է նշված քրեական գործը, ինչպե՞ս կարող էիք տեղեկություն ստացած չլինել թիվ 0038 հրամանի և դրա հրապարակման համար անձանց դատապարտման վերաբերյալ։

Պատասխան- Նորից եմ կրկնում, ես այդ հանգամանքի մասին լսում եմ առաջին անգամ։

Հարց- Ըստ գործում առկա տվյալների՝ Դուք հանրային հեռուստաընկերությունից 03․03․08 թ․ պահանջել և նույն օրն էլ ստացել եք 7 լազերային սկավառակ՝ «Ռոյթերս» գործակալության նկարահանած տեսանյութերի պարունակությամբ։ Խնդրում եմ հայտնեք՝ ի՞նչ տեսանյութեր են եղել դրանք, ի՞նչ տեղեկություններ են պարունակել։

Պատասխան- Անցել է ավելի քան 10 տարի ժամանակ, և ես այդ մասին ոչինչ չեմ հիշում։

Հարց- Ըստ նույն «Ռոյթերս» գործակալության տրամադրած և «Կորսված գարուն» ֆիլմում զետեղված տեսագրության՝ գիշերային ժամի հետևակի մարտական մեքենաների շարասյուն է ճանապարհվել Երևան։ Գործով կատարված քննությամբ պարզվել է, որ նշված մեքենաները 01․03․2008թ․ բերվել են Վանաձորի «ԴՈՒՑ» կոչվող զորամասից, տեղակայվել են մայրաքաղաքի մատույցներում, այնուհետև՝ մայրաքաղաքում։ Առաջարկում եմ հայտնել, թե ինչ տեղեկություն ունեք այդ մասին, ստացված սկավառակներում նման տեսագրություն եղե՞լ է, թե՞ ոչ, այդ ուղղությամբ քննություն կատարվե՞լ է, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ։

Պատասխան- Նման տեղեկություններ չեմ ունեցել, չեմ հիշում՝ այդ ուղղությամբ քննություն կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Հարց- Հնարավո՞ր է նման կարևոր հանգամանքի ուղղությամբ քննություն կատարվեր և Դուք չիմանայիք այդ մասին։

Պատասխան- Նորից եմ կրկնում՝ չեմ հիշում, և հնարավոր է՝ այդ մասին չիմանայի։

Հարց- Գործով անցնող անձանց հարցաքննություններին ներկա գտնվե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Նույնիսկ 1 նման դեպք չեմ հիշում։

Հարց- Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դուք, բռնություն գործադրելով գործով անցնող անձի վրա, հարկադրել եք ցուցմունք տալ Ձեր ցանկացած բովանդակությամբ։ Այնուհետև մերժում ստանալուց հետո հրավիրվել է դատախազ, որը Ձեզ հետ միասին նույնպես զրուցել է հարցաքննության կանչված անձի հետ, սակայն կրկին մերժում է ստացել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Այդ ամենը սուտ է։ Ես ինչպե՞ս ինձ թույլ կտայի նման բան անել։ Կրկնում եմ, ես որևէ մեկին չեմ ծեծել, չեմ հարկադրել որևէ ցուցմունք տալ։ Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս մարդ ծեծել։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում